Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտ Սարգսյան․ Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը․ Շուշին հանձնվել է դավաճանությամբ․ «Ապառաժ»

Նոյեմբեր 09,2024 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1991թ. մարտին ինձ նշանակել էին ՀՅԴ Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեի նախագահ: Արցախում ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերը (ՕՄՈՆ) 1991 թվականի ապրիլին սկսել են իրականացնել «Օղակ» ռազմագործողությունը:

Ստեփանակերտի ենթակոմիտեի ապրիլյան նիստում իմ առաջարկությամբ ենթակոմիտեի մարտական գործերի պատասխանատու Ֆելիքս Գաբրիելյանին հանձնարարվում է հաջորդ նիստին ներկայացնել Ստեփանակերտի ինքնապաշտպանության կազմակերպման ծրագիրը: Հաջորդ նիստին ենթակոմիտեի մարտական գործերի պատասխանատուն ներկայացրել է ծրագիրը:

Նա առաջարկել է Ստեփանակերտը բաժանել 6 պաշտպանական գոտիների, նշանակել պատասխանատու-հրամանատարներ եւ գործել խիստ բանակային ռեժիմով: Բնականաբար, հաշվարկները կատարելիս հիմք է ընդունվել Ստեփանակերտի ենթակոմիտեի 17 խմբերը եւ նրանց տեղաբաշխվածությունը: Նա գտնում էր, որ անպայմանորեն պետք է համագործակցել Ստեփանակերտում գործող մարտական այլ խմբավորումների հետ, որոնց ղեկավարների հետ ունի նորմալ հարաբերություններ: Հակառակ դեպքում կարող են առաջանալ տարաձայնություններ եւ վնասել ինքնապաշտպանությանը:

1991թ. հոկտեմբերին Ֆ. Գաբրիելյանը նշանակվում է Ստեփանակերտ քաղաքի պարետի տեղակալ: Նրա ցուցումով ԼՂՀ ԻՈւ Շտաբի պետ Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանով, նոյեմբերի 1-ին ինձ նշանակում են Ստեփանակերտի ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար: Տարածքն ընդգրկում էր Ստեփանակերտի 9-րդ դպրոցից մինչեւ Կոնդենսատորների գործարանը եւ հարակից շենքերը: Տարածքը Ստեփանակերտի 6 գոտիներից ամենավտանգավորն էր, քանի որ հարեւանությամբ գտնվում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատայիններով եւ զինվորականներով տեղակայված գյուղեր: Թշնամին Ստեփանակերտի եւ Ջամիլու գյուղի միջեւ ընկած 989-րդ բարձունքին տեղադրել էր հենակետ, որով հսկում էր 6-րդ գոտու տարածքի կեսը:

1991թ. դեկտեմբերի 15-ին վաղ առավոտյան սկսվել է Ջամիլու գյուղի ազատագրումը, որին մասնակցել են Արցախի ԻՈՒ առաջին վաշտի, Խնածախ եւ Բալուջա գյուղի ջոկատների ազատամարտիկները: Նույն օրը ազատագրվել է Ջամիլու գյուղը, բայց վտանգը չէր վերջացել, քանի որ Քյոսալար եւ Ջանհասան գյուղերից ռմբահարում էին Ստեփանակերտը:

1992թ. մարտին պլանավորված էր ազատագրել Շուշին, բայց տարբեր պատճառներով այն հետաձվել է: Շուշիում տեղակայված էր թշնամու 2500 հոգանոց զորամիավորումը: Ռազմագիտության համաձայն հարձակվող կողմը պետք է ունենա առնվազն չորս անգամ ավելի զինվորներ, որը Արցախը այդ ժամանակ չէր կարող կենտրոնացնել:

1992թ. մայիսին սկզբներին վերջնականապես որոշվում է ազատագրել Շուշին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ մշակված «Հարսանիք լեռներում» ռազմագործողության համաձայն:

Ես մայիսի 6-ին հանդիպել եմ ԼՂ ԻՊ առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանին, խնդրել, որ թույլ տա վաշտի ազատամարտիկների հետ մասնակցեմ Շուշիի ազատագրմանը: Նա կտրականապես մերժել է, ասելով, որ ես 6-րդ գոտու հրամանատարն եմ, պետք է պարտականությունը կատարեմ: Ես փորձել եմ դիմել Շուշիի ազատագրման 4 ուղղություններից մեկի հրամանատար Արկադի Կարապետյանին, բայց ապարդյուն: Արկադի Տեր-Թադեւոսյանը տեղեկացված լինելով իմ ցանկության մասին զանգահարել է եւ խստորեն զգուշացրել, որ ինձ հանձնարարված դիրքը թողելու դեպքում «ռազմական տրիբունալի տակ եմ ընկնելու»:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ես եղել եմ Ստեփանակերտի աշխարհազորի շտաբի պետը: Լինելով Սարուշեն գյուղում ականատես եմ եղել, թե ինչպես են թշնամու զինվորները եւ զինտեխնիկան նոյեմբերի սկզբներին գիշերը անարգել տեղաշարժվում Շուշիի ուղղությամբ:

Որտե՞ղ էր մեր հրետանին, որտե՞ղ էր համապատասխան գոտու հրամանատարությունը: Մի՞թե հնարավոր չէր այդ ճանապարհը ժամանակին ականապատել: Պարզ է, որ հերթական անգամ կատարվել է դավաճանություն:

Ցավալին այն է, որ մինչեւ հիմա այդպես էլ հայտնի չէ, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը: Շուշին հանձնվել է դավաճանությամբ:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

Արցախյան շարժման ակտիվիստ

Արցախի Խորհրդարանի 1-ին եւ 2-րդ գումարումների պատգամավոր

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930