Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք մինչեւ հիմա մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 09,2024 18:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին

Հարց առաջին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ-ում մեր դեսպանի հանդեպ Ադրբեջանի դեսպանի պահվածքը եւ սպառնալիքները։

Պատասխան։ Բրուսելում Ադրբեջանի դեսպանը վաղուց է, այսպես ասած, «հղի» հայերից, սակայն երբեք իր չափերը անցնելու առիթ չի ունեցել։ Նրա լկտի պահվածքը վերջերս էլ դրսեւորվել էր Եվրոպառլամենտի պատգամավորների հանդեպ, երբ դեսպանը թվիթերյան իր էջում ատրճանակով սպառնալից նկար էր տեղադրել եվրոդեպուտատների հասցեին։

Ավաղ, ելույթային պոռթկումներից այն կողմ գործը առաջ չգնաց։ Ուստի չեմ կարծում, որ Բրյուսելում նրան կպատժեն նման անհարիր վարքի համար։

Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է։ Մյուս հարթությունը նիկոլական դեսպանի անարժանապատիվ կեցվածքի հարցն է։ Ոչ, նա «մեր» դեսպանը չէ, Հայաստանի դեսպանը չէ, այլ Փաշինյանի հայաստանակործան եւ արցախուրաց արտաքին քաղաքականության սպասարկուն է։ Ժողովուրդն ասում է. դուռդ փակ պահիր, դիմացինին էլ գող մի ասա։

Ի դեպ, բացահայտեմ, որ երկու մատնանշված դեսպաններն էլ ինտենսիվ պայքարում են եւ կռիվ են տալիս հենց մեր, հանրապետականներիս դեմ՝ մեզ վարկաբեկելու փորձեր անելով եվրոպական քաղաքական շրջանակներում եւ ինստիտուտներում։ Սադիկովն ու Բալայանը ձեռք ձեռքի Բրյուսելում աշխատում են Հայաստանի ընդդիմադիրների դեմ։

Հարց երկրորդ։ Քաղաքական եւ անվտանգային հարցերից բացի մտահոգիչ զարգացումներ կան նաեւ այլ ոլորտներում, օրինակ, միջուկային էներգետիկայի։ Նիկոլենք պատրաստվում են փակել մեր ատոմակայանը, իսկ փոխարենն ինչ-որ տարօրինակ լուծումներ առաջարկում։ Ո՞նց եք վերաբերվում էներգետիկ անվտանգության այս սպառնալիքներին։

Պատասխան։ Ամբողջությամբ իրավացի եք. պետության կազմաքանդման գործընթացը ներառում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ էնեգետիկան։ Իրականում խնդիրը բազմաշերտ է։

Նախ, Հայկական ատոմակայանի դեմ Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց են պայքարում, քանզի այն հանդիսանում է մեր անվտանգային համակարգի կարեւոր հանգույցներից մեկը: Ուստի տարօրինակ չէ, որ Նիկոլը պատրաստ է բավարարել նրանց նաեւ այդ պահանջը։ Վերջիվերջո Արցախը հանձնածի համար ի՞նչ խնդիր է հանձնել նաեւ Մեծամորը։

Չմոռանաք նաեւ, որ ատոմակայանը միաժամանակ գեոպոլիտիկ գործոն է, եւ հակառուսական քաղաքականության շրջանակներում խնդիր է դրված փոխարինել Ռուսաստանին նաեւ էներգետիկ ոլորտում։ Ուստի Նիկոլը կփորձի մեկ հարվածով բավարարել երկու տերերի՝ թուրքերին եւ Արեւմուտքին։

Հատկանշական է, որ նույն Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ սեփական ատոմակայանն է կառուցում, տարածաշրջանում նույն կերպ է վարվում նաեւ Իրանը։ Առհատարակ աշխարհով մեկ ատոմային էներգետիկան զարթոնք է ապրում, նույնիսկ ՏՏ ոլորտի գիգանտներն են հայտարարել, որ նպատակ ունեն սեփական միջուկային էներգետիկ կարողությունները զարգացնել։ Իսկ Ադրբեջանն իր հերթին պատրաստվում է ալտերնատիվ էներգիա արտահանել Եվրոպական միություն Սեւ ծովի հատակով մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում։

Այս ֆոնին գործող վարչակազմի խաղերը էլ ավելի զավեշտալի են։ Փոքր մոդուլային ատոմակայանները ոչ միայն փորձարկված չեն, այլեւ Հայաստանին ջնջելու են նաեւ ռեգիոնալ էներգետիկ քարտեզներից։ Հայկական ատոմակայանը եւ նրա ապագան Հայաստանի իրական ինքնիշխանության հարց է։

Հարց երրորդ։ Երկրում չի վերանում հակառուսական մթնոլորտը, նույնիսկ Գելափ ինթերնեյշնլի վերջին հարցումներն են վկայում այդ մասին։ Ի՞նչ կարելի է անել եւ արդյոք պե՞տք է որեւէ բան անել այդ միտումը կասեցնելու համար։

Պատասխան։ Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում՝ Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ո՛չ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։ Ի դեպ, գուցե նույն Միացյալ Նահանգներում Թրամփը հաղթեց նաեւ ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսեւդոլիբերալները պարտվեն նաեւ Հայաստանում, եւ սա ասում եմ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։

Այդ հարաբերությունները բարձր մակարդակը եւ խորությունը կենսական են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Արցախի ապագայի համար։ Միաժամանակ պետք է ընդունել, որ ներկայումս պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքում երկու միակողմանի «սպասելիք» կա. առաջինը՝ «Ձեզ պետք է, դուք էլ իրար եկեք» եւ երկրորդը՝ «Վերականգնման ամենակարճ ճանապարհը անցնում է Դոնբասով»։

Ինչ վերաբերում է բուն հայ հասարակությանը, ապա քանի դեռ մենք ազգովի Նիկոլ ենք հանդուրժում, աշխարհում ոչ մեկին, առավել եւս՝ Ռուսաստանին, «անուն կպցնելու» ոչ մի բարոյական իրավունք չունենք։ Հատկապես, երբ այսօրվա տնտեսական վիճակով պարտական ենք Ռուսաստանին, իսկ սեփական քեֆերին եւ ճաշկերույթներին գերադասում ենք ռելաքսվել ռուսալեզու ռաբիզի տակ։

Հարց չորրորդ։ Ի՞նչ է անում ընդդիմությունը, ընտրությունների՞ է պատրաստվում։

Պատասխան։ Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք մինչեւ հիմա մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին։

Նիկոլի պահվածքը հենց այսօր, հենց հիմա նույն Գյումրիի կամ Ընտրական օրենսգիրքը հանդուգն, չլսված ու չտեսված կերպով փոփոխելու օրինակով կրկին ապացուցում է, որ նա ունակ չէ պահպանել տարրական Fair play կանոնները ընտրական գործընթացներում։

Այսօրվա վիճակի կարեւորագույն պատճառներից մեկը 2021-ի արտահերթին ընդդիմության մասնակցությունն էր։ Ես չեմ կարող կանխատեսել գալիք ընտրությունների ճշգրիտ արդյունքները, ինչպես նաեւ հստակ կանխորոշել մեր կուսակցության մասնակցության հարցը։ Սակայն մի բան ակնհայտ է. Նիկոլը բռնապետ է, իսկ բռնապետերը չեն հրաժարվում իշխանությունից։ Բռնապետերին պետք է իշխանությունից հեռացնել։

Ընդդիմության ռազմավարական ծրագրերը այս փուլում, ավաղ, կյանքի չեն կոչվել, ուստի այն ստիպված զբաղվում է տակտիկական հարցերով։ Ընդդիմադիր շարքերում գայթակղություն է առաջանում անհաջողության նյարդային լարվածությունը պարպել իրար վրա, ինչը տակից խրախուսվում է ռեժիմի կողմից։

Իրենց ընդդիմադիր երեւակայող որոշ շրջանակներ էլ արտահերթի թեմա են փորձում շրջանառել, ու նրանց ընդամենը մեկ հարց պետք է ուղղել. արտահերթին, բացի իշխանություններից, ո՞վ է պատրաստ։

Հարց հինգերորդ։ Երկրի երկրորդ դեմքը՝ Ալեն Սիմոնյանը, մի քանի քպ-ականներով Հայաստանի օրհներգում փոփոխություն են առաջարկում։ Ի՞նչ կարծիքի եք։

Պատասխան։ Երկարատեւ կալանքի պատճառով տարբեր մարմնամասերին վերաբերող քպ-ական վարկանիշներին ծանոթ չեմ։ Հստակ չգիտեմ, թե ՔՊ-ում ով որերորդ դեմքն է, ոտքն է կամ կույրաղիքը։ Վերաբերմունքս էլ հստակ է. դրանց պետք է կիլոմետրերով հեռու պահել թե պետությունից, թե պետական խորհրդանիշներից։

Հիշում եմ, որ նույն անձը, իր կատարյալ տգիտությունը մերկացնելով, նաեւ Հայաստանի զինանշանն էր քննադատում։ Ասում էր, օրինակ, թե առյուծ խի՞ է պատկերված, Հայաստանում առյուծ չկա։ Դնում եմ մի կողմ, որ Հայկական բարձրավանդակում առյուծներ ապրել են։

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նրա կաղ տրամաբանությամբ անգլիացի դեպուտատները առաջակեն իրենց զինանշանից հեռացնել միաեղջյուրին (unicorn), կամ Ռուսաստանի, Սերբիայի, Ալբանիայի պատգամավորները՝ երկգլխանի արծիվներին։

Վերադառնալով օրհներգի հետ կապված նրանց նոր ցնդաբանությանը, ապա հեռու պահեք նրանցից Ֆրանսիայի օրհներգի տեքստը՝ Մարսելյեզան, որը սկզբից մինչեւ վերջ արյունահեղության, մահերի եւ այլ դաժան տեսարանների մասին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930