Գորիսի «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ն «Անվտանգ երթեւեկության ապահովում Գորիսում» ծրագրի շրջանակում հերթական քննարկմանն էր հրավիրել դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ծնողների, համայնքապետարանի ներկայացուցիչների ու բնակավայրերի վարչական ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների, պարեկային ծառայության աշխատակիցների։ Շահագրգիռ ու շահակից կողմերի օրակարգում՝ Գորիս համայնքի ճանապարհա-տրանսպորտային խնդիրները, մշտադիտարկման արդյունքում արձանագրված դիտարկումներն ու ֆոկուս խմբերի առաջարկներն էին։ Ըստ մասնագետների՝ Գորիսում կան ճանապարհներ ու փողոցներ, որտեղ ճանապարհային երթեւեկության նշանները ճիշտ չեն տեղադրել։ Առաջարկվեց նաեւ՝ տեղեկատվական արշավներ կազմակերպել հետիոտների համար, որպեսզի նրանք էլ փողոցը հատեն անցումներով։
10 ամիս տեւողությամբ ծրագիրն իրականացվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Նպատակն է բարձրացնել Գորիս խոշորացված համայնքի բնակչության իրազեկվածությունը անվտանգ երթեւեկության վերաբերյալ։
Կարդացեք նաև
«Սկսելու ենք դպրոցներից, սովորողների համար իրազեկման դասընթաց-վարժանքներ ենք անցկացնելու անվտանգ երթեւեկության կանոնների մասին։ Ի դեպ, դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն ու ԿԶՆԱԿ-ը (Կրթության զարգացման ու նորարարությունների ազգային կենտրոն) երաշխավորել է դպրոցներում ծրագրի իրականացումը»,-նշեց ծրագրի ղեկավար Էլմիրա Բալասանյանը։
Արդեն կազմվել է առաջարկների փաթեթը, որը կներկայացվի պատկան մարմիններին։
Ընթացքում են երթեւեկության վերաբերյալ սեղանի խաղի ստեղծման աշխատանքները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ