Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան․ «Փաստ»

Նոյեմբեր 09,2024 09:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտի համար, քան, ասենք, Թրամփի ընտրությունը:

Բայց «Ընտրական օրենսգրքի», իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ այդ օրենսգրքի իմաստազրկման նպատակ հետապնդող փոփոխությունները, կարծես, դեռ այնքան էլ չեն հետաքրքրում հանրության նույնիսկ քաղաքականացված շրջանակներին կամ շերտերին: Ինչի՞ մասին է խոսքը: Մասնավորապես, փաշինյանական իշխանությունն առաջարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այսպիսի փոփոխություն ներմուծել. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»:

Ըստ որում, այս ոլորապտույտ փոփոխությունն առաջին ընթերցմամբ ԱԺ քպական մեծամասնությունն արդեն ընդունել է: Եթե վերոմեջբերյալը «թարգմանենք» նորմալ, ընկալելի հայերենի, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ասում են, որ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ժամերին կարող են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել, ինչը նշանակում է, որ կատարված ընտրության արդյունքները զրոյացվում են կամ ոչ ևս են ճանաչվում: Է՛լ ավելի պարզ ասած՝ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ, հենց Նիկոլ Փաշինյանը (կամ օրվա իշխանությունը) տեսնի, որ բավարար չափով ձայներ չի ստացել, կեղծ ու սուտ թվեր էլ չի կարող հայտարարել, ընդամենը ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարում, ընտրության արդյունքները չեղարկում ու շարունակում առոք-փառոք հեծանիվ քշել, կներեք՝ պաշտոնավարել, պարգևավճարվել, «պադավատվել» և այլն:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ամեն կերպ պատրաստվում են ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ նախապատրաստվում են «ընտրություն» անվանմամբ միջոցառման, պայմանով, որ իրենք երաշխավորված պահեն իշխանությունը: Ավելին, քանի որ հասկանում են, որ դա գրեթե անհնար կլինի օրինական ճանապարհներով անել, հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան: Հասկանալի է, չէ՞, որ շատ քիչ է հավանականությունը, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն լինի հենց քվեարկության ավարտին հաջորդած ու քվեարկության արդյունքները արձանագրելու միջակայքում: Տեսականորեն, այո, հնարավոր է, որ բնական կամ տեխնածին աղետ լինի հենց քվեարկության օրվա ժամը 20:00-ից հետո: Բայց խնդիրն այստեղ արտակարգ դրությունը չէ, այլ ռազմական դրությունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930