Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում հրատարակվել է Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն, 9-20-րդ դդ․» գիրքը

Նոյեմբեր 09,2024 23:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանահայ բանաստեղծ-թարգմանիչ Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն, 9-20-րդ դդ․» և «Պարսից գրականություն-պոեզիա, 1900-1960 թթ․» աշխատություններն իր մահվանից հետո (1964 թ․) եղել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի տրամադրության տակ․ դա հրատարակման համար երաշխավորել են ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը և գիտնական Բաբկեն Չուգասզյանը։ Այդ աշխատության հրատարակումը հնարավոր դարձավ միայն 2023-2024 թվականներին, երբ Զ․ Միրզայանի հայաստանաբնակ զարմիկ Նիկիտ Միրզայանը ձեռնամուխ եղավ գործի խմբագրման և հրատարակման։ Երկու հատորից բաղկացած աշխատությունը հրատարակել է «Զանգակ» հրատարակչականը՝ առաջինը գրողի որդու, իսկ երկրորդը Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի և «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Առաջին հատորի մասին «Առավոտ»-ն անդրադարձել է 18 փետրվարի 2024 թվականին։ Բանասեր-թարգմանիչ Նիկիտը հայտնի է նաև իր մի շարք թարգմանչական գործերով, որոնցից են դերասան Վահրամ Փափազյանի իրանական հուշերի, Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» և Լեոնիդ Սարվարյանի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանությունները։

Զորայր Միրզայանն այս հատորով ներկայացնում է 114 իրանցի գրող-բանաստեղծների, որոնք ստեղծագործել են երկրորդ հազարամյակում։ Նա խնամքով ներկայացնում է իրանցիների համառոտ կենսագրականը, նրանց ապրած դարաշրջանը և  նմուշներ նրանց գործերից։ Զորայրի աշխատությունն իր ամբողջական տեսքով հայ գրականությունում եզակի է․ Հայաստանում և Սփյուռքում հրատարակվել են գործեր, որոնք ներառում են Պարսից գրականության որոշակի ժամանակաշրջան։ Այս առթիվ ակադեմիկոս Կ․ Մելիք-Օհանջանյանը ի պատասխան Ակադեմիայի  Արևելագիտության բաժնի հանձնարարականի գրում է․ «Զ․ Միրզայանի այս աշխատությունը առաջին և կարևոր ներդրումն է հայ արևելագիտության մեջ, որով հայ ընթերցողին նպաստած կլինի ընդհանուր առմամբ ծանոթանալու մեր դարավոր հարևանի գրական մշակույթի զարգացման պատմությանը։ Հմուտ իրանագետ հեղինակը՝ քաջ գիտակ լինելով Իրանի գրականությանը և օգտագործելով համաշխարհային արևելագիտության (անգլիական, ֆրանսիական և ռուսական սովետական, ինչպես նաև հայ հին և նոր) նվաճումներին պարսից գրականության պատմության գծով վերին աստիճանի աշխույժ ու կարճառոտ, միաժամանակ գիտական պատշաճ մակարդակով ներկայացրել է պարսից գրականության պատմությունը» (էջ 11)։

Ուսումնասիրությունն սկսվում է մեծանուն Ֆիրդուսուն նախորդած դարաշրջանից, առաջինը ներկայացվում է Հանզալե Բադղիսին, ապա Շահիդ Բալխին է, Ռուդաքին, Ֆիրդուսին և հետո իրանցի առաջին բանաստեղծուհի Ռաբբե Բալխին (914-943 թթ․)։ Ապա պատմական ժամանակաշրջաններով ներկայացված են Սելջուկների, Խարազմիների, Մոնղոլների արշավանքների, Լենկ Թեմուրի, Սեֆյանների և Ղաջարների իրավիճակը, գրականության զարգացման փուլերը և նշանավոր դեմքերը, որոնք քանի տասնյակ են․ Գորգանի, Դամղանի, Նասեր Խոսրով, Օմար Խայամ, Բաբա Թահեր, Անսարի, Ղազնավի, Հարավի, Սաադ Սալման, Մոեզզի, Սամարղանդի, Մահսաթի Գանջավի, Նեզամի, Աթթար, Ռումի, Սաադի, Ջամի, Զաքանի, Հաֆեզ, Սաեբ Թաբրիզի․․․ Առանձին ուշադրությամբ ներկայացված են պարսկական հայտնի սիրային պոեմներից՝ «Վիս ու Ռամին»ը, «Լեյլի ու Մաջնուն»ը և «Խոսրով ու Շիրին»ը։

Հեղինակն իր գործն առավել հարստացնելու համար տեղ-տեղ դիմել է նաև իր նշանավոր հոր՝ Հովսեփ Միրզայանի թարգմանություններին և ներառել է իր գրքում. այդպիսիք են Ֆիրդուսու, Նասեր Խոսրովի, Խայամի, Խաղանիի, Սաադիի, Իբն Սինայի և Աբու ալ Ալա ալ Մաարրի գործերը։ Նույն ոճն է կիրառել նաև գրքի խմբագիր Նիկիտ Միրզայանը և աշխատությունն օժտել է հայ մի շարք անվանիների գործերով, որոնք պարսից գրականությունից ունեն թարգմանություններ․ դրանցից են Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Աշոտ Մինասյանը և Ազատ Մաթյանը։

Գրքի երկրորդ մասում ներկայացված են Զորայր Միրզայանի մի շարք հրապարակախոսական հոդվածները․ դրանցից են «Մահմեդական աղանդները Իրանում», «Իբն Սինայի ազդեցությունը արևմուտքի և հայ մատենագրության վրա», «Աբու ալ Ալա ալ Մաարրի-արաբ քերթողության Օմար Խայամը», «Պարսկերեն առաջին բառարանը», «Շահնամեի ձևական ազդեցությունը հայ բանաստեղծության վրա» և «Օմար Խայամի աշխարհահայացը»։

*«Պարսից գրականություն, 9-20 դդ․» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 8-ը նոյեմբերի 2024 թվականին Երևանի Ա․ Իսահակյանի անվան գրադարանում․ գիրքը ներկայացրեցին ԵՊՀ-ի արևելագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը և Տիգրան Դավուդյանը, ասմունքեց Գայանե Սամվելյանը, ողջույնի խոսք ասացին ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպան Մեհդի Սոբհանին և գրադարանի տնօրենը, իր շնորհակալության խոսքն ասաց գրքի խմբագիր Նիկիտ Միրզայանը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930