Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմերի համաժողով». COP29-ը եւ կլիմայի փոփոխությունը. հարցեր եւ պատասխաններ

Նոյեմբեր 08,2024 18:10

COPՄԱԿ ԿՓՇԿ-ի հիմնական որոշումներ կայացնող մարմինն է: Դրա կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր «Կողմերից», այսինքն՝ այն երկրներից, որոնք համաձայնել են մասնակցել ՄԱԿ ԿՓՇԿ-ին եւ ստանձնել հանձնառություններ ընդունված համաձայնագրերի մասով։

Համաժողովն անցկացվում է ամենամյա հիմունքներով։ Այն հնարավորություն է նոր միջոցների շուրջ բանակցելու, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը սահմանափակելու ՄԱԿ ԿՓՇԿ-ի ընդհանուր նպատակի, մասնավորապես Փարիզի համաձայնագրի կատարման ուղղությամբ Կողմերի առաջընթացը վերանայելու համար։ Կլիմայի փոփոխության վերաբերյալ այս իրավաբանորեն պարտադիր միջազգային պայմանագիրն ընդունվել է 196 երկրների կողմից՝ 2015 թվականին Փարիզում կայացած COP21-ի շրջանակում:

Փարիզի համաձայնագրի հիմնական նպատակն է՝ «գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահել նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 2°C-ից բավականին ցածր» եւ ջանքեր գործադրել «սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5°C-ով»։

Գլոբալ տաքացումը մինչեւ 1.5°C սահմանափակելու համար ջերմոցային գազերի արտանետումները պետք է առավելագույնին հասնեն 2025-ից ոչ ուշ, իսկ մինչեւ 2030 թվականը նվազեն 43%-ով:

Ինչո՞ւ է կլիմայի փոփոխության խնդիրն այդքան հրատապ ամբողջ աշխարհի համար

Կլիմայի փոփոխությունը ջերմաստիճանի եւ եղանակային պայմանների փոփոխությունն է երկարաժամկետ հեռանկարում։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ բնական ճանապարհով: Այդուհանդերձ, 19-րդ դարում արդյունաբերական հեղափոխության գալուստով, կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժը դարձավ մարդկային գործոնը, եւ առաջին հերթին՝ հանածո վառելիքի այրումը, ինչպիսիք են ածուխը, նավթը եւ գազը:

Հանածո վառելիքի այրումը առաջացնում է ջերմոցային գազերի արտանետումներ, որոնք, ինչպես վերմակը, պարուրում են Երկիրը՝ մթնոլորտում պահելով արեւի ջերմությունը եւ դրանով իսկ նպաստելով ջերմաստիճանի բարձրացմանը։

Երկրի մակերեւույթի միջին ջերմաստիճանն այժմ մոտ 1.2 °C-ով ավելի բարձր է, քան 1800-ականների վերջին, եւ ավելի տաք է, քան վերջին 100,000 տարվա ընթացքում ցանկացած ժամանակ: Վերջին տասնամյակը (2011-2020թթ.) եղել է մշտադիտարկումների պատմության մեջ ամենատաքը։ Իսկ վերջին չորս տասնամյակներից յուրաքանչյուրը եղել է ավելի տաք, քան 1850 թվականից ի վեր ցանկացած նախորդ տասնամյակ:

Շատերը կարծում են, որ կլիմայի փոփոխությունն առավելապես օդի ջերմաստիճանի բարձրացման մասին է: Բայց դա լոկ սկիզբն է։ Քանի որ Երկիրը մի համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, մի ոլորտում փոփոխությունները կարող են ազդել մնացած բոլոր ոլորտներում փոփոխությունների վրա:

Կլիմայի փոփոխության հետեւանքներն այժմ ունեն տարբեր դրսեւորումներ. ուժեղ երաշտներ, ջրի սակավություն, ուժգին հրդեհներ, ծովի մակարդակի բարձրացում, ջրհեղեղներ, բեւեռային սառույցների հալոցք, աղետալի փոթորիկներ եւ կենսաբազմազանության կրճատում։ Կլիմայի փոփոխությունը կարող է ազդել մեր առողջության, սննդապահովման, կեցության, անվտանգության եւ աշխատանքի վրա:

Գիտնականները համակարծիք են, որ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչեւ 1.5°C-ից ոչ ավելի սահմանափակելը մեզ կօգնի խուսափել կլիմայական վատթարագույն ազդեցություններից եւ կլիման պահել ապրելու համար հարմար պայմաններում: Այնուամենայնիվ, եթե մարդկությունը շարունակի գործել այնպես, ինչպես նախկինում, ապա այս դարավերջին ջերմաստիճանը կբարձրանա 3°C-ով։

Էներգետիկ համակարգերի անցումը հանածո վառելիքից վերականգնվող աղբյուրների, ինչպիսիք են արեւը կամ քամին, թույլ կտա նվազեցնել կլիմայի փոփոխության վրա ազդող արտանետումները: Բայց մենք պետք է սկսենք գործել հենց հիմա: Մինչեւ 2050 թվականն արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու հանձնառություն ստանձնող երկրների շարքերն օրեցօր խտանում է: Տաքացումը 1.5°C-ից ցածր մակարդակում պահպանելու համար արտանետումները պետք է մինչեւ 2030 թվականը կրկնակի կրճատվեն: Իսկ դա կպահանջի ածխի, նավթի ու գազի օգտագործման ծավալների զգալի կրճատում։

Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում Արեւելյան գործընկերության երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում

«Շրջակա միջավայրի եւ կլիմայի կայունության համատեղ ապահովումը» Արեւելյան գործընկերության քաղաքականության 2020 թվականից հետո ժամանակահատվածի հինգ երկարաժամկետ նպատակներից մեկն է։ Ի թիվս այլի, ԵՄ-ն հանձն է առել «օգնել Արեւելյան գործընկերության երկրներին կատարել Փարիզի համաձայնագրով իրենց կողմից ստանձնած պարտավորությունները եւ արդիականացնել իրենց տնտեսությունները՝ նվազեցնելով ածխածնի հետքը եւ աշխատելով կլիմայի չեզոքության ուղղությամբ»:

Իրականացնելով Արեւելյան գործընկերության (ԱլԳ) համար իր Տնտեսական եւ ներդրումային ծրագիրը՝ ԵՄ-ն նպատակ ունի.

  • ամրապնդել կլիմայի քաղաքականությունը եւ խթանել «կանաչ» ներդրումները.
  • օգնել ԱլԳ երկրներին կատարել Փարիզի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները.
  • ավելացնել կլիմային ուղղված եւ «կանաչ» ծրագրերի ֆինանսավորումը քաղաքային ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի եւ փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտներում.
  • ամրապնդել ԵՄ քաղաքականությունը ապրանքների արտադրության եւ էկո-նորարարությունների ոլորտներում.
  • բարելավել թափոնների կառավարումը եւ ավելացնել վերամշակման ծավալները:

Հայաստանում Տնտեսական եւ ներդրումային ծրագիրը ներառում է ԵՆԲ հովանու ներքո Երեւանում «կանաչ» ներդրումների իրականացումը։ Այս նախաձեռնությունը նպաստում է Հայաստանի մայրաքաղաքում էներգաարդյունավետ լուծումների ներդրմանը։ Օրինակ՝ Երեւանը ստացել է էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, 51 մանկապարտեզներում էլ իրականացվել է էներգաարդյունավետ վերանորոգում։

Բացի այդ, ԵՄ-ն ֆինանսավորում է Արեւելյան գործընկերության երկրներում գործող մի շարք տարածաշրջանային ծրագրեր։

Դրանցից են՝

Միեւնույն ժամանակ, եվրոպական ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), զգալի աջակցություն են ցուցաբերում կանաչ տնտեսության անցմանը: Երկու բանկերն էլ ներդրումներ են կատարում կանաչ ենթակառուցվածքներում եւ նպաստում են կլիմայի համար բարենպաստ տնտեսական աճին: Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերությունը (E5P), որը բազմադոնոր հավատարմագրային հիմնադրամ է, եւ որի հիմնական դոնորը ԵՄ-ն է, խրախուսում է ներդրումները էներգաարդյունավետության բարձրացմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված մունիցիպալ նախագծերում: ԵՄ-ն նաեւ զգալի ներդրում ունի Կանաչ աճի հիմնադրամում (GGF):

Ազգային մակարդակով ԵՄ-ն ֆինանսավորում է ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդի որակը, ջրային ռեսուրսների կառավարումն ու ծովի աղտոտվածությունը, էներգաարդյունավետությունը, թափոնների կառավարումը, թունաքիմիկատների ու արդյունաբերական աղտոտվածության վերահսկումը եւ անտառների կայուն կառավարումը:

Տարածաշրջանում ԵՄ աջակցության շոշափելի արդյունքներին ծանոթանալու համար անցեք հղումով:

Ինչպե՞ս տարբերակել կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվությունը

Կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվությունը լայն տարածում ունի համացանցում։ Դրա նպատակն է պառակտում սերմանել եւ դանդաղեցնել կլիմայի փոփոխության դեմ գործողությունները: Նման ապատեղեկատվությունը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ՝ լիակատար ժխտումից եւ դավադրության տեսություններից մինչեւ մարդու մոտ կասկածներ հարուցող ավելի մեղմ ապատեղեկատվություն։ Այն տարածողները պնդում են, թե կլիմայի փոփոխությունը ամենեւին էլ մարդկության մեղքը չէ, եւ ընդհանրապես դա այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես պնդում են գիտնականները:

Ապատեղեկատվությունը կամ կեղծ լուրերը կարող են ընդունել տարբեր ձեւեր: Օրինակ.

  • Շինծու բովանդակություն, այն է՝ ամբողջովին կեղծ բովանդակություն.
  • Մանիպուլյատիվ բովանդակություն, որը խեղաթյուրում է տեղեկատվությունը եւ գրավում ընթերցողին սենսացիոն կամ «քլիքբեյթ» վերնագրերով.
  • Իմիտացիոն բովանդակություն (imposter content). որպես իրական ներկայացվող կեղծ տեղեկատվություն, որը ստեղծված է իրական աղբյուրները ընդօրինակմամբ՝ օգտատերերին խաբելու նպատակով:
  • Մոլորեցնող բովանդակություն, որը մեկնաբանությունները ներկայացնում է որպես փաստ.
  • Երգիծանք եւ նմանակում, այն է՝ հումորային, բայց դիտավորյալ կեղծ բովանդակություն։
  • «Դիփֆեյքեր». իրական թվացող, բայց կեղծ վիդեո, աուդիո կամ պատկերային նյութերի ստեղծում:

Կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվությունը տարբերակելու համար անհրաժեշտ է.

  1. Ստուգել տեղեկատվության աղբյուրները. արդյո՞ք այն հավաստի է: Արդյո՞ք այն առնչություն ունի ակադեմիական հաստատությունների, գիտական ​​ամսագրերի եւ հեղինակավոր լրատվականների հետ:
  2. Ուշադրություն դարձնել լեզվին եւ տոնայնությանը. սենսացիոն եւ չափից դուրս զգացմունքային հայտարարություններ, չափազանցություններ՝ այս ամենը կարող է ապատեղեկատվության նշան լինել։
  3. Ստուգել փաստերը. ներկայացվող փաստերի հաստատումը փնտրեք անկախ կայքերում։

EUvsDisinfo նախագիծն օգնում է տարբեր երկրների քաղաքացիներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում ռուսական քարոզչությունը եւ զարգացնել դիմադրություն ընդդեմ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տեղեկատվական մանիպուլյացիաների: Կլիմայի փոփոխության մասին ռուսական դավադրության տեսությունների մասին վերջին նախագծային հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

ԵՄ-ն ունի բազմաթիվ ռեսուրսներ եւ գործիքներ, որոնք օգնում են բացահայտել կլիմայի փոփոխության մասին ապատեղեկատվության դեպքերն ու պայքարել դրանց դեմ: Դրանք կարելի է գտնել այստեղ։

Ինչպե՞ս միանալ համաշխարհային շարժմանը եւ օգնել մոլորակին

Ամենակարեւոր խնդիրը, որը մենք ունենք այսօր, կլիմայի փոփոխության վատթարացումը թույլ չտալն է: Մենք կարող ենք եւ պետք է ապահովենք, որ մեր աշխարհն ավելի քիչ էներգիա օգտագործի եւ շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս պատճառի: Սա նշանակում է գտնել լուծումներ, որոնք կօգնեն մեզ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Այդ լուծումներից շատերն ընդունվում են կառավարական եւ միջազգային մակարդակով: Բայց կան բաներ, որ մենք կարող ենք ինքներս անել: Կարելի է սկսել ձեր առօրյա կյանքում փոքր փոփոխություններից, որոնք կնպաստեն ածխածնի հետքի նվազմանը։ Ձեր կատարած որեւէ քայլ աննշան չէ։

  • Ավելի մաքուր տրանսպորտ. հնարավորինս տեղաշարժվեք ոտքով, հեծանիվով կամ հասարակական տրանսպորտով: Փորձեք խուսափել թռչելուց, եթե կարող եք։
  • Էներգիայի ավելի խելամիտ օգտագործում. սենյակները մի տաքացրեք ավելին, քան անհրաժեշտ է, օգտագործեք էներգախնայող լամպեր, անջատեք լույսերը եւ տեխնիկան, փակեք եւ բացեք պատուհաններն ու շերտավարագույրները՝ սենյակում իդեալական ջերմաստիճան պահպանելու համար:
  • Կանաչ դիետա. օգտագործեք ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր եւ ավելի քիչ միս: Սա օգտակար է ոչ միայն կլիմայի, այլեւ ձեր առողջության համար։ Աշխատեք դեն չգցել սնունդը։
  • Մտածեք փաթեթավորման մասին. պլաստիկ փաթեթավորումը մեծ քանակությամբ թափոններ է ստեղծում եւ հաճախ դժվար վերամշակելի է: Փորձեք խուսափել փաթեթավորված մթերքներից եւ ձեզ հետ խանութ վերցրեք բազմակի օգտագործման պայուսակ:

Հիշեք, որ որպես ընտրող եւ սպառող ձեր ամենօրյա ընտրությունն ունի կառավարության քաղաքականությունը եւ ընկերությունների որոշումներն ու նորարարությունները փոխելու ուժ։

Հավասարապես կարեւոր է կլիմայի փոփոխության մասին ծանրակշիռ փաստերին տիրապետելը. այն կպաշտպանի ձեզ ապատեղեկատվությունից, կօգնի զարգացնել դրական սովորություններ եւ համոզել ուրիշներին անել նույնը:

Ահա մի քանի աղբյուրներ՝ կլիմայի փոփոխության մասին հավաստի տեղեկատվություն գտնելու համար.

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կլիմայի փոփոխության Բաքվի համաժողովին մասնակցելու են այն երկրների ներկայացուցիչները որոնք վերջին երկու տարում նպաստել են Երկրի ջերմաստիճանի աղետալի բարձրացմանը՝միլիոնավոր կիլոտոննա պայթուցիկներ են օգտսգործվել Արցախի դեմ պատերազմում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում՝ Գազայում ւ Լիբանանի հարավում ՝Իսրայելի վարած պատերազմում ւ այլն։ Օգտագործված զինամթերքի համալրման համար էլ պետք է միլիոնավոր տոնաներ հումք՝էներգակիրներ՝թունավոր նյութեր օգտսգործվեն -որոնք իրենց հերթին օդի աղտոտման ջերմաստիճանի բարձրացման պատճառ են հադիսանալու…..։Հետաքրքիր է՝մեկը կլինի այդ երկրների ղեկավարներից «հաշիվ» պահանջելու՝կարծում եմ՝ոչ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930