Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկաներից Անի Ռափյանը: Վերջինս գործով վիճելի շրջանում՝ 2015-16 թվականներին, սովորել է կլինիկական օրդինատուրայում եւ ուսանողական խորհրդի նախագահն է եղել, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական՝ ուսանողական աշխատանքների գծով: Ներկայումս եւս այս վկան ԵՊԲՀ աշխատակից է:
Անի Ռափյանից այսօր դատախազը հետաքրքրվեց՝ Հայաստանից նրա բացակայելու օրերին եղե՞լ է դեպք, երբ այլ անձի կողմից նիստի արձանագրություն է կազմվել ու իր փոխարեն այլ անձի կողմից ստորագրվել է: Վկան չցանկացավ պատասխանել հարցին, նրա ներկայացուցիչ փաստաբանը առարկեց հարցի դեմ, բայց ի վերջո վկան պատասխանեց՝ չունի նման տեղեկություն, որովհետեւ ինչքան հիշում է, թեկուզ հեռավար անցկացման դեպքում, ինքը ստորագրել է: Նրան հարց ուղղվեց նաեւ «Աստերիս» հանգստյան գոտու մասին, ինչքանով է այդ գոտին իրեն ծանոթ: Վկան դժվարացավ հիշել:
Հաջորդ հարցին ի պատասխան՝ ունե՞ք տեղեկություններ՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության միջոցով շահառուների հանգիստը կազմակերպելու հանգամանքի վերաբերյալ, խոսքը վերաբերում է 224 շահառուին, աշխատակիցներին, վկան հայտնեց, որ տեղեկություն ունի, որ աշխատակիցները հանգստացել են Սեւանի հանգստյան գոտում, մյուս մասով տեղեկություն չունի:
Հարց հնչեց նաեւ, թե արդյոք ճանաչում է Կարեն Ակոպյանին: Ի պատասխան՝ վկան ասաց՝ այո, կնունքի քավորն է: Հայտնեց, որ ընկերական հարաբերություն են ունեցել՝ սկսած ուսանողական տարիներից:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք նիստերի արձանագրության վերաբերյալ ձեր կողմից ստորագրված լինել, չլինելու հարցով խոսակցություն ունեցել եք նրա հետ, վկան ասաց՝ չի ցանկանում պատասխանել:
Մեղադրող դատախազն էլ նկատեց, որ Ակոպյանը այդ մասին մանրամասն ցուցմունք է տվել, հայտնել, որ ձեր հետ ունեցել է խոսակցություն, որ ձեզ քննչականում ցույց են տվել արձանագրություններ, որոնք ձեր կողմից ստորագրված չեն եղել:
Վկան ասաց՝ խուսափում է պատասխանել՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից:
Մեղադրողը նախքան հաջորդ հարցն ուղղելը, մեջբերեց գաղտնի քննչական գործողության արձանագրությունից մի հատված՝ Կարեն Ակոպյանի եւ նրա կնոջ՝ Օֆելյայի միջեւ խոսակցությունը. «Զառան ինչի տենց բաներ պիտի ասի, ուրեմն դավադիտ է արել Զառային, անպատվել է: Անիին անպատվել է, չես հասկանում որտեղ` ինչ պետք է խոսաս: Անին նայում ու ասում ա՝ շառ ա, գնացել իմ տեղը ստորագրել, ինձ ներքաշել է խնդիրների մեջ գոնե մի բառով ասի, չի էլ ասել, ոչ էլ իմացել եմ: Ինձ էլ ասում ա դեբիլ ես, չես հասկանում»:
Այդ խոսակցության մեջ շոշափվում էր վկա Անի Ռափյանի ու ոմն Զառայի անուն: Մեղադրողի՝ վերոնշյալ ձայնագրությանը վերաբերող հարցերին վկան չպատասխանեց:
Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը եւս ավելի ուշ այս դրվագով հարցեր տվեց վկային:
-Ով է ձեզ վիրավորել,- հարցրեց նիստը նախագահող դատավորը:
Վկան հրաժարվեց հարցին պատասխանել՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից: Նրա խոսքով՝ այդ հարցն իր համատեքստով հնարավոր է հետագայում իր դեմ օգտագործվի:
Դատավորը հետաքրքրվեց նաեւ գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանից՝ հարցնելով, թե արդյոք վկան նրա ձերբակալություններից տեղյակ է եղել, ի պատասխան վկան ասաց՝ այո, երկու ձերբակալությունից էլ տեղյակ է եղել:
Դատավորի հաջորդ հարցին, թե Մարթայի առաջին ձերբակալությունից հետո ինչ խոսակցություններ են տարածվել, ի պատասխան վկան ասաց. «Դե ուղղակի խոսակցություններ են եղել, որ ձերբակալել են: Որեւէ մանրամասն բան չի քննարկվել… իրականում բոլորն էլ խուսափում էին ավելի մանրամասն պարզաբանումներ տալուց: Թեման միշտ էլ մանրամասն չի քննարկվել, որովհետեւ մարդիկ այսօրվա դրությամբ խուսափում են մանրամասն խոսակցությունից, քանի որ բոլորն էլ ենթադրում են, որ նույնիսկ իրենց կնոջ կամ տղամարդու խոսակցությունները տանը կարող են ձայնագրվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անի Ռափյանը՝ Արմեն Աշոտյանի, Կարեն Ակոպյանի եւ Կարեն Ավագյանի հետ. լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից