Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան․ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին․ «Փաստ»

Նոյեմբեր 09,2024 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հանձնվեց Արցախը: Այսօր այդ նույն մարդիկ, նույն քաղաքական ուժն ասում է, որ իրենք մեղքի որևէ բաժին չունեն, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, որ կարողանան հետագայում շտկել: Այն քաղաքականությունը, որը վարվեց նոյեմբերի 9-ից հետո, մասնավորաբար այն, որ ամբողջ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցածի պատասխանատուն են: Փաստն այն է, որ նրանք հանձնեցին Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ այսօր փորձում են հերթական անգամ մանիպուլյատիվ կերպով ներկայացնել կատարվածը, իբր իրենց մեղքի բաժինը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Աղետալի հետևանքներով պատերազմի ավարտին, որպես հրադադարի փաստաթուղթ, ստորագրվեց եռակողմ հայտարարությունն իր ինը կետերով: Թե այդ կետերից քանիսն իրականություն դարձան, ասելու կարիք, կարծես թե, չկա, բայց անգամ հումանիտար՝ 8-րդ կետը, այն է՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը, հայկական կողմի համար անիրականանալի մնաց: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատերն են կապիտուլյացիա համարում, շատերն էլ նշում են, որ այդ փաստաթղթի ընձեռած հնարավորություններից գոնե պետք էր օգտվել: «Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց, որոշներն այն կապիտուլյացիա էին որակում, ոմանք՝ որպես հրադադարի ռեժիմ, մյուսներն էլ՝ Ռուսաստանի մուտքն Արցախ: Եթե ուշադրություն դարձնենք այդ փաստաթղթի բովանդակությանը, ապա դրանում կային որոշակի կետեր, որոնք ինչ-որ առումով բխում էին հայկական կողմի շահերից: Օրինակ՝ պետք է անխափան գործեր Լաչինի միջանցքը, պետք է կոմունիկացիաները գործեին, Արցախի անվտանգությունը պետք է ապահովվեր:

Այդ փաստաթղթի պատասխանատուն բոլոր կետերի առումով Հայաստանի Հանրապետությունն էր՝ ի դեմս վարչապետի, քանի որ այն եռակողմ էր, նաև Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան խախտումներ հայտարարության կետերի մասով, իսկ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին: Այդ փաստաթղթի հայանպաստ կետերը ժամանակ առ ժամանակ խախտվում էին, և պահանջատեր չունեինք: Հայտարարության 9-րդ կետն առ այսօր Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել պարտադրանքի լեզվով, իսկ օրվա իշխանությունները խուսափում են այլ կետերի մասին խոսելուց, որը հիմք է տալիս մտածելու, որ, այո, Հայաստանի օրվա իշխանությունները համաձայն էին, որ հայտարարության կետերը կյանքի չկոչվեին:

Այսօր միայն համաձայն չեն իններորդ կետի կյանքի կոչման հետ, որն էլի իրենք են ստորագրել: Ադրբեջանը միայն այդ կետով կարողացավ շանտաժի լեզվով խոսել Հայաստանի հետ՝ բռնի ուժ, ռազմական գործողություններ գործադրելով հայերի հանդեպ, կարողացավ Արցախն ամբողջությամբ հայաթափել և հասնել իր երազանքին: Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանի ղեկավարությունը չէր կարող երազել, որ Ստեփանակերտում ինչ-որ շքերթ կընդունի»,հավելում է պատգամավորը՝ ընդգծելով. «Փաստաթղթի որևէ կետ Ադրբեջանը չի կատարել, իսկ հայկական կողմը պահանջատեր չի եղել: Դրա համար այսօր չի կարողանում այնպես անել, որ հայտարարության իններորդ կետի մասին չխոսվի: Դա պարտված իշխանության ձեռագիրն է»: Շատ հետո պետք է հասկանայինք, որ եռակողմ հայտարարության ստորագրումը վատագույնը չէր, ինչ մեզ հետ պիտի տեղի ունենար:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930