Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւ. Մինսկի խմբի համանախագահող երկրները 30 տարի աջակցել էին Հայաստանին․ մեկը զենք էր տալիս, մյուսը՝ փող, երրորդը՝ և՛ զենք, և՛ փող, և՛ քաղաքական աջակցություն

Նոյեմբեր 08,2024 17:06

@regionmonitor1. Նոյեմբերի 8-ին Բաքվի «Հաղթանակի զբոսայգում» Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հնչեցրած ելույթից ուշագրավ հատվածներ.

«Մենք պատրաստվում էինք՝ ստեղծում էինք հզոր բանակ, ապահովում տնտեսական զարգացում, որովհետև, ի տարբերություն Հայաստանի, մենք որևէ արտաքին օգնություն չէինք ստանում, այլ վստահում էինք միայն մեր սեփական ուժերին։ Տնտեսական զարգացումը, մեր քաղաքական կշռի բարձր լինելը, մեր խոսքի վճռականությունը միջազգային հարթակներում, ժողովուրդ-իշխանություն միասնությունը, նոր սերնդի դաստիարակությունը, հայրենասիրության ոգու ամրապնդումը հասարակության մեջ, այս բոլոր գործոններն էին մեզ տանում դեպի Հաղթանակ։ Բոլոր այս գործոնների համադրումը հենց հնարավոր դարձրեց այս Հաղթանակը»:

«Որոշ արևմտյան հովանավորներ ուզում են Հայաստանից «խաղաղության աղավնի» սարքել։ Իբր այս 30 տարվա օկուպացիան չի եղել, ավերածություններ չեն եղել, դաժանություններ չեն եղել, Խոջալուի ցեղասպանություն չի եղել։ Մեր մզկիթների ավերումը, մեր գերեզմանների ավերումը, ամբողջ Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի ավերածությունները, կարծես թե, չեն եղել։ Այսինքն՝ ուզում են ստիպել միջազգային հանրությանը մոռանալ այդ մասին։ Բայց մենք դա երբեք չենք մոռանա, և Ադրբեջանի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա դա։ Մեզանից հետո եկող սերունդները պետք է իմանան այս պատմությունը և երբեք չմոռանան այն, ինչպես մենք 30 տարի շարունակ չենք մոռացել Ղարաբաղը և քայլ առ քայլ մոտեցել ենք այս Հաղթանակին։ Այս պատմական հիշողությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից»:

«Մենք պատերազմն ավարտեցինք ճիշտ ժամանակին։ Ես պատերազմի առաջին իսկ օրերին հայտարարել էի, որ թշնամին պետք է մեզ տրամադրի մեր տարածքներից դուրս գալու ժամանակացույց՝ նշելով, թե որ տարածաշրջանից երբ է դուրս գալու, և միայն դրանից հետո մենք կդադարեցնենք պատերազմը։ Սակայն որոշ մարդիկ, և դա բնական էր, կարծում էին, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի կարողանա դիմադրել այս միջազգային հայամետ ուժերի ճնշումներին, և մեր ժողովուրդն անհանգստացած էր, որ գործը կիսատ կմնա։ Դա բնական էր, քանի որ Ադրբեջանն այնքան էլ մեծ պետություն չէ։ Մինսկի խմբի համանախագահող երկրները 30 տարի աջակցել էին Հայաստանին․ մեկը զենք էր տալիս, մյուսը՝ փող, երրորդը՝ և՛ զենք, և՛ փող, և՛ քաղաքական աջակցություն՝ մի նպատակով, որ մեր հողերը մնան մշտական օկուպացիայի տակ։ Դրա համար էլ ադրբեջանական ժողովրդի մի մասը անհանգստացած էր, որ պատերազմը կիսատ կմնա, մենք չենք կարողանա հասնել մեր նպատակին, ինչ-որ մեկը մեզ կկանգնեցնի։ Բայց ես ասացի՝ ո՛չ, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել, մենք կկռվենք մինչև վերջ, կվերականգնենք արդարությունը, միջազգային իրավունքը և Հայաստանին ցույց կտանք իր տեղը: 2020 թ.-ի նոյեմբերի 8-ին Շուշայի պատմական գործողությունը բառացիորեն կոտրեց թշնամու ողնաշարը։ Դրանից մեկ օր անց՝ նոյեմբերի 9-ի գիշերը, Հայաստանը ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի ակտը, և մենք ավարտեցինք/դադարեցրինք պատերազմը»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողությունների արդյունքները, իմ կարծիքով, մինչև օրս բավարար են, որպեսզի Հայաստանը ճիշտ քայլեր ձեռնարկի։ Սակայն կա մեկ կարևոր հանգամանք, որը չպետք է մոռանանք․ այսօր հակաադրբեջանական ուժերը, որոշ արևմտյան մայրաքաղաքներում բնակվող իսլամոֆոբները և ադրբեջանաֆոբները փորձում են Հայաստանին դրդել նոր պատերազմի։ Սա Հայաստանի պետության համար կարող է լրիվ աղետ լինել։ Ես բազմիցս, ինչպես պաշտոնական ելույթներիս ժամանակ, այնպես էլ շփումների ընթացքում, փորձել եմ նրանց բացատրել, որ խուսափեն այդ սադրանքից։ Նրանց համար իրենց շահերն ապահովելու համար, այսպես կոչված, «բարեկամ» արևմտյան երկրները պատրաստ են Հայաստանը զոհաբերել՝ տարածաշրջանում նորից արյունահեղություն հրահրելու և սեփական շահերը սպասարկելու համար, որ նորից կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ։

Դեռևս ուշ չէ, Հայաստանը պետք է հրաժարվի այս ռազմականացման քաղաքականությունից և վերջ տա դրան։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին, և բավարար է, որ նրանք իմ խոսքին ուշադրություն դարձնեն։ Նրանք երբեք չեն կարող մեզ հետ մրցակցության մեջ մտնել։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասել ենք մեր նպատակին, ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը։ Մեր բոլոր սահմաններում տարածքային ամբողջականությունը վերականգնվել է, և նախկին բռնի տեղահանվածները, փախստականները վերադառնում են իրենց հայրենի հողերը: Մենք այժմ զբաղված ենք վերակառուցման աշխատանքներով։ Մեր համար հիմնական խնդիրը հենց դա է։ Սակայն, երբ տեսնում ենք, որ Հայաստանը և նրա հետևում կանգնած, Ադրբեջանին թշնամական հայացքով նայող և մեզ սառը պատերազմ հայտարարած ուժերը զինում են Հայաստանին, մենք ստիպված ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930