Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են. Արկադի Թամազյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2024 10:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Զրուցել ենք Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Թամազյանի հետ: Արդյո՞ք Հայաստանում անկախ ՏԻՄ համակարգ կա:

– Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: Տեսնում ենք, թե ինչպես են հերթականությամբ, հետեւողական, նույն ձեռագրով աշխատում այն բոլոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են: Ալավերդու օրինակը բացառիկ էր, որովհետեւ աննախադեպ մեծ էր ուժային կառույցների դերակատարումը, ոստիկանական համակարգն ամբողջությամբ օգտագործեցին եւ կարողացան բռնազավթել Ալավերդի համայնքը: Ասեմ ավելին` այդ դեպքից հետո Ալավերդի համայնքն ամբողջապես պարալիզացվել է, եւ համայնքը զարգացնելուն ուղղված որեւէ աշխատանք չի տարվում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի կապ չունի համայնքների զարգացման հետ, եւ չենք կարող անվանել ՏԻՄ ինքնուրույն մարմին: Հայաստանում, որպես այդպիսին, չկա նման անկախ համակարգ: ՏԻՄ՝ նշանակում է տեղական ինքնակառավարման մարմին, այսինքն` ինքնուրույն մարմին: Ինչո՞ւ է կոչվում ինքնակառավարվող մարմին, եթե այն պետք է կառավարության հետ սինխրոն աշխատի: Համայնքը պետք է զարգանա, ինչի արդյունքում բնակիչները պետք է ընտրեն ավագանու ղեկավար, իսկ ղեկավարը պետք է աշխատի ինքնուրույն` ժողովրդի համար, առանց կախվածության եւ կաշկանդվածության: Բայց այսօր որեւիցե անկախ տեղական ինքնակառավարման մարմին գոյություն չունի, այսինքն` պետական ապարատն այսօր լծված է ՏԻՄ համակարգը քանդելու գործին: Ջրհեղեղից հետո ասում են՝ քաղաքային իշխանության ձեռքին շատ բան չկա, իսկ ո՞վ ասաց, որ չկա: ՏԻՄ-ն ունի շատ մեծ լիազորություններ, եթե ինքնուրույն լինի: Ունի համայնքային բյուջե, այն կարող է կառավարել, սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել, ֆինանսներ միացնել, այլ պետական եւ ոչ պետական միջոցներ ներառել, արդյունքում մի շարք խնդիրներ լուծել: Մեր կառավարման մեկ տարվա ընթացքում այլ միջոցների, ինչպես նաեւ սուբվենցիոն միջոցների հաշվին կարողացել ենք համայնքը զարգացնել, բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել, ծրագրեր իրականացրել: Այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արվում ՔՊ-ական իշխանության կողմից` ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլեւ մնացյալ բնակավայրերում: Ասեմ ավելին` նախորդ տարի լրացուցիչ բյուջե են տրամադրել համայնքներին, այսինքն` այն բյուջեն, որ համայնքն ուներ, նաեւ ավելացվեց, բայց անգամ այդ դեպքում ոչինչ չի արվում: Այս իշխանությունն իշխանազավթում անում է ոչ թե համայնքների զարգացման համար, այլ` պետական ապարատն իր ձեռքում պահելու, վարչական լծակներ օգտագործելու համար: Շուտով ընտրություններ են՝ գուցե 2025 թվականին ինչ-ինչ աշխատանքներ անելու, ընտրություններից առաջ բնակչությանն ինչ-որ բան ցույց տալու համար:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930