Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը թաքնվել էին հոգեւորականի ետեւում, իսկ քաղաքական միտք գեներացնողի հետ անգամ խաշ ուտելու չեմ գնա

Նոյեմբեր 10,2024 12:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ

-Պարոն Գեւորգյան, ձեր վերջին հոդվածը («Ձեռք բերովի անօգնականության համախտանիշ») ճնշող տպավորություն թողեց։ Չեք կարծո՞ւմ, որ գույները խտացված են։

-Գնահատականը թողնում եմ ձեզ։ Ես պարզապես փորձել եմ մեր հասարակության վիճակը բնութագրել գոյություն ունեցող գիտական փաստերի հիման վրա։ Եթե 2021թ․ արտահերթ ընտրությունները բնութագրում էի ստոկհոլմյան համախտանիշով, դա երբ խայտառակ պարտությունից հետո ԱԺ ընտրեցին պարտության մեղավոր 3 ուժերին, ապա հիմա վիճակն ավելի անհուսալի է։

-Նույն Մարտին Սելիգմանը, ում աշխատանքներին հղում եք անում, որևէ լուծում չի՞ առաջարկում, ամեն ինչ այդքան անհո՞ւյս է…

– Ես հոգեբան չեմ եւ Սելիգմանի փորձերից բերել եմ միայն այն օրինակը, որը ֆիզիոլոգ Պավլովի փորձերի սխեմայով է արվել։ Պարզապես նշեմ, որ ընդհանուր դեպքում վիճակն անհույս չէ։ Մարդկանց վրա արված գիտափորձերում նկատվում է մի փոքր խումբ, որը «չի հանձնվում», փորձում է պայքարել դեպրեսիայի դեմ։ Այդ խմբի վարքն ուսումնասիրելով՝ նա փորձել է գտնել լուծումը։ Դրա վրա է հիմնականում կառուցվում այսպես կոչված «պոզիտիվ հոգեբանությունը», ինչի հեղինակներից մեկը Սելիգմանն է։ Ես այդ այլախոհների փոքր խումբը մեզ մոտ, ցավոք, չեմ տեսնում։

– Մայիսին հանրահավաքի ժամանակ հավաքվել էր ավելի քան 50000 մարդ, դա է՞լ չեք տեսնում։

– Ահա թե դեպի ուր եք տանում զրույցը։ Ես դիրքավորվել էի «Սրբազան շարժմանը» չխանգարելու դիրքերում, ուրախ կլինեի շարժման հաջողության դեպքում, բայց ինքնախաբեությամբ զբաղվել չեմ կարող։

Մի անգամ չէ, որ նշել եմ՝ ընտրությունները, այն է` մեծամասնության կարծիքը ճշմարտության չափանիշ չեն։ Աշխարհը եկել է մի վիճակի, երբ ընտրությունները անիմաստ զբաղմունքից վերածվել են մեծագույն դժբախտության։ Տեսեք՝ ինչի է վերածվում Եվրոպան միայն միգրացիայի պատճառով։ Մուսուլմանական աշխարհից ագրեսիվ տրամադրված և ուրիշ արժեհամակարգ ունեցող միլիոնավոր երիտասարդ և պատերազմ տեսած տղամարդկանց հորդաները ներխուժել են Եվրոպա։ Անբարոյական ու տգետ էլիտաները ոչ միայն նրանց ընդունում, այլ հովանավորում են։ Դեռ չեմ լսել, որ որեւէ ահաբեկիչ գոռա «հարի Կրիշնա, Կրիշնա հարի» կամ «Иисус воскрес, воистину воскрес»։ Հնչում է միայն «Ալլահ ագբար»։ Ամաչկոտ Եվրոպան օրիորդի պես լռում է։

Մեր հիմնական պրոբլեմներից է նպատակային էմիգրացիան՝ հիմնականում հեռանում են հասարակության ակտիվ շերտերը։ Նրանցից հետո մնացածի հետ ի՞նչ ընտրություն։ Եթե  պարզ ասեմ, ապա կհնչի այսպես։ Եթե կամայական գյուղում, ասենք «Փիրմալաք», ֆիզիկայի ուսուցչի ընտրություն լինի, դիմենք ես, կոկորդիլոս խաղացնող Գարիկն ու Շմայսը՝ ընտրությունների արդյունքը ակնհայտ է։ 1-ին տեղ՝ Շմայս, 2-րդ տեղ՝ կոկորդիլոս խաղացնող Գարիկ, 3-րդ եւ  4-րդ տեղ չի լինի, ես կլինեմ 5-րդը։ Շարժման առաջնորդը, նրան շրջապատող ինչ-որ քաղաքական գործիչ հիշեցնող կերպարներ խոսում էին ամեն ինչը ընտրություններով ավարտելու մասին։ Առանց ինձ զբաղվեք, ախուրյանցիանոների և կուրթանեցիմեխակների կարծիքը ես գիտեմ։ Պատեպատ խփել բոլորին, որ վերջում նորից դրանց կարծիքը հարցնել՝ ամենաքիչը հիմարություն է։

– Ժողովրդի, հանրության կարծիքին չեք վստահո՞ւմ։

– Ոչ միայն չեմ վստահում, այլ համարում եմ դժբախտություն բերող։ Երկրորդ պատճառը, որ ի սկզբանե չեմ հավատացել շարժման հաջողությանը, դա հոգեւորական առաջնորդ ունենալն էր։ Մեր նման երկրում, որտեղ իշխանությունը զավթել են դեռ երեկ սովալլուկ ու անգրագետ մարդիկ, նրանց հեռացման պրոցեսը պետք է ունենա ագրեսիայի տարրեր։ Գալու է մի պահ, երբ կարիք է լինելու «ի զեն» կամ նման մի կոչի։ Հոգեւորականը դա անել չի կարող, եւ դա կանխորոշում է ֆինալը։ Մղկտալով ոռնացողները, որոնք բացեիբաց ասում են, որ իշխանությունը իրենց պետք է հիփոթեքային վարկը փակելու համար, կամավոր չեն հեռանա։ Եթե ավելացնենք դոլարային միլիոնատեր եւ տարբեր բիզնեսների տեր դարձածներին՝ արյունոտ կռիվն անխուսափելի է։

– Չպատասխանեցիք հարցիս, այնուամենայնիվ, չհուսահատված մարդկանց այդ փոքր խումբը կա՞, թե՞ ոչ, ո՞վ պետք է նրանց գտնի, ինչպես դուք եք ասում՝ ուսումնասիրի նրանց վարքը։

– Նորից փորձեմ օրինակով, փաստի հիման վրա։ Երբ 50 հազար մարդ հավաքվել եւ պահանջում էր իշխանափոխություն, մի քանի ժամ էր տալիս իշխող ուժին՝ բազմության մեջ հայտնվեց բեռնատար մեքենա։ Այն կարող էր ճզմել մի քանի տասնյակ «հեղափոխական»։ Հավաքվածների մեջ չգտնվեցին 5 նորմալ «խելագար հեղափոխական», որ վարորդին հանեին մեքենայից եւ տեղում հարցերը լուծեին։ Ընդ որում, նա ոչ զինվորական էր, ոչ որևէ ուժային կառույցի ներկայացուցիչ՝ պարզապես անասուն պրովոկատոր էր։ Հիմա որտեղի՞ց գտնեմ մարդկանց այդ խումբը։ Չկա, չեմ տեսնում։ Ամեն մի տխմարություն խոսեցին այս առիթով, բայց ինչպես այդ հանցագործը անվնաս դուրս եկավ հեղափոխականների շրջապատումից և ինչ եղավ վերջը՝ լռություն է։

Հաջորդ փաստը նույն օրվա դեպքերից։ Երբ հոգևորականը 2 ժամ էր տալիս կառավարությանը, որ հեռանան, եւ դա այն դեպքում, երբ կառավարության շենքում մարդ չկար՝ մի բան կարող էր նշանակել։ Չկարողանալով ասել «ի զեն», տրված էր նմանատիպ գործելու հնարավորություն։ 2 ժամը լրանալուց հետո գոնե 500 մարդ պետք է փորձեր գրոհել կառավարության շենքը։ Բայց բոլորը թաքնվել էին հոգեւորականի ետեւում։ Եթե ավելացնենք, որ քաղաքական միտք է գեներացնում Գառնիկ Դանիելյանը, ում հետ խաշ ուտելու էլ չեմ գնա, կարծում եմ հասկանալի կլինի իմ պեսիմիզմի եւ այս ամենը մռայլ գույներով նկարագրելու պատճառը։

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, թե ով պետք է ուսումնասիրի այս չգտնված խմբի վարքը, դիմեք 15-20 հղումով եւ հայկական պատի թերթ հիշեցնող ամսագրերում տպագրված հոդվածներով ակադեմիկոս դարձածներին։ Իսկական իրենց թեման է։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930