Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը. «Ականատես»-ի բաց նամակը գլխավոր դատախազությանը

Նոյեմբեր 08,2024 15:52

«Ականատես» դիտորդական առաքելության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազությանը

2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Ի թիվս այլ խնդիրների, դիտորդական առաքելության կողմից արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։ Մասնավորապես, նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։ Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։

Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել են առաքելության մի քանի ներկայացուցիչներ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։  «Ականատես» դիտորդական առաքելության հարցումներին ի պատասխան վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ առ այն, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։ Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է (օրինակ՝ 2024թ․ հունիս ամսվա իրադարձություններ)։ Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։

Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է ՀՀ գլխավոր դատախազությանը արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն։

«Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպություններ՝

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930