Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէր լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը․ «Ֆլայ Արնա» ընկերությունը քննադատել է ՀՀ կառավարությանը, ՔԱԿ-ին, «Զվարթնոցին»․ «Հետք»

Նոյեմբեր 10,2024 11:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ֆլայ Արնա» հայ-արաբական ավիաընկերության շուրջ ծագած հակասությունների վերաբերյալ առաջին հոդվածում գրել էինք գլխավորապես այն կետերի մասին, որոնք վերաբերում են Կառավարությանը: Այս անգամ կանդրադառնանք Քաղավիացիայի կոմիտեին եւ «Զվարթնոց» օդանավակայանին ուղղված քննադատությանը:

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 27-ին «Ֆլայ Արնայի» կառավարիչ Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու, ըստ մեր աղբյուրի, նրան հանձնել մի փաստաթուղթ, որը թվագրված է հենց 2023-ի ապրիլով: Այդտեղ ներկայացված են կետեր, որոնց շուրջ իբր ՀՀ կառավարությունն ու Air Arabia-ն համաձայնության էին եկել «Ֆլայ Արնան» հիմնելիս, սակայն հետո հայկական կողմը չի կատարել իրենից ակնկալվող քայլերը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, որն այս պաշտոնը ստանձնել է «Ֆլայ Արնայի» ստեղծման շուրջ համաձայնություն ձեռք բերելուց 1,5 տարի անց, «Հետքի» հետ զրույցում ասել է. «ՀՀ կառավարության կողմից տրված խոստումներին վերաբերող որեւէ փաստաթուղթ կամ արձանագրություն, ոչ մի բան ներկայացված չի եղել: Դրա համար բոլոր պնդումները, թե կան պայմանավորվածություններ, թող տրամադրեն: Եթե պատրաստվում են դատի տալ, թող տան, բայց պիտի հիմնավորեն»: Ըստ Խաչատրյանի՝ տեսլականը կամ պայմանավորվածությունները, որոնց մասին հիշատակել է Air Arabia-ն, եթե իսկապես եղել են, լավագույն դեպքում բանավոր են ձեռք բերվել:

Եթե կարճ ձեւակերպենք, Air Arabia-ի կազմած փաստաթուղթը զեկույց է, որտեղ համեմատվում են 2021-ի փետրվարին եւ դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածություններն ու 2023-ի ապրիլին փաստացի առկա իրավիճակը: Արաբական կողմի նշած կետերից պարզ է դառնում, որ հայկական ավիացիոն շուկայում փորձ է արվել ստեղծել մոնոպոլիստ ավիաընկերություն՝ ի դեմս «Ֆլայ Արնայի», սակայն Կառավարությունը ոլորտից դուրս չի մղել (արաբական կողմի ձեւակերպումն է) տեղական մյուս փոխադրողներին, ինչն Air Arabia-ի սրտով չի եղել:

Հայկական մյուս օպերատորներին բացասական գույներով ներկայացնելուց հետո «Ֆլայ Արնայի» արաբ կառավարիչները քննադատել են նաեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեին (նկատենք, որ Air Arabia-ն 2024-ի գարնանը հրաժարվել է «Ֆլայ Արնայի» կառավարումից, սակայն իրեն փոխկապակցված արաբական ընկերության միջոցով մնում է համատեղ ձեռնարկության 49 %-ի բաժնետերը):

ՔԱԿ-ի նախագահը՝ «Ֆլայ Արնայի» կառավարիչների մասին. «Պետք չէր լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը»
Air Arabia-ի կազմած փաստաթղթի մի բաժինը կոչվում է «Ազգային ավիաուղիների ձեւավորման Հայաստանի տեսլականը»: Ըստ փաստաթղթի՝ 2021 թ. փետրվարին կայացել էր արաբական կողմի առաջին այցը Հայաստան, որտեղ Կառավարության հետ քննարկվել էր համատեղ ձեռնարկության ռազմավարական տեսլականը ազգային ավիափոխադրող ստեղծելու համար: Ըստ մեր աղբյուրի՝ հայկական կողմից քննարկմանը մասնակցել են այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, որը նաեւ ամիսներ անց «Ֆլայ Արնայի» 49 %-ի բաժնետեր դարձած ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքությունների ֆոնդ» ՓԲԸ) տնօրենների խորհրդի նախագահն էր, ու ՔԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը (վերջինս ոլորտը ղեկավարել է 2018-2022 թթ.):

ՔԱԿ-ի ներկայիս նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» պատմում է, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին կոմերցիոն թռիչքները մեկնարկած «Ֆլայ Արնան» ստեղծման պահից ուներ բոլոր հնարավորությունները՝ դառնալու լավագույնը Հայաստանում՝ հաշվի առնելով լոուքոսթ (բյուջետային) ավիափոխադրողների համար կիրառվող Air Arabia-ի փորձը: Ըստ Խաչատրյանի՝ կարեւոր հանգամանք էր նաեւ այն, որ Air Arabia-ում աշխատող հայազգի մասնագետները մասնակցել են «Ֆլայ Արնայի» կայացմանը: ՔԱԿ-ի ղեկավարը, որը 2013-2019 թթ. աշխատել է Qatar Airways-ում, նշում է, որ արաբ կառավարիչները «Ֆլայ Արնայում» կիրառում էին Պարսից ծոցի երկրների ստանդարտ մոտեցումները, որոնց ինքը ծանոթ էր Քաթարում աշխատելու տարիներից: «Իրենց մոտեցումը ընդունելի եւ գովելի էր ինձ համար, քանի որ զարգանալու հեռանկարը տեսնում էի»,- նկատում է Մ. Խաչատրյանը, որը, սակայն, կոշտ է արձագանքում ՔԱԿ-ի հասցեին տարբեր առիթներով, ներառյալ՝ «Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում, «Ֆլայ Արնայի» արաբ կառավարիչների ներկայացրած քննադատությանը:

Վերոնշյալ տեսլականի բաժնում արաբները, մասնավորապես, գրել են, որ նոր ստեղծվող ազգային ավիափոխադրողը պետք է համատեղ աշխատեր ՔԱԿ-ի հետ, որ աջակցեր նրան սեփական ընթացակարգերի եւ ստանդարտների բարձրացման հարցում՝ ի վերջո վերացնելով դեպի ԵՄ եւ ԱՄԷ շահագործման արգելքները (այն բանից հետո, երբ 2020-ի հունիսին ԵՄ-ն հայկական ավիաընկերություններին ներառեց իր «սեւ ցուցակի» մեջ, որոշ ժամանակ անց ԱՄԷ իշխանությունները եւս արգելեցին ՀՀ գրանցումով օդանավերի մուտքն իրենց երկինք):

«Նրանք մեզ մեղադրում էին, որ ՔԱԿ-ը չունի համապատասխան մասնագետներ, որ կատարի իր ֆունկցիան, եւ իրենք պատրաստ են աջակցել,- հիշում է Միհրան Խաչատրյանը,- իրենք իրենց դրել էին ICAO-ի տեղն ու գնահատական էին տալիս մեր աշխատանքին: Բայց մեր աշխատանքի գնահատականը տալիս են EASA-ն ու ICAO-ն: Այսինքն՝ պետք չէր լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը: Ես Կառավարությունում ասացի, որ չկա նման հասկացություն՝ նոր ստանդարտներ, կամ իբր «մենք Հայաստանում կներդնենք նոր ավիացիոն ստանդարտներ»: Կան ICAO-ի կողմից հստակ սահմանված ստանդարտներ, որոնք ամբողջ աշխարհը կիրառում է»:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930