Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Եթե Թրամփի վարչակազմը փորձի մեկուսանալ մեր տարածաշրջանում, դա մեզ համար վատ կլինի»

Նոյեմբեր 10,2024 00:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման 4-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մեկնարկից առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս հանրահավաքը նոյեմբերի 9-ի տխրահռչակ եւ չարագույժ առիթով է: Մենք դեռեւս 2020-ի նոյեմբերի 12-ին այստեղ մեծ հանրահավաք ենք արել եւ մեր դիրքորոշումն արտահայտել ենք, որ չենք ընդունում այդ փաստաթուղթը: Հիմա մենք վերահաստատում ենք եւ ուզում ենք հայտնել, որ չենք ընդունում այդ փաստաթուղթը, որովհետեւ այն բոլոր տեսանկյուններից անօրինական, անվավեր է:

Անգամ եթե մինչեւ իսկ իրենց տեսանկյունից մոտենանք, միեւնույն է, քանի որ այս փաստաթղթի հիմնական կետերը չեն կատարվել, ինքն արդեն դառնում է անվավեր: Դրա մասին եւ ռուսական կողմն է ասել, եւ հայկական կողմը: Բայց մենք սկզբունքորեն չենք ընդունում, որովհետեւ այս փաստաթուղթը հանցագործության հետեւանք է: 30 տարի տեւած բանակցություններում որոշակի  փոխհամաձայնեցված սկզբունքներ են եղել. տարածքային ամբողջականության հարգում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում եւ ուժի չկիրառում: Իրենք խախտելով այդ երեք սկզբունքներն էլ՝ պատերազմ են հրահրել եւ ստեղծվել է այս անօրինական վիճակը»:

Մեր հարցին, թե Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահ ի՞նչ կարող է տալ Հայաստանին, դիվանագետը պատասխանեց. «ԱՄՆ-ն աշխարհի թիվ մեկ պետությունն է, եւ Թրամփի ընտրությունն ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Եվ դա կախված կլինի նրանից եւ նրա թիմից, թե ինչքանով կցանկանա ներգրավված լինել Կովկասի գործերում: Եթե իրենք փորձեն մեկուսանալ, դա մեզ համար վատ կլինի, որովհետեւ թուրքերը, ռուսները, ադրբեջանցիները ավելի կակտիվանան, իսկ Հայաստանը կմնա միայնակ: Քանի որ Թրամփը կտրուկ որոշումների կողմնակից է, նրա ընտրությամբ մեր վիճակը կարող է լավանալ կամ վատանալ: Ինքը կանխատեսելի չէ:

Բայց իմ կարծիքով ինքը չի մեկուսանա: Նրա առաջին պաշտոնավարման ժամանակահատվածն ուրիշ էր: Այն ժամանակ չկար Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը եւ Ամերիկան կարող էր ասել, որ չի խառնվում տարբեր մանր գործերի մեջ: Այսօր այդ պատերազմը կա եւ դա լուրջ պատերազմ է: Դրա մեջ անուղղակիորեն ներգրավված են եվրոպական երկրները, որոնք իրենց դաշնակիցն են»:

Մեր դիտարկմանը, որ, այդուհանդերձ, եվրոպական երկրները որոշակիորեն անհանգստացած են Թրամփի ընտրվելով, Արա Պապյանը պատասխանեց. «Անհանգստացած են, որովհետեւ Թրամփը իր նախկին գործունեությամբ ցույց է տվել, որ հակված է ինչ-որ չափով մեկուսանալու: Բացի այդ, նրանք լավ են հասկանում, որ Թրամփն իրենց հարկադրելու է, որ ռազմական ծախսերը շատացնեն ՆԱՏՕ-ի եւ ամեն ինչի վրա, որովհետեւ գտնում է, որ ծանրությունը արդար չի բաշխված»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930