2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 4-րդ տարելիցի օրը ԱԺԲ-ն հանրահավաք էր հրավիրել մայրաքաղաքի Ազատության հրապարակում:
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նոյեմբերի 9-ին հաջորդող օրերին, ամիսներին, տարիներին, ցավոք, մեր ժողովրդի հոգեվիճակը գնալով ծանրացել է, շատացել է այն մարդկանց քանակը, որոնք հույս, լույս չեն տեսնում:
Մեր ուժը այս տարիների ընթացքում պարբերաբար ծանր վիճակներում հայտնվել է: Բայց մենք մեր գործառույթը տեսել ենք նաեւ ժողովրդին հուսադրելու մեջ: Պիտի ասել, որ մենք չենք պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել: Դա հայ ժողովրդի թիկունքում պայմանավորված պատերազմ է եղել՝ պլանավորած հայ դավաճաններով: Անուններ թվարկելու իմաստ չկա, բոլորը մեկ առ մեկ գիտեն, թե ում մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Հայ ժողովուրդը իրավունք չունի կքելու: Աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք կան եւ ազդում են մեր տարածաշրջանի, մասնավորապես, մեր երկրում ներսի անցուդարձերի վրա, մենք փաստարկված փորձում ենք տեղեկացնել մեր ժողովրդին, թե դեպի ուր է գնում ընթացքը: Վստահաբար, նաեւ պիտի լինեն պահեր, պատուհաններ, եւ հայ ժողովուրդը այդ առիթը չպիտի բաց թողնի ու վերջապես քայլ կատարի դեպի մեր երազած ինքնիշխան, ազգային պետության հիմքերը դնելու: Մեր ուժի գլխավոր նպատակը դա է: Ինչքան էլ դժվար լինի, պիտի դիմանանք: Բայց կարեւոր է, որ նաեւ ժողովուրդը կարողանա մեր հետ դիմանալ: Ես չեմ կասկածում, որ ազգային շերտը դիմանալու եւ դիմադրելու է:
Անշուշտ, այս իմաստով մենք կրկին փորձելու ենք ազգային շերտ ներկայացնող անհատների եւ քաղաքական շրջանակների հետ օրակարգի, կարեւորագույն մի քանի հարցի շուրջ լեզու գտնել: Եվ հենց այս նոյեմբերի 9-ը դա է հուշում: Այս օրերին մենք շփումներ ունեցել ենք, ունենալու ենք: Ինչ-որ բան ձեւավորվելու պարագայում մենք ձեր՝ մամուլի միջոցով կտեղեկացնենք ժողովրդին: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Եվ կանչողների հմտությունից, վարպետությունից շատ բան է կախված: Ժողովուրդը ոտքի է ելնելու, երբ այդ կանչողը հավատ կներշնչի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ