Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը և Շուշիի անկումը գլխիվայր շուռ տվեց Շահրամանյանների ընտանիքի խաղաղ կյանքը. «Ապառաժ»

Նոյեմբեր 08,2024 17:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Նունե Շահրամանյանը 2000 թվականից ապրում էր Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից շենքում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծվել և լրիվությամբ ավիրվել է Ստեփանակերտում գտնվող նրանց տունը և Շահրամանյանների ընտանիքը տեղափոխվել է Հայոց բերդաքաղաքը՝ հույս ու հավատ ունենալով, որ կապրեն ապահով ու արժանապատիվ կյանքով։ Երջանիկ էին ապրում։ Նունեի ընտանիքում մեծանում և դաստիարակվում էին երեք դուստրեր։ 2020-ի պատերազմը և Շուշիի անկումը գլխիվայր շուռ տվեց Շահրամանյանների ընտանիքի խաղաղ կյանքը։

Նունեն հուզմունքով է պատմում, և ամեն անգամ այդ օրերը մտաբերելիս՝ սաստկանում է նրա ցավը․

-Երբ սկսվեց 2020-ի պատերազմը, առաջին իսկ օրերից Շուշին հայտնվեց ԱԹՍ-ների հարձակումների տակ։ Քաղաքը խուճապի մեջ էր, մարդիկ վազում էին պատսպարվելու շենքերի նկուղներում։ Երեխաներիս, թոռներիս ու ծնողներիս հետ գնացինք եկեղեցու նկուղ և այդտեղ մնացինք շուրջ 40 օր։ Երբ պայթեցրին եկեղեցին, մենք այնտեղ էինք։ Փրկարարների միջոցով տեղափոխեցինք մեր շենքի նկուղը։ Բառերն անզոր են՝ նկարագրելու այն վախն ու տագնապը, որ զգում էինք մենք։ Հասկանում էի, որ վիճակը շատ վտանգավոր է՝ երեխաներիս փրկել է պետք։ Նոյեմբերի 2-ը կամ 3-ն էր։ Երեք հատ ավտոբուս եկավ և եկեղեցու դիմացից մենք՝ քաղաքում մնացած վերջին շուշեցիներս, տարհանվեցինք Երևան։ Հետս վերցրել էի միայն մեր փաստաթղթերը։ Պատերազմի աղետալի ավարտից և Շուշիի անկումից հետո ես չգիտեի ինչ անել։ Մտածում էի, որ վերադառնամ Արցախ․ բայց որտե՞ղ պետք է ապրի ընտանիքս։ Երևանում ապրում էինք վարձով, փոքր աղջիկս էլ ուսանող էր այդ ժամանակ։ Ստիպված մնացինք և 2022-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Ապրեցինք շրջափակման ծանր օրերը, նորից պատերազմի արհավիրքի միջով անցանք և 2023-ի սեպտեմբերի վերջին վերստին բռնեցինք գաղթի դժոխային ճանապարհը։

Արցախից տեղահանվելուց հետո Նունեն փոքր աղջկա հետ է ապրում։ Հաստատվել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքի մայրը չի կարողանում աշխատանք գտնել։ Երբ հարցազրույցի համար կապ հաստատեցինք շուշեցի կնոջ հետ, նա հիվանդանոցում էր․ աղջիկը վաղաժամ ծննդաբերել էր կեսարյան հատումով։ Հղիությունը թունավոր է եղել, և բժիշկները մի կերպ են փրկել երեխայի կյանքը։

Նունեն հուսահատության մեջ է

-Չգիտեմ, թե երբ պետք է դժվարությունները մեր կողքով անտարբեր անցնեն։ Աղջկաս վիճակն այնքան էր վատացել, որ շուտ հասցրինք Երևան, և շտապ վիրահատությամբ փրկվեցին և՛ աղջիկս, և՛ երեխան։ Սակայն թոռնիկս շատ թույլ է, ժամանակ ու բուժում է հարկավոր, որ նրա վիճակը կայունանա։ Նա վերակենդանացման բաժանմունքում է․ արդեն 10 օրական է, բայց հազիվ է շնչում։ Այս պահին իմ միակ նպատակը փոքրիկի կյանքը փրկելն է։ Աղջկաս վիճակը դեռևս չի կարգավորվել։ Դստերս կյանքը փրկելու համար բարձր արժողությամբ դեղորայք եմ ձեռք բերում։ Օգնող չունեմ․ ամուսինս մահացել է 2016-ին։ Կրկնակի տեղահանված իմ ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ։ Չգիտեմ ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930