«Կառավարությունը հավանության է արժանացրել Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագիծը: Դա շատ կարեւոր՝ ոլորտը կարգավորող մայր օրենք է: Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել Երիտասարդության մասին օրենք, եւ հիմա այս օրենքը գալիս է մի շարք խնդիրներ լուծելու»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալն ասաց, որ իրականացվում են մի շարք երիտասարդական ծրագրեր եւ այդ պարագայում լիազորող նորմի խնդիր է ծագում, իսկ այս օրենքով այդ բացը լրացվում է: Մյուսը՝ Մարտիրոսյանի խոսքով, այն է, որ այս օրենքը հստակ սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական հասկացությունները:
«Օրենքի նախագծով որպես երիտասարդների տարիքային շեմ՝ առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը: 13՝ որովհետեւ շատ կարեւոր հանգամանքներ, անձի զարգացման շրջանը հենց այդ տարիքից է սկսվում, դիցուք, մասնագիտական կողմնորոշման խնդիրը: Իսկ 30-ից 35 տարեկան ենք բարձրացրել շեմը՝ ժողովրդագրական պատկերից ելնելով: Որպես ծերացող հասարակության հիմնական բնութագրիչները կրող հասարակություն՝ մենք նման խնդիր ունենք»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Հավելենք, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը ներառված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ