Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս տարի է անցել, ինչ լիովին հասկացել ենք՝ մեզ դավաճանել են. ինձ չեմ տեսնում Արցախում՝ Ադրբեջանի կազմում». Աննա Մանգասարյան

Նոյեմբեր 09,2024 16:58

«Չորս տարի է անցել, ինչ լիովին հասկացել ենք՝ մեզ դավաճանել են: Ճիշտ է, լինելով Արցախում, 44-ի սկզբնական շրջանում ես հասկացա, որ այդ «հաղթել ենք»-ը միֆ է: Բայց սրտի խորքում մի փոքրիկ հույս էի թողնում, որ միգուցե մի բան փոխվի: Բայց ամսի 8-ին՝ Ալիեւի հայտարարությունից եւ ամսի 9-ին՝ Արցախի նախագահի խոսնակի խոսքերից հետո, հասկացա, որ ոչ թե Արցախն ընկավ (ամսի 9-ին արդեն Շուշին), այլ մեզ դավաճանեցին: Մենք դավաճանվեցինք հենց մեր ձեռքերով, «յան» ազգանունով ոչ հայ տեսակի ձեռքով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Աննա Մանգասարյանը:

«Դաժան էր, շատ ու ցավալի էր: Ինձ համար ամենադաժանն այն է, որ մենք չկարողացանք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի գիշերը դրա հախից գալ (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից-Ն. Գ.)… այդ թվում նաեւ ես՝ հրապարակում էի: Ու ո՞նց կարողացան այդ ժողովրդին, ով գազազած էր ու պատրաստ էր ամեն քայլի, նորից հետ կանգնեցնել: Ու հիմա ինձ համար դա էլ է առեղծված. ո՞նց արեցին դա, անգամ չեմ էլ հիշում՝ ո՞վ արեց: Հիմա ինձ համար դա հասկանալն էլ է շատ կարեւոր: Հիմա մնացել են շատ հարցեր, որոնց պատասխանները չենք կարողանում գտնել»,- պատմում է մեր զրուցակիցը:

Իսկ սպասելիքների մասին խոսելն, ասում է, ավելի բարդ է. «Մինչեւ Հայաստանում իշխանափոխություն չլինի, սպասելիքներից խոսել չենք կարող: Ի՞նչ սպասելիքից խոսենք: Գոնե կարողանանք այնպես անել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներից զիջումներ չլինեն, բայց մեր ազգը դա չի ուզում ընկալել: Որ խոսում ենք, իրենց թվում է, թե մենք կորցրել ենք, ուզում ենք այստեղ գալ՝ տեր ու տիրական լինել: Բայց չէ. այն, ինչը ես, մենք տեսել ենք, ես չեմ ուզում, որ նույնն այստեղ տեսնեն: Այսօր ես նկար եմ հրապարակել… դա իմ վերջին նկարս էր Արցախում… ամենադաժան ու ցավալի նկարն է ու ես չեմ ցանկանա, որ որեւիցե մեկը, երբեւէ ունենա այդպիսի նկար, որ հրապարակի ու ասի, որ դա ամենացավալի նկարն է, որ ինքը հրաժեշտ է տալիս իր ծննդավայրին: Սպասելիքներ չունեմ ես սրանց օրոք, մինչեւ սրանց չփոխենք, ոչ մի դրական ակնկալիքներ չեմ տեսնում»:

Արցախ վերադարձի հավանականության մասին հարցիս էլ Աննան պատասխանում է. «Սրանց իշխանության օրոք՝ հաստատ չկա: Ես հասկանում եմ, որ սրանք ամեն ինչ անելու են, որ արցախահայությունը զզվի, հիասթափվի ու ճարահատյալ, ոնց լքեց Արցախը, վերադառնա Արցախ՝ Ադրբեջանի կազմում եւ իրենք դրանով փառավորվեն, հիանան: Դա դժվար թե լինի, շատ արցախցիներ, դժվար թե վերադառնան՝ այդ պայմանով: Կլինեն մարդիկ երեւի թե, որ կվերադառնան, որովհետեւ այլ ելք չի լինի, ֆիզիկապես ապրելու այլ տարբերակ չեն գտնի…Արցախն Ադրբեջանի կազմում… դժվար թե ես վերադառնամ, ես ինձ չեմ տեսնում Արցախում՝ Ադրբեջանի կազմում: Կվերադառնամ այն ժամանակ, երբ Արցախը կլինի կամ անկախ, կամ՝ Հայաստանի մարզ, կամ՝ վատագույն դեպքում, Ռուսաստանի մարզ… ինձ շատ ցավալի է, բայց, ինչեւէ…»:

Հ. Գ. Հիշեցնենք, չորս տարի առաջ, նոյեմբերի 9-ին, Արցախի ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց՝ կեսգիշերից հետո թշնամին մի քանի կասետային հեռահար հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ գրառում էր կատարել՝ վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր. «Զրուցել եմ Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»

Արցախի ՊԲ-ն էլ տեղեկացնում է՝ նոյեմբերի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արեւելյան, հարավային եւ հարավ-արեւմտյան ուղղություններում. «Շուշի-Քարին Տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջիններս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր»:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է հայտարարում. «…թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու եւ Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա եւ այլ տեղերում»։

Արցախի նախագահ Վահրամ Պողոսյանն էլ գրում է. «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո’չ հաջողությունը, ո’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, եւ այս մասին հուսադրող կամ ոգեւորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները եւս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, եւ արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական եւ հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչեւ վերջ»:

Այս գրառումը խոսակցությունների տեղիք տվեց, որ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են:

Ավելի ուշ հայտնվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը.

«Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը եւ աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, եւ թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչեւ վերջ:

Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռեւս կարող է դրսեւորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, եւ դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ»:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Արդեն կեսգիշերին մոտ, ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրեցին եռակողմ հայտարարությունը, որով Արցախի մի մասը հանձնվեց Ադրբեջանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930