Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մանդատը հիմա հսկայական բեռ եւ պատասխանատվություն է»

Նոյեմբեր 09,2024 13:00

«Ես ընդդիմության անսխալական լինելու թեզի կրողներից չեմ, բազմաթիվ լրջագույն խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել». «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը

-Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը, որի ակտիվ մասնակիցներից էիք նաեւ Դուք, կարծես լռելյայն մարեց. ինչո՞ւ, հետեւություններ արվե՞լ են, ինչն այնպես չարվեց։

-Շարժումն այս պահին ակտիվ գործողությունների փուլում չէ, բայց կարծում եմ, դրա ավարտի մասին խոսելը ճիշտ չէ։ Իսկ հետեւությունների առումով պետք չէ սպասել որեւէ գործընթացի ավարտի, կարծում եմ՝ ընդդիմադիր շարժումների, ինչպես նաեւ անհատների, կուսակցությունների համար լրջագույն խնդիր է շարունակում մնալ արդյունավետ հանրային հաղորդակցության հարցը։ Խնդիրներն, իհարկե, բազմաշերտ են, բայց իմ կարծիքով՝ անկյունաքարային է հենց հաղորդակցության խնդիրը, որովհետեւ գործողություններին մարդկանց մասնակցությունից սկսած մինչեւ համատարած հուսալքության պրոպագանդա՝ բոլոր խնդիրների արմատը հենց այստեղ է։

– Արցախը հանձնելու մեկնարկից՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո եղած ընդդիմադիր բոլոր շարժումներն էլ վերջնանպատակին չհասան. այս մասին մտորե՞լ եք, ինչո՞ւ է այդպես ստացվում։ Ի դեպ, այնպես չէ, հասարակության դոմինանտ մասը իշխանության համակիրն է, ավելին, երեք ընդդիմադիր շարժումներն էլ ունեցել են մարդկանց, այսպես ասած, կրիտիկական զանգված, որը նաեւ աճելու միտում է ունեցել, բայց անգամ այդ պարագայում, շարժումները չեն հաջողել։ Ստացվում է՝ ճշմարտություն կա այն տեսակետի մեջ, որ խնդիրը շարժման կազմակերպիչների հետ կամ մեջ է։

-Հարցը, բնականաբար, մեր ամենօրյա մտորումների առանցքում է։ Ինչո՞ւ դեռեւս չի ստացվում ավտորիտար, ուժային համակարգերին տիրապետող, թշնամական պետությունների աջակցությունը վայելող, սուտ խոսելու հետ խնդիր չունեցող իշխող խմբի տապալումը՝ հարցի պատասխանը բազմաշերտ է, որովհետեւ խնդիրն էլ բարդագույններից է։ Խնդիրներ կան եւ տիրապետած ռեսուրսների համամասնության, եւ տեղեկատվական դաշտում հեգեմոնիա, եւ բնականաբար՝ աշխատանքները ճիշտ կազմակերպելու հարցում։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այս թիմին իշխանությունը հաջողվել է վերցնել առնվազն 10 տարի ակտիվ փողոցային պայքարից հետո միայն։

Ես ընդդիմության անսխալական լինելու թեզի կրողներից չեմ, բազմաթիվ լրջագույն խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել։ Ի վերջո, քանի այս մարդիկ իշխանության են, արդյունավետ քայլերի մասին չենք էլ կարող խոսել։ Սակայն անարդար եմ համարում նաեւ միայն այն մարդկանց թիրախավորելն ու քավության նոխազ դարձնելը, ովքեր բարդագույն իրավիճակում իրենց վրա չափազանց մեծ պատասխանատվություն են վերցրել, մեծ ռիսկի են գնացել եւ իրենց են ներդրել պայքարի հաջողման համար։

-Կրկին ակտիվացել են ընդդիմության՝ մանդատները դնելու մասին խոսակցությունները. ինչո՞ւ են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կառչած մանդատներից։ Հասկանալի է, որ իրավական, ինստիտուցիոնալ, քաղաքական առումով այդ քայլը ոչինչ չի տալու, հարցը զուտ բարոյական հարթությունում է, բայց ընդդիմադիր պատգամավորներին դո՞ւր է գալիս, որ, ասենք, Ալեն Սիմոնյանը հեգնում է, նախատում է, վիրավորում է իրենց։ Կամ՝ մարդիկ, այդ թվում նաեւ ընդդիմության համակիրները, չեն հասկանում իշխանական պատգամավորների հետ ընդդիմադիրների «ջան-ջիգյարները», համատեղ գործուղումները։

– Ընդդիմադիր պատգամավորներին, եւ կարծում եմ՝ բոլոր ադեկվատ մարդկանց, առաջին հերթին դուր չի գալիս երկրի անվտանգային համակարգի փլուզումը, Արցախի հանձնումը, ցեղասպանությունից 100 տարի անց ցեղասպանության գունավոր պատկերների կրկնությունը… մնացածն ածացյալ է, պարզապես հաճախ, երբ ունես պատասխանատվություն, ստիպված ես առաջնորդվել՝ ինչն է ճիշտ սկզբունքով, ոչ թե ինչն է անձնապես քեզ դուր գալիս սկզբունքով։ Դա այս դեպքում ամենահեշտ տարբերակը կլիներ։ Մանդատների վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, ես հանգիստ եմ վերաբերվում յուրաքանչյուր կարծիքի։ Ինքս նախընտրում եմ առաջնորդվել արդյունավետության մասին պատկերացումներով. անել մի բան, եթե դա նպաստում է դրված նպատակի իրագործմանը, եւ չանել, եթե չի նպաստում։

Ինչ վերաբերում է մանդատից կառչած լինելուն՝ այսպիսի պայմաններում ընդդիմադիրի մանդատից կարող է կառչած լինել միայն տրամաբանություն եւ արժեքներ չունեցող մարդը։ Ընդդիմադիրի համար մանդատը հիմա հսկայական բեռ եւ պատասխանատվություն է։

-Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, ինչի՞ պատրաստ լինել։

-Եթե անգամ կա անդորրի տպավորություն, դա թվացյալ է։ Մեր շուրջ եւ մեր ներսում իրավիճակը եռում է, գործընթացները շատ արագ են զարգանում։ Ի վերջո, բոլոր հարցումները ցույց են տալիս հակաիշխանական կուտակված էներգիայի առկայությունը։ Իսկ էներգիայի պահպանման օրենքը հուշում է, որ այն որեւէ տեղ անհետանալ չի կարող։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930