Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պուլուզյան. «Այսօր այդ փաստաթուղթը չկա, այն կարելի է համարել մեռած, բայց չթաղած». «Ապառաժ»

Նոյեմբեր 09,2024 13:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2020թ․-ի նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրն ու Արցախի փուլ առ փուլ հանձնումը․

2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով հանձնվեց Շուշին, Ակնան, Քարվաճառը, ապա՝ Բերձորը, ընդհատվեց Հայաստանի հետ կապը, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, այնուհետեւ՝ 2023-ին, ամբողջությամբ հայաթափվեց։

Հազարավոր զոհեր եւ վիրավորներ, հաշմանդամ, անհայտ կորած եւ գերեվարված հայրենակիցներ, հուսալքված եւ տարագիր ժողովուրդ։ 44 օր դիմադրեց Արցախը, դիմադրեց՝ սեփական հողում ապրելու իր իրավունքը հաստատելու, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը վերակերտելու հավատքով եւ նվիրումով։

Ի՞նչ էր խոստանում Արցախին նոյեմբերի 9-ի պայմանագիրը, այն կրակի դադարեցման պայմանագիր էր, թե Արցախը հանձնելու նախապես մշակված ծրագիր։

Փաստաթղթի շուրջ զրուցել ենք Արցախի քաղաքական գործիչների հետ։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը մահացած փաստաթուղթ է համարում․ «Այսօր այդ փաստաթուղթը չկա, այն կարելի է համարել մեռած, բայց չթաղած։ Ադրբեջանն այդ պայմանագրով պարտադրեց առանց կրակոցի իրեն հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններ, որից հետո Հայաստանի իշխանությունը հրաժարվեց Արցախի նկատմամբ իր առարկայական և բարոյական պարտավորություններից։ Իհարկե, եթե հայկական կողմը ճիշտ արտաքին քաղաքականություն որդեգրեր՝ կարող էր ստեղծված իրողություններին համահունչ, ի շահ Հայաստանի եւ Արցախի պահանջներ ներկայացնել, լինի դա վերադարձի իրավունքի հարցը, կամ գերիների ազատ արձակման պահանջը, որոնց հիման վրա կարելի էր նոր՝ առավել հայանպաստ, փաստաթուղթ ձևավորել։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանային քաղաքական իրավիճակը շատ է փոխվել, ուժերի դիրքավորումը ի վնաս Հայաստանի է, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Դիվանագիտական ասպարեզում տքնաջան աշխատանք, ստեղծագործ միտք, շահերի իրական գնահատում և սկզբունքայնություն է անհրաժեշտ»,- շեշտում է Արա Պուլուզյանն ու հավելում․ «2020-ի նոյեմբերի 9-ով տարածաշրջանում իր ներկայությունն ամրագրեց և օրինականացրեց Թուրքիան՝ Ակնայում փաստաթղթավորված ռազմական ներկայություն ապահովելով։ Դա ՆԱՏՕ-ական երկրի առաջին մուտքն էր ԱՊՀ տարածք։ Այդ լեգիտիմացված միջնորդության հետևանքով է, որ այսօր ևս Թուրքիան շարունակում է իր ազդեցության տակ պահել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա, որին, տրվում են ՀՀ ներկա իշխանությունները»,- նշել է Արա Պուլուզյանը` նոյեմբերի 9-ը համարելով Արցախի պատմության մեջ այն կետը, որից շեշտակի է դարձել գահավիժումն ու Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը։

Հ․ ՇԻՆԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930