Լրահոս
Օրվա լրահոսը

Վատնվող խմելու ջրի մասին

Նոյեմբեր 10,2024 21:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրային վայրերում անցորդներին խմելու ջուր առաջարկելն ընդունված է աշխարհի շատ երկրներում․ տարբեր քաղաքներում կան հատուկ ծորակներ, որտեղից կարելի է անվճար ջուր խմել և անգամ ընտանի կենդանիներին էլ ջուր տալ։ Դա նաև Աստվածահաճո գործ է․ օրինակ՝ Իրանում հավատացյալները երբեմն իրենց տան կամ խանութի դիմաց հատուկ տակառներ են դնում և ցանկացողներին անվճար ջուր են առաջարկում։

Հայաստանը յուրահատուկ է իր ցայտաղբյուրներով (պուլպուլակ)․ դրանք առատ են բոլոր համայնքներում և հատկապես Երևանում։ Ցայտաղբյուրները մանուկների, դպրոցականների, տատիկ-պապիկների և, մի խոսքով, բոլոր անցորդների սիրելի վայրերից են․ մեր քաղաքի հյուրերը ևս շատ են սիրում այդ սառնորակ և անվճար ցայտաղբյուրները, իսկ Հանրապետության հրապարակի վարդանման աղբյուրն արդեն աշխարհին է հայտնի և մեր այցեքարտերից է։

Խնդիրը վատնվող ջրի մասին է․ Հայաստանի ցայտաղբյուրների բացարձակ մեծամասնությունը փական չունեն, և ջուրը հոսում է գիշեր-ցերեկ։ Այդ վատնվող ջրի գումարի մեծ մասը վճարում է ՀՀ կառավարությունը, իսկ հուշաղբյուրի սպառած ջրի գումարը հաշվիչի առկայության դեպքում վճարում է տեղադրողը (հիմնականում մահացածի կամ զոհվածի հարազատները)։ Գործնականում անհնար է նաև հոսող ջրի ճնշումը պակասեցնել՝ գիշերային ժամերին կամ ցուրտ ժամանակ անջատել, քանի որ գլխավոր փականը գտնվում է շենքի բակում, հասանելի է բոլորին և անգամ ցանկացած երեխա մտնում է ջրբաժան հորանը և պուլպուլակի հոսքն ուժեղացնում է՝ երևի նաև խաղի նպատակով։

Եթե հուշաղբյուրը գոնե խնամող ունի և մահացածի հարազատները տիրություն են անում, ապա նույնը չի կարելի ասել ցայտաղբյուրների մասին, որոնց պատկանելության իրավիճակը ևս վիճելի է։ Պարզ չէ, թե ցայտաղբյուրն ո՞ւմ տիրույթում է․ շենքի կառավարման մարմնի՞, քաղաքապետարանի, թե՞ Վեոլիա ջրի։ Հայաստանում կա 5177 ելքով 4791 ցայտաղբյուր և, համաձայն  Երևանի քաղաքապետարանի պատրաստած ցուցակի, դրանցից 2507-ը գտնվում է մայրաքաղաքում։

Համաձայն Eco.am-ի ուսումնասիրության, յուրաքանչյուր ցայտաղբյուր օրական սպառում է մոտ չորս խորանարդ մետր ջուր, այսինքն միայն Երևանի ցայտաղբյուրներն օրական օգտագործում են 10,000 խորանարդ մետր ջուր, գումարային արտահայտությամբ օրական երկու միլիոն դրամ։ Արաբկիր վարչական շրջանում առկա է 354 ցայտաղբյուր, հուշաղբյուր և շատրվան, որոնք հիմնականում հոսում են գիշեր-ցերեկ։

Երևանի քաղաքապետարանն օրերս հանձնարարել է  շենքերի կառավարման մարմիններին (համատիրություն և այլն), որպեսզի ցայտաղբյուրների վրա փական դնեն։ Գովելի նախաձեռնություն է, բայց, կարծում եմ, իրագործումը դժվար է տեխնիկական և ֆինանսական իմաստով․ նվազագույն հաշվարկով յուրաքանչյուր փականի գնման և տեղադրման համար անհրաժեշտ է 4000-5000 դրամ, որը մի շարք համատիրություններ կդժվարանան վճարել, հատկապես որ ցայտաղբյուրների սպասարկման համար չկա օրենսդրական կարգավորում։ Իմ կարծիքով՝ ավելի խելացի տարբերակ կլինի, եթե համայնքների ղեկավար մարմիններն իրենք հանձն առնեն այս կարևոր աշխատանքը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930