Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը բեկանել է «կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատի» գործով դատավճիռը

Նոյեմբեր 09,2024 12:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նոյեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով քննեց եւ ավարտեց Ք. Քյարամյանի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. ապրիլի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը:

2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազը հաստատել եւ վարույթի նյութերը, ըստ մեղադրանքի՝ Ք. Քյարամյանի, Լ.Մ.-ի, Հ.Գ.-ի, Օ.Կ.-ի եւ Ս.Թ.-ի, հանձնել էր ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

2024 թվականի մարտի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը քննության առնելով թիվ ՀԿԴ/0178/01/22 քրեական գործից մեղադրյալ Ք. Քյարամյանի նկատմամբ գործն անջատելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել այն բավարարելու եւ Քյարամյանի նկատմամբ գործն առանձին վարույթում անջատելու մասին։

Թիվ ՀԿԴ/0178/01/22 գործի մեղադրական եզրակացության համաձայն, Ք. Քյարամյանը աշխատել է ՍՊ ընկերությունում, առողջական խնդիրներ առաջանալու մտավախությունից դրդված՝ չի ցանկացել կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել եւ ՀՀ առողջապահության նախարարի՝ հիշյալ հրամանով սահմանված՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու եւ այդպիսով՝ պարբերաբար պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարովի թեստ չհանձնելու նպատակով, իր նախկին համագյուղացու՝ Հ.Գ.-ի հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին դիմել է նրան, խնդրելով միջնորդել իր եւ որդիների համար, առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, գումարի դիմաց ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Հ.Գ.-ն, ընդառաջելով Ք. Քյարամյանի խնդրանքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու մտադրության մասին, իր հերթին խոստացել է դիմել իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական ամբուլատորիաներից մեկի տնօրենին՝ Լ. Մ.-ին, եւ «պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու շուրջ, ապա՝ նպաստել է կաշառք տալու շուրջ կայացած համաձայնության իրականացմանը:

Մեղադրյալ Քյարամյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ նախնական դատալսումների ընթացքում ընտրված խափանման միջոցը փոխվել է եւ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Հակակոռուպցիան դատարանի մեղադրական վերդիկտի հաաձայն՝ Քյարամյանին մեղսագրվել են արարքներ՝ նախատեսված այն կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին եւ ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 312-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (որոնք համապատասխանում են սույն որոշումը կայացնելու պահին գործող (3 դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին եւ (2 դրվագ) 46-445-րդ հոդվածի 1-ին մասին):

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 18-ի որոշմամբ Ք. Քյարամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) իրականացվող հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Արձանագրվել էր նաեւ, որ քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարման հետեւանքով հատուցման ենթակա վնաս չկա:

Այս տարվա ապրիլի 2-ի դատավճռով, Քյարամյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ (1-ին դրվագ), 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ (3-րդ դրվագ):

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ մեղադրյալ Քյարամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանքը՝ հանցանքը կատարելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 ՀՀ դրամի չափով:

Մեղադրյալ Ք. Քյարամյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը թողնվել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ բողոքաբեր ՀՀ գլխավոր դատախազի, վաղեմության ժամկետն անցնելու ժամկետը դեռ չէր ավարտվել, այն 5 տարի էր, եւ լրանալու էր 2026 թվականի հոկտեմբերի 12-ին: Մինչդեռ, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերից մեկը նախկին քրօրն էր՝ 75 հոդվածը, դատարանները հաշվի չէին առել, որ Քյարամյանի կատարած արարքը ոչ թե «մեծ ծանրության էր», այլ՝ «միջին ծանրության» հանցանք:

Վճռաբեկ դատարանը բեկանել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի այս տարվա ապրիլի 18-ի որոշումը, մերժել պաշտպան Գ. Միքայելյանի միջնորդությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930