Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները՝ նոր հարթակ երիտասարդների համար

Նոյեմբեր 10,2024 18:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-7-ը Երևանում անցկացվել են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները, որոնց շրջանակում՝ միջազգային գիտաժողով, ներկայացումներ, թատերական ընթերցումներ, թատերկի հայերեն հրատարակության շնորհանդեսը։

6-րդ թատերական հանդիպումները՝ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրի ներքո էին՝ նվիրված ռումինացի ֆրանսագիր թատերագրին։ Վեց տարի շարունակ այս նախագիծը ֆրանսագիր թատերգուների երկերի միջոցով հետամուտ է Հայաստանում ժամանակակից ֆրանսագիր թատերարվեստի տարածմանը:

«Ժամանակատարածական եւ հասարակական դրսևորումները Էժեն Իոնեսկոյի արվեստի և փիլիսոփայության մեջ»  խորագրով միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես եկան հայաստանյան բուհերի, Ռումիներենի ինստիտուտի, Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետի, Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի գրականագետներ, թատերագետներ, լեզվաբաններ։

Հավելենք, որ նախագիծն իրականություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF), Հայաստանում Ռումինիայի դեսպանության, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի եւ «Անկյունաքար» հրատարակչության աջակցությամբ: Ի դեպ, միջոցառման առիթով Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպը։

«Ամփոփելով Հայաստանում 6-րդ ֆրանկոֆոն թատերական հանդիպումները՝ մեծ ուրախությամբ նշում եմ, որ հաջորդ տարի եւս այն կայանալու է, արդեն նվիրված կլինի ռումինացի արմատներով ֆրանսագիր ճանաչված հեղինակ Մատեի Վիշնեկին: 7-րդ թատերական հանդիպումներին կթարգմանվեն և կհրատարակվեն նրա պիեսները, նորից հայ հանդիսատեսին կներկայացվի թատերական հարուստ ծրագիր»,-մեզ հետ զրույցում նշեց նախագծի համահիմնադիր, Սորբոնի համալսարանի դոկտոր Լուսինե Աբգարյանը:

Նախագծի համահիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Ջանիկյանի խոսքով, այս տարվա թատերական հանդիպումները եզրափակվել են հրաշալի ներկայացմամբ. «Հայ հանդիսատեսին «Հերատ երգչուհին» ներկայացմամբ հիացրեց Սուչավայի Մատեի Վիշնիեկի անվան քաղաքային թատրոնը: Աբսուրդի մթնոլորտով, հրաշալի դերասանախաղով ու ինքնատիպ ռեժիսորական լուծումներով հագեցած ներկայացում էր»:

Նախագծի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանն էլ հետեւյալը նշեց. «Նախագիծը հարթակ է տրամադրում նաև երիտասարդ արտիստներին, որոնք իրենց մտահղացումներն արդեն արվեստի գործի վերածած ներկայացնում են ոչ միայն տեղի հանդիսատեսին, այլև արտերկրից ժամանած հյուրերին: Սա նաև նոր կապեր ձեռք բերելու, ամրապնդելու հրաշալի հնարավորություն է: Օրինակ Գյումրու երիտասարդական թատերախումբը, որը գործում է մի խումբ շնորհալի արտիստների եռանդի շնորհիվ, ներկայացավ «Հերատ երգչուհին» թատերկի թատերականացված ընթերցմամբ, որը, անշուշտ, կարող է պատճառ հանդիսանալ արդեն մեծ բեմում ներկայացնելու համար»:

Անի ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930