Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Նրանց հոբելյաններին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կայանում: Նոյեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք «Ազնավուր» համերգ-ներկայացումը նվիրված է Շառլ Ազնավուրի հոբելյանին:
Համերգ-ներկայացման գաղափարի եւ սցենարի հեղինակ, դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ Ազնավուրն իր համար խոսելու, երգելու, պատմելու, առաջնորդվելու վառ կերպար է, իրենք Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքի վերելքները, վայրէջքները, հուսալքություններն ու հաջողությունները ներկայացնում են երաժշտական ու բեմադրական հետաքրքիր լուծումներով: Համերգ-ներկայացման մեջ ներգրավված են նաեւ Նարեկ Բաղդասարյանը, Ստեփան Ղամբարյանը եւ բնականաբար՝ Գարի Քյոսայանի ջազ քառյակը: Բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է:
Կարդացեք նաև
Ալլա Սահակյանը նշեց, որ նախագծի վրա աշխատելիս հիմնականում օգտվել է «Ազնավուրը Ազնավուրի մասին», «20-րդ դար» գրքերից, որոնցում հետաքրքիր տեղեկություններ կան: Աիդա Ազնավուրի «Ափարիկս» գիրքը եւս ուշագրավ տեղեկությունների աղբյուր է եղել;
«Կարծում եմ՝ մեր համերգ-ներկայացումը նվիրված Ազնավուրի ծննդյան 100-ամյակին, շատ անհրաժեշտ նրա արվեստի սիրահարներին: Մեկ ու կես ժամվա ընթացքում Ազնավուր ամբողջ կյանքը աչքի առաջ է գալիս պատմություններով, երգերով, իր կյանքի հետաքրքիր կտորներով՝ կապված Էդիթ Պիաֆի, իր հաջողությունների եւ անհաջողությունների հետ, սկզբից մինչեւ «Օլիմպիայի» հաղթանակը եւ փառքի գագաթնակետը: Մեր ջազ քառյակը բեմում նվագակցում է երգիչներին, որոնք այնքա՜ն գեղեցիկ են երգում Ազնավուրի երգերը»,- Aravot.am-ին ասաց ճանաչված ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը:
Նրա ձեւակերպմամբ, հանճարներին ճանաչելը մեծ ուժ է տալիս, ուստի Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշել է յուրօրինակ ձեւով իր հարգանքի տուրքը մատուցել շանսոնյեին: Քյոսայանն ի թիվս այլնի, անդրադարձավ Ազնավուրի ջազային ստեղծագործություններին, «Ջազնավուր» ալբոմին: Ընդգծեց, որ Ազնավուրն իր համար առանձնահատուկ թանկ անուն է, նաեւ հիշեց, թե ինչպես էր 2005 թ իր ներկայությամբ Ազնավուրը պատվել իր համերգը:
Երաժիշտը վստահեցրեց, որ սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվում են ջազային լուծումներով գործիքային եւ վոկալ մեկնաբանությամբ` համեմված դերասանական հետաքրքիր խաղով` դիալոգներով ու պատումներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ալլա Սահակյանը