Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Բանակցությունները, որ ընթանում են մեր աչքից հեռու, հավասար կողմերի մեջ չեն: Այդտեղ կան կարեւոր առաջին անձինք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ կա մեկը, որը լսում է»

Նոյեմբեր 08,2024 22:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր «Հայելի» ակումբում իր խոսքն սկսեց Հայաստանի մարզիկների հաղթանակները շնորհավորելով: «Մեր մարզիկները շատ բարձր են պահում Հայաստանի պատիվը: Ես շնորհավորում եմ իրենց եւ մարզիչներին այդպիսի խիզախումներ ցուցաբերելու համար: Կցանկանամ, որ այս օրերին մեր մարզիկները մեզ համար լինեն ուղեցույց: Կարեւոր է՝ հասկանանք, որ եթե սպորտում կարեւոր է առաջինը լինել, հաղթողը լինել, որքա՜ն ավելի կարեւոր է, որ կյանքում լինես հաղթող եւ թույլ չտաս, որ քեզ հաղթի որեւէ անարժան:

Հիմա անդրադառնանք Բաքվից Հայաստանի իշխանություններին փոխանցած խաղաղության պայմանագրի նոր փաթեթին: Այդ փաթեթները կարող են շարունակվել: Իրականում այդ փաթեթների շուրջ չեն գնում բանակցությունները եւ դա գաղտնիք չէ: Այս վեց տարիների, մասնավորապես, վերջին չորս տարիների ընթացքում տեսնում ենք, որ կարեւորագույն պայմանավորվածությունները իրականացվում են հասարակության, ժողովրդի աչքից շա՜տ-շա՜տ հեռու: Եվ իրականում դրանք հավասար մարդկանց զրույց, բանակցություններ չեն: Հայաստանի Հանրապետությունը, նրա ժողովրդի եւ պետության շահերը չեն ներկայացվում մեր աչքից հեռու այդ հանդիպումների ժամանակ: Այդտեղ կան կարեւոր առաջին անձինք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ կա մեկը, որը լսում է:

ՀՀ իշխանությունը ինչքան էլ խոսի, թե հերթական փաթեթն է ուղարկել, ինչ է արել, այդ փաթեթի մեջ գրված բոլոր զիջումները, կամ  համաձայնությունները, բոլորը արված են Ադրբեջանի, Թուրքիայի հրամանով, կամքով: Եվ այդտեղ բացարձակապես որեւէ բան չի բխում հայ ժողովրդի, Հայաստանի եւ համայն հայության շահերից:

Այս բավականին դաժան իրողությունը ես բացատրում եմ այն 43 %-ին, որ հավանում են այս իշխանություններին: Հիշեցնեմ, որ վերջերս տպագրվեցին մի հարցման արդյունքներ, որտեղ 57 տոկոսը դժգոհ է այս իշխանություններից: Շատ հետաքրքիր է, մյուս 43 տոկոսդ ինչի՞ց եք գոհ: Համաձայն եք, որ մաս-մաս հանձնվի հայկական աշխարհը, միայն թե դուք ձեր տանը, նկուղում, ձեր բախչայում ձեզ լա՞վ զգաք: Խոսքս վերաբերում է ոչ միայն Արցախի հանձնմանը, որը ոչ միայն զավթել, այլեւ այնտեղ արդեն ամրապնդում է իր ուժերը Ադրբեջանի կարեւոր եւ պատրաստված զինված ուժերը: 43 տոկոս, ես հասկանում եմ, որ դուք դրան էլ եք համաձայն, միայն չգան, ձեր բախչային ու տանը չկպնեն: Բայց ուզում եմ ձեզ անհանգստացնել: Այդպես չէ, որ դու դաժան վերաբերմունքի հետ գործ ունես եւ չես դիմում պատժելիության սկզբունքին:

Հիշեք. թուրք-ադրբեջանական աչքը ձեր անձնական կյանքի, ձեր երեխաների, ձեր ունեցվածքի վրա է: Ես չեմ չափազանցեցնում: Բազմիցս եմ ասել, որ կարող եք մեկ անգամ տրամաբանել: Ովքեր չեն կարողանում, թող հարցնեն նրանցից, ով կարողանում է տրամաբանել: Բոլոր դրվագները վկայում են, թե այդ 43 տոկոսը, մեղմ եմ ասում, ի՜նչ աստիճան անհասկացող է: Այդ ի՜նչ աստիճան անտարբեր եք ձեր ընտանիքի, ձեր երեխաների ճակատագրի նկատմամբ: Դա չի ներվում:

Ինձ էլ են մոտենում ու հարցնում, թե միասին չե՞նք ապրել: Մոռացեք: Դուք ապրել եք Սովետական Միությունում: Բայց 1988-1991 թվականներին Սովետական Միությունն էլ չէր կարողանում զսպել քաղաքակրթությունից դուրս գտնվող թուրք-ադրբեջանական քաղաքական վերնախավի ցեղասպանական նպատակները»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930