Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվության որակի առումով «մասամբ կենսունակ», քաղաքական էլիտաները՝ դեռևս կապված ԶԼՄ բաժնեմասերի հետ․ ՀՀ-ում մեդիաբազմազանությունը՝ Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի զեկույցում

Նոյեմբեր 10,2024 14:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան նոր զեկույց է հրապարակել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի վերաբերյալ։͏

Այս տարի ԶԼՄ-ների ազատության եվրոպական ակտի (EMFA) ընդունումը նոր հարցեր և մարտահրավերներ է առաջացնում այս հինգ երկրներում ԶԼՄ-ների բազմակարծության կարգավորման վերաբերյալ:

Այս նոր զեկույցը մանրամասն ուսումնասիրում է սևծովյան տարածաշրջանում ԶԼՄ-ների բազմակարծության կարգավորման տարբեր ասպեկտները՝ համեմատած Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի չափանիշների հետ:

Այն հեղինակել է Բրատիսլավայի Կոմենիուս համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Ռիխտերը:

Զեկույցի առաջին գլխում անդրադարձ է կատարվում Եվրոպական ԶԼՄ-ների ազատության ակտի (EMFA) դերին Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մեդիա քաղաքականության ձևավորման գործում: Երկրորդ գլուխն ուսումնասիրում է այսօր Եվրոպայում տարածված լրատվամիջոցների բազմակարծության նկատմամբ ընդհանուր պարտավորությունները:

Երրորդ բաժնում ուսումնասիրվում է ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության եվրոպական մոտեցումը:

Չորրորդ բաժինն անդրադառնում է մեդիա ոլորտի ապաօլիգարխացման գործընթացին: ԵՄ օրենսդրությունը չի պարունակում կոնկրետ դրույթներ այս գործընթացի համար՝ միաժամանակ խրախուսելով ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծությունը:

Հինգերորդ գլուխն անդրադառնում է խմբագրական անկախությանը: Այս գլուխն ուսումնասիրում է այն մարտահրավերները, որոնց բախվում են խմբագրությունները՝ պահպանելով խմբագրական անկախությունը՝ զերծ կոմերցիոն ճնշումներից և լրատվամիջոցների սեփականատերերի պահանջներից։

Հեղինակը Անդրեյ Ռիխտերը եզրակացնում է, որ թեև առաջընթաց է գրանցվել սևծովյան երկրների ԶԼՄ-ների՝ բազմակարծության և թափանցիկության եվրոպական չափանիշներին համապատասխանելու հարցում, սակայն դեռևս մնում են էական մարտահրավերներ: Ըստ նրա Եվրոպական ԶԼՄ-ների ազատության ակտը կարող է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանում ԶԼՄ-ների կարգավորման հետագա զարգացումների ձևավորման գործում:

Ըստ Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի զեկույցի՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն ապահովում է «մեդիաբազմազանությունը»։

Թուրքիայի հետ կապված ամրագրված է․ «Թուրքիայում 1982 թվականի Սահմանադրությունը, որը շուտով կարող է փոխարինվել նորով, չի նպաստում մեդիաբազմազանությանը»։

Լրատվամիջոցների սեփականատերերի հետ կապված բաժնում ամրագրված է․ «Վերջին հետազոտական ​​զեկույցում նշվում է, որ թեև թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցների սեփականատերերի հետ կապված տեղեկատվությունը դարձել է ավելի թափանցիկ, քաղաքական վերնախավերի ներկայացուցիչներ դեռևս ունեն բաժնետոմսեր ԶԼՄ-ներում»։ Հղում կատարելով Հայաստանի թավշյա հեղափոխություն զեկույցին՝ նշվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունները։

Զեկույցում նաև ամրագրված է․ «Հայաստանում, ըստ վերջին հետազոտական ​​զեկույցի, թեեւ ռուսական պետական ​​ալիքները շարունակում են մնալ լայնորեն հասանելի, սակայն հայ լսարանի մեծամասնությունը նախընտրում է սպառել տեղական լրատվամիջոցների լրատվություն։ Սակայն միջազգային նորությունների լուսաբանումն ավանդաբար հիմնված է ռուսական աղբյուրներից թարգմանությունների վրա, որոնք հաճախ արտահայտում են Կրեմլի շահերը»։

Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի զեկույցում տեղեկատվության որակի առումով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 2022-ի և 2023-ի համեմատ՝ 19-ից հասնելով 22 միավորի։ Վրաստանում հետընթաց է գրանցվել՝ 15-ից 12 միավոր։ Մոլդովան և Ուկրաինան ևս բարելավել են դիրքերը՝ Մոլդովայի պարագայում 21-ից 22 միավորի աճ կա, Ուկրաինայի դեպքում՝ 20-ից 21 միավորի աճ։

Աղյուսակի երեք երկրները (Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան) դասակարգվում են՝ որպես «մասամբ կենսունակ» (21-30 միավոր), ինչը նշանակում է, որ այդ երկրներում ԶԼՄ-ները տարածում են որակյալ տեղեկատվություն, խմբագրությունները հիմնականում անկախ են, տարածում են փաստերի վրա հիմնված և անվնաս տեղեկատվություն։ Այդ երկրում մարդկանց մեծամասնությունն ունի իրավունքներ, միջոցներ և տեղեկատվության լայն շրջանակ մուտք գործելու կարողություն, թեև կան հասարակության հատվածներ, որոնք զրկված են այս հնարավորությունից։

Մարդկանց մեծամասնությունը ճանաչում և մերժում է ապատեղեկատվությունը։

Ըստ զեկույցի՝ Վրաստանում որակյալ տեղեկատվությունը գնահատվում է՝ որպես «ոչ զգալի  չափով կենսունակ» (11-20 միավոր), որը բնութագրվում է միայն մի քանի թեմաների վերաբերյալ իր հասանելիությամբ։ Դեռևս ապատեղեկատվության, ատելության խոսքի մեծ շրջանառությունն ազդում է հանրային դիսկուրսի վրա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930