Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր․ Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 10,2024 11:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Գիտության միջազգային օրվա կապակցությամբ

Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։ Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։

Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։ Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։

Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միջազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։

Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։

Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։

Միաժամանակ տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։

Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։

Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։

Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։

Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոնե պատահաբար, գոնե մեկ անգամ տրամաբանությանը չհակասող խոսք կարելի՞ է ակնկալել ՀՀ իշխանավորներից:

    Հասարակ միտք է` որակյալ միջավայրն է ստեղծում ակադեմիական քաղաք: Եվ ոչ հակառակը: Պահանջն է, որ ստեղծում է պատվեր: Լավ, տարրական գիտելիք չունեն մեր իշխանավորները: Մարքս, Սմիթ կարդացե՞լ են…

    Անորակության այս վարակը սփռվում է վերևից` բուրգի գագաթից, ու դառնալով քրոնիկ բերում ցածր նշաձողերով միջավայր: Անորակությունը դարձել է պարտադիր նշան (brand) ՀՀ խոսք-գործողություններում: Կատարել սահմանազատում նախքան կանոնակարգի հաստատումը, նոր քաղաք (այն էլ ակադեմիական) նախքան անհրաժեշտ միջավայր ունենալը…

    Ուղեղի արտահոսք է Հայաստանից: Անուղեղների իշխանությանը էլ դիմանալ չի:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՑԻԱ: Ակադեմիական քաղաք անբովանդակ նախագիծը դասագրքային օրինակ է կոռուպցիայի նախկինների սխեմաներով (Յենիսեյի հոսքը հարավից հյուսիս փոխելու սովետական նախագիծ):
    Ամոթ է, ամոթ: Աշխարհը 21րդ դարում է, խդմնդում է Հայաստանից արտանետվող ‘հրաշք-գաղափարների’ վրա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930