Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի բնակիչը կալանավորվել է մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Նոյեմբեր 08,2024 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40–ամյա բնակչից։ Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40–ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում: 2024թ․ նոյեմբերի սկզբներին 40–ամյա տղամարդը հիշյալ թմրամիջոցը, փաթեթներում փաթեթավորված վիճակում, գումարի դիմաց, Մասիս համայնքի վարչական տարածքում ապօրինի իրացրել է իր գործընկերոջը, որն էլ նոյեմբերի 5-ին հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։

Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի, մասնավորապես՝ ընդհանուր 772գ «Մարիխուանա» տեսակի, 559գ «Հաշիշ» տեսակի և 274գ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։ Հայտնաբերված զանգվածների բնույթն ու կոնկրետ քաշերը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում ինչպես թմրամիջոցների, այնպես էլ հայտնաբերված անակցիզ ծխախոտների ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930