Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր արթ-կուրատորներ մոտենում ու շնորհակալություն էին հայտնում». «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը Միլանում տպավորել է օտարերկրացիներին

Նոյեմբեր 08,2024 16:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023թ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում կայացվեց Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Այս համատեքստում Հայաստանում հոբելյանական միջոցառումներ են կայանում:

«Սա Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում է եւ այդ ցանկից»,- Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում` Բագատի Վալսեկի թանգարանում Artuyt ընկերության շարֆերի եւ Haute Couture (բարձր նորաձևության) զգեստների «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությանը: Փարաջանովյան հավաքածուն Միլանում ներկայացվել էր ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նույն նախագիծը Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի նոյեմբերի 15-ին:

Դանիել Դանիելյանը հավելեց, որ պետության կողմից Փարաջանովյան տարբեր ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով գումար է հատկացված. «Մոտեցումը հետեւյալն էր՝ կարեւորը դուրս գանք հուշ-երեկոների ձեւաչափից եւ առաջարկենք նոր մոտեցումներ, թե ինչպես է այսօրվա ՀՀ քաղաքացին ընկալում եւ յուրացնում Փարաջանովի ժառանգությունը»:

Artuyt ընկերության հիմնադիր-տնօրեն Արեւիկ Առաքելյանը նշեց, որ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ արդեն 7 տարի է համագործակցում են: «Այս տարի Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ, թե ով կներկայացնի լավագույն ծրագիրը: Մենք ներկայացրինք մեր ծրագիրը եւ արժանացանք նախարարության հավանությանը:

Մենք 2017-ից ի վեր տարին 2 անգամ մասնակցում ենք Միլանի նորաձեւության շաբաթներին, այս անգամ էլ որոշեցինք ծրագիր ներկայացնել՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված, եւ Փարաջանովյան շնչով ստեղծված հագուստների ու շարֆերի հավաքածուն ցուցադրել, ու ընդհանրապես Միլանում անցկացնել Փարաջանովյան օր: Արձագանքները հետաքրքիր էին, շլացուցիչ, մենք զարմացրինք իտալացի հանդիսատեսին: Միջոցառումից հետո տարբեր արթ-կուրատորներ մոտենում էին ու շնորհակալություն հայտնում, որ կարողացան ավելի խորապես ծանոթանալու Փարաջանովի արվեստին»,-ասաց նա:

 

Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանի խոսքով, ներկայացված հագուստները վաճառքի ենթակա չեն, դրանք պատրաստվել են համապատասխան տրամադրություն եւ մթնոլորտ ստեղծելու համար:

Հավելեց, որ տարբեր միջոցառումներից բացի՝ ունեցել են թվային արվեստի ցուցադրություն, որտեղ 10 նկարիչներից միայն մեկն է հայ է եղել, մյուսները՝ իտալացիներ էին, նրանք Փարաջանովով ոգեւորված յուրօրինակ ցուցադրություն են պատրաստել:

 

Արեւիկ Առաքելյանը հավելեց, որ Միլանյան միջոցառումը երկօրյա էր, առաջին օրը եղել է կինոդիտում եւ փոքրիկ դասախոսություն՝ Փարաջանովի մասին, որը համակարգել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոդիտման օրվա պաստառը նկարել էր Տիգրան Համալբաշյանը, որը եւս անչափ տպավորել է այցելուներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930