Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց լավ չի, ստրիպտիզ կազմակերպեիք» , «ոչ մի բարոյական արգելակ չունեն». Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրում կազմակերպված շոուն զայրացրել է քաղաքացիներին

Նոյեմբեր 08,2024 18:02

Ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձեւության ցուցադրություն են կազմակերպել:

«Գրանիշ» նախագծի հիմնադիր, բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Երեկ ուշ երեկոյան Ազատությունով կենտրոն եմ իջնում ու աչքովս ընկավ բռնադատված զոհերի հուշարձանի ներսից տարածվող հանդիսավոր դիսկոտեկային լուսավորությունը, մտածեցի՝ երևի մի բան լավ չտեսա արագ ընթացքի մեջ։ Այսօր իմացա, որ հենց հուշարձանի ներսում ցկցկան էլեկտրոնային երաժշտությամբ ու համապատասխան լուսային շոուով նորաձեւության ցուցադրություն է եղել։ Չեմ հասկանում, իրոք չեմ ընկալում՝ ոնց է նման բան հնարավոր, նախ ով է կազմակերպիչներից հղացել էդ քուլ միտքը ու հետո ով է տվել նման թույլտվություն, չգիտեմ սա դավադրություն է, թե հիմարության, կամ միգուցե սեփական հիմարության դավադրությունն է մեր դեմ, իբրեւ հասարակության»։

Երեւանի քաղաքապետի մամուլի նախկին քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է, որ սա հարիր չէ զոհերի հիշատակին, նաեւ անհարգալից վերաբերմունքն է այդ մարդկանց ժառանգների հանդեպ. «Ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձեւության ինչ-որ փարթի են կազմակերպել։ Հարյուր հազարավոր մարդկանց տանջալից կյանքի ու ողբերգական մահվան հիշատակին նվիրված վայրում։ Սա ինչ-որ անդերգրաունդային շարժում չի, մարգինալ խփոներ չեն, սա արվել է պաշտոնական թույլտվությամբ՝ «բարձր հովանու ներքո»։ Նրանք ոչ մի բարոյական, գաղափարական արգելակ չունեն։ Չեմ կասկածում, որ էս մարդիկ ընդունակ են մի օր խաշ-փարթի կազմակերպելու մեր գերեզմանների վրա»։

Բուն TV-ի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանն էլ գրել է. «Տենց լավ չի, ստրիպտիզ կազմակերպեիք նույն տարածքում՝ որպես ազատության ու մարմնի ազատագրման խորհրդանիշ, ասենք՝ էսքան անխելք ու ոչ զգայուն, ուղարկած հաղորդագրության ու արարքի անհամապատասխանություն, մեծ մասին թվում է՝ կարելի է ցանկացած բան փաթեթավորել ըստ նպատակահարմարության… քառակուսի ու տափակ մոտեցում։

Հ.Գ. Ոչ հուշահամալիրի բնույթը, ոչ թեմայի և ժառանգների հանդեպ զգայունությունը, ոչ քաղաքական հաղորդագրությունը, որ լայն հանրությանն ես փոխանցում միջոցառմամբ, ոչինչ կարեւոր չի՝ քյութ ա ու քուլ»:

Երևանի քաղաքապետարանում, սակայն, միջոցառման վերաբերյալ այն կարծիքի են, որ Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքում ցուցադրությունը հնարավորություն է աշխարհին պատմելու Երևանի, երեւանցիների եւ հուշահամալիրի մասին: Երեւանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի ղեկավար Սեդա Աղբալյանը գրել է, որ միջոցառման բացման արարողությունը խնջույք չէր, այլ 8 երիտասարդ դիզայներների մրցույթ, իսկ ցուցադրության խորագիրն էր՝ «Ազատություն եւ ժողովրդավարություն» : Նա նշել է, թե միջազգային 25 լրագրողներ եւ բլոգերներ են եկել Երեւան՝ այս միջոցառումը լուսաբանելու համար։

Խորհրդային շրջանի քաղբանտարկյալ, իրավապաշտպան, Վարդան Հարությունյանը եւս անդրադարձել է թեմային. «Վստահ եմ՝ թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակիցները տեղյակ էլ չեն եղել, թե ինչ տարածք է դա։ Բայց ներս մտնելիս կարող էին կարդալ, թե ինչ է փորագրված մուտքի պատին ու կանգ առնել։ Իհարկե, կարդացել են։ Կարդացել ու կանգ չեն առել, որովհետեւ չեն հասկացել։ Նրանց խորթ է մեր պատմությունը։ Նրանք այդ պատմությունից չեն գալիս, այդ պատճառով էլ այդքան անտարբեր են մեր ապագայի նկատմամբ։

Արդեն քանի տարի է՝ ունենք մեր երկրի պատմությանն անտեղյակ իշխանություններ։ Խոսքս միայն այս իշխանությունների մասին չէ։ Սրանք իրենց նմաններին են հաջորդել։ Տարիներ շարունակ բռնադատվածների հիշատակի օրը ոչ մի իշխանավոր այդ համալիր չի այցելել ու կառավարության մակարդակով չի հիշատակել։ Այս պարագայում շոուն պատահական չէ։

Նման հուշահամալիրներ, նման հիշատակի օրեր ունեն նախկին խորհրդային շատ հանրապետություններ ու ժողովուրդներ, որովհետեւ խորհրդային ծանր հետքը շատերի վար է դաջվել։ Պետք է տեսնել միայն, թե կառավարական ինչ մակարդակով են այդ օրը ոգեկոչում Ուկրաինայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, ինչպես են հիշատակում Ղրիմի թաթարներն ու այլ երկրներ ու ժողովուրդներ։ Միայն ամաչել կարելի է»։

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Զարմանում եմ, որ այս հայախոս թշնամիների արածների մասին մարդիկ կան կարեկցանքով են արտահայտվում…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930