Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսանկարում էի Շուշիում․ գոնե այդ ձևով մի մասնիկ փրկվել է Շուշիից»․ Վլադիմիր Գևորգյան

Նոյեմբեր 10,2024 23:25

«Ես ապրում էի Շուշիում։ Տարիների ընթացքում լուսանկարներիս արխիվից է ներկայացված։ Փառք Աստծո, փրկվել է։ Տարբեր ժամանակների, տարբեր եղանակների նկարներ են։ Ինձ թվում է՝ ամեն մեկն իր կարոտը կգա, կառնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց շուշեցի լուսանկարիչ, ռեժիսոր  Վլադիմիր Գևորգյանը։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի համագործակցությամբ, նոյեմբերի 10-12-ը ՀԲԸՄ ցուցասրահում (Մելիք Ադամյան 2/2) ներկայացված են լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի «Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի» լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրված են Արցախի Շուշի քաղաքի մասին պատմող 45 լուսանկարներ։

Հարցին՝ հե՞շտ էր լավ լուսանկարներ ստանալը Շուշիում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Միանշանակ, քանի որ բարձունքում էր քաղաքը, լույսը յուրահատուկ ձևով էր աշխատում, բացի դրանից մառախուղ էր շատ լինում՝ ցածր մառախուղ, որը Շուշիին շատ բնորոշ է։ Ինձ համար մուսա էր քաղաքը, ամեն մեկը մի ձևով էր վայելում քաղաքը․ մեկն իր մտքերի մեջ, ես որոշել էի լուսանկարներ անել։ Գոնե այդ ձևով մի մասնիկ փրկվել է Շուշիից»։

Հետաքրքրվեցինք՝ վերջին լուսանկարը Շուշիում ե՞րբ է արել, Վլադիմիր Գևորգյանը պատասխանեց․ «Շուշիի ճանապարհին եմ արել։ Առաջին շրջափակումը, որը տևեց մի քանի ժամ, այդ ժամանակ ես Արցախ էի գնում Երևանից։ Հիմնական բլոկադան այդ լուսանկարն անելուց մեկ ամիս հետո սկսվեց։ Գնացի, մեկ շաբաթ մամայի մոտ մնաց, հետ եկա ու ճանապարհին նկարեցի։ 2022 թվականն էր»։

Խոսելով ցուցահանդեսի՝ «Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի» խորագրի մասին, լուսանկարիչն ասաց․ «Երկու իմաստ ունի․ Արցախի բոլոր շրջաններից, երբ գալիս էին Շուշի, չէին ասում՝ գնանք, ասում էին բարձրանանք Շուշի։ Քաղաքը նաև հոգևոր, մշակութային էր, և բարձրանանք նաև հոգևոր տեսանկյունից։ Այդ նուրբ երանգը կա․ միայն ֆիզիկապես բարձրանալու մասին չէ խոսքը։ Մի անգամ նույն խորագրով ցուցահանդես արել էինք, որոշեցինք՝ այս մեկն էլ նույնը մնա․ խորհրդանշական դարձավ։ Եթե Աստծո կամքով էլի լինի ցուցահանդես, գուցե էլի նույնը թողնենք, մինչև մի օր էլի բարձրանանք Շուշի»։

Վլադիմիր Գևորգյանն ի պատասխան մեր հարցի ասաց, որ այս պահին չի լուսանկարում․ ներքին դադար է․ «Ներսից պետք է լինի այդ պահանջը։ Մուսայի բացակայություն ասեմ, թե ուղղակի կենտրոնացման․․․բայց մի օր կսկսեմ»։

 

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ Վլադիմիր Գևորգյանը, ապրելով Շուշիում անընդհատ լուսանկարել է Շուշիի բոլոր անկյունները, Շուշիի հոգևոր, մշակութային դիմագիծը՝ լեռները, բնությունը, մարդկանց․ «Միակ լուսանկարիչն է, որն ամբողջությամբ լուսանկարել է Շուշին։ Արցախում իրեն անվանում էին Շուշիի լուսանկարիչ Վլադիմիր։ Մենք փորձեցինք նոյեմբերի 9-10-ին՝ հայ ժողովրդի համար դաժան այս օրերին կյանքի կոչել այս ցուցահանդեսը։ Խորհրդանշական կերպով ընտրել ենք «Բարձրանանք Շուշի»-ն խորագիրը։ Նոյեմբերի 9,10-ը չնայած մեր պատմության մեջ անկումային օրեր էին, բայց այս ցուցահանդեսով փորձում ենք ցույց տալ, որ չպետք է այդ օրերը վերածել սգի օրերի, այլ պահանջատիրության և համազգային պահանջի վերանորոգման օրվա։ Եվ հոգով, մտքով շարունակել բարձրանալ դեպի Արցախ, հասնել Շուշիի բարձունքը։ Պայքարի ու բարձրանալու գաղափարն ենք փորձել ցույց տալ այս ցուցահանդեսով։ Միաժամանակ հավերժ քաղաքի գաղափարն ենք փորձել փոխանցել։ Շուշին մեզ համար մի քաղաք է, որը հավերժ է իր լույսով, ջերմությամբ, գույներով, անգամ իր մառախուղով ու մեգով, որի մեջ կա խորունկ աստվածային լույս ու խորություն»։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի խորհրդի անդամ, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը, որի երկու որդիները զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց․ «Այս ցուցահանդեսը մշակութային ու քաղաքական շառաչուն ապտակ է նրան ու բոլոր նրանց, որոնք Շուշին սկսել էին համարել որպես դժգույն ու դժբախտ քաղաք։ Սա շառաչուն ապտակ է բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց անտարբեր հայացքի առաջ տեղի ունեցավ մեծ ողբերգությունը՝ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը։ Այն Արցախի, որտեղ բազում դարեր շարունակ ապրում ու ստեղծագործում է հայ ժողովուրդն իր հայրենի երկրում՝ առավել ևս Շուշիում։ Եվ նաև այս ցուցահանդեսը մի կարևոր հիշեցում է վաղը Բաքվում սկիզբ առնող COP29 միջազգային համաժողովի մասնակիցներին, հասկացնել տալու նրանց, որ գտնվում են մի երկրում, որը ոչ միայն զուտ բռնապետական, այլև զավթիչ, ագրեսոր և ցեղասպանություն իրականացրած երկիր է։ Նրանք պետք է իրենց կարծիքը հայտնեն․ ոչ բոլորը, բայց կարծիք հայտնողներ անպայման կլինեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930