Aravot.am-ի տեղեկություններով, Կոտայքի դատախազությունից Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի Ս. Մ-ն աջակցության խնդրանքով դիմել է նշված կազմակերպություն եւ հայտնել, որ 2018-2021թթ ընթացքում բնակվելով արտերկրում՝ բանկում որպես ավանդ ներդնելու նպատակով, իր ՀՀ-ում բնակվող քրոջը՝ Զ. Մ.-ին ուղարկել է 13.000.000 դրամ: Վերջինս հավաստիացրել է, թե ուղարկված գումարները որպես ավանդ ներդրել է բանկերից մեկում, անգամ այդ մասին հավաստող փաստաթղթեր է ուղարկել, սակայն դրանց մի մասը ուղղել է իր անձնական կարիքներին:
Հետագայում Զ.Մ.-ն ամուսնու եւ նրա հարազատների հետ միասին յուրացրել է բանկում ներդրված գումարը, գնել նաեւ խոշոր եղջերավոր անասուններ: Որոշ ժամանակ անց Ս.Մ.-ն ամուսնու հետ ժամանել է Հայաստան՝ քրոջը ի պահ տված գումարով բնակարան գնելու նպատակով, սակայն պարզելով եղելությունը Զ.Մ.-ի և նրա ընտանիքի անդամների խնդրանքով նոտարական կարգով կնքել է պարտավորագիր, ըստ որի Զ.Մ.-ն մինչև 15.05.2024թ. 13.000.000 դրամ գումարը պետք է վերադարձներ: Ժամկետի ավարտից հետո Զ.Մ.-ն հրաժարվել է վերադարձնել գումարը՝ առաջարկելով դիմել դատարան:
Կատարվում է նախաքննություն: