2020 թվականի 44-օրյա պատերազմին վերջ տված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հայտարարության ստորագրումից անցել է չորս տարի:
Այս ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի դեմ, բռնի տեղահանման ենթարկել այնտեղի ժողովրդին, ստիպել, որ Արցախի ղեկավարությունը ստորագրի հանրապետության լուծարման մասին փաստաթուղթ, իսկ արցախահայության անվտանգությունն ապահովելու կոչված ռուսական խաղաղապահ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար հրապարակում էր եռակողմ հայտարարության 9 կետերի իմպլեմենտացիայի մասին հոդվածներ՝ հետևելով, թե որքանո՞վ են կողմերը հետևում իրենց ստանձնած պարտավորություններին և ինչ փուլում է գտնվում այս կամ այն գործողության կատարումը:
Ու թեև 2023 թվականի սեպտեմբերից հետո Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների մեծ մասը կորցրել է ակտուալությունը, այդուհանդերձ, տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին և գերիներին վերաբերող կետերը շարունակում են բանակցությունների առարկա մնալ:
Կարդացեք նաև
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվում էր, որ տարածաշրջանում պետք է ապաշրջափակվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:
«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասվում էր վերոնշյալ 9-րդ կետում:
Միևնույն ժամանակ, եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում էր, որ ռուսական վերահսկողության ներքո պետք է շարունակեր գործել Լաչինի միջանցքը, որով իրականացվում էր կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, իսկ Ադրբեջանը երաշխավորում էր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունվեց երկրորդ եռակողմ հայտարարությունը, որի հիմնական առանցքը աշխատանքային խմբի ստեղծումն էր, որը պետք է զբաղվեր հենց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:
Հետագա բանակցություններում, սակայն, պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարման Հայաստանի առաջարկությունները՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը միջազգայնորեն ընդունված ընթացակարգով, այլ պահանջում է անդրսահմանային միջանցք, որը չի լինի Հայաստանի վերահսկողության ներքո:
Հայկական կողմը հետևողականորեն մերժում էր Ադրբեջանի այս պնդումները՝ չնայած այն հանգամանքին, որ ի պատասխան՝ Ադրբեջանը շահարկում էր Լաչինի միջանցքի թեման՝ սպառնալով փակել այն: Եվ իրոք, 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը, կառավարության կողմից վերահսկվող «էկոակտիվիստների» ձեռամբ արգելափակեց Լաչինի միջանցքը՝ շրջափակման մեջ առնելով արցախահայությանը: Շրջափակումը տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը, մինչև Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափումը:
Մինչ այդ, սակայն, 2021 և 2022 թվականների ընթացքում շարունակվում էր ուժեղ ճնշումը Հայաստանի վրա՝ տրամադրելու Ադրբեջանին միջանցք Սյունիքի մարզով, որը կլիներ ռուսական վերահսկողության ներքո: Ռուսական սահմանապահները նույնիսկ սկսել էին փշալարերով եզերել այն տարածքը, որտեղով պետք է անցներ միջանցքը: Ադրբեջանը, իր հերթին, շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հարձակվեց Հայաստանի վրա՝ փորձելով եթե ոչ գրավել միջանցքի տարածքը, ապա ուժով ստիպել Երևանին ընդունել իր պայմանները: Հայկական կողմին, սակայն, համառ դիմադրության և ծանր կորուստների գնով հաջողվեց կանգնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը:
Հարկ է նկատել նաև, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայում ակտիվ ներգրավվածություն ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը մշտապես ու աներկբայորեն հայտարարում է, որ թույլ չի տա տարածաշրջանում տարածքային որևէ փոփոխություններ և որ դեմ է երրորդ կողմի վերահսկողությամբ ճանապարհներին: Իրանի՝ նման դիրքորոշման պատճառների մասին առաջարկում ենք կարդալ այս հոդվածը: Վարկած կա, որ Իրանը դեմ է ոչ միայն արտատարածքային միջանցքին, այլև առհասարակ որևէ ճանապարհի, որը կկապի Ադրբեջանի երկու մասերը՝ անցնելով Հայաստանի տարածքով:
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում ուշագրավ էր նաև եվրոպական միջնորդությունը: Մասնավորապես, 2023 թվականի մայիսին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո խոսվում էր երկաթուղային հաղորդակցության վերականգման մասին: Սակայն այդ թեման, կարծես, հետագա զարգացումներ չունեցավ:
Այդուհանդերձ, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Արցախը հայաթափվեց ու Լաչինի միջանցքն էլ դադարեց գոյություն ունենալուց, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունները այլ բովանդակություն ստացան:
Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերից Հայաստանը առաջ է տանում Խաղաղության խաչմերուկի գաղափարը: Այդ նախագծով Հայաստանն առաջարկում է հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում: Ընդ որում, ինչը շեշտվում է հայկական կողմից, Խաղաղության խաչմերուկի բոլոր ենթակառուցվածքները, հաղորդակցությունները և ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որի տարածքում գտնվում են, և ամեն երկիր պետք է ինքնուրույն երաշխավորի այդ ամենի անվտանգությունը:
Ադրբեջանը Հայաստանի այս առաջարկությունները մերժում է՝ վկայակոչելով Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մասնավորապես՝ դրա 9-րդ կետը: Ռուսաստանը, նույն կերպ, չի ողջունում Խաղաղության խաչմերուկի առաջարկը՝ համարելով, որ դա ընդամենը «տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է», և նույնպես ակնարկելով Նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Ուշագրավ է, սակայն, որ «Խաղաղության խաչմերուկը» ողջունել են ԱՄՆ-ն, Վրաստանը, Հունաստանը, իսկ Իրանն ու Հնդկաստանը առնվազն չեն մերժել՝ շեշտելով Հյուսիս-Հարավ գլոբալ նախագծի կարևորությունը, որը պետք է կապի Հնդկաստանն ու Պարսից ծոցը Ռուսաստանի և Եվրոպայի հետ:
ԳԵՐԻՆԵՐ
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթը, որը շարունակում է արդիական մնալ, վերաբերում է գերիներին: Այստեղ, սակայն, վերջին մեկ տարում որևէ դրական տեղաշարժ չկա: Գերության մեջ են շարունակում մնալ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, այնպես էլ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներ:
Ըստ տարբեր տվյալների, Ադրբեջանում շարունակում են պահվել 55 հայ գերիներ, որոնցից 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ: Սակայն կան վարկածներ, որ Բաքվում բռնի պահվող հայերի թիվը կարող է հասնել մինչև 80-ի:
Հ․Գ․
Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետն ասում էր հետևյալը․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:
Ինչպես արդեն ասացինք, 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը պետք է ապահովեր արցախահայության անվտանգությունը, արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի իշխանությունները, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իրատեսական չեն համարում արցախահայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, փոխարենը, հայաստանյան ընդդիմության որոշ հատվածներ, ինչպես նաև արցախցի որոշ գործիչներ պարբերաբար պահանջում են Հայաստանից բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը տարբեր միջազգային հարթակներում:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանում ակտիվ է նաև դիսկուրսը Նոյեմբերի 9-ի հայտարարությունից առհասարակ հրաժարվելու շուրջ, ինչը, սակայն, աջակցություն չի ստանում իշխանության կողմից, որի պնդմամբ, Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ շարունակում է որոշակի լծակներ տալ Հայաստանին՝ Ադրբեջանին ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու համար:
Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ
«ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»