Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը միջնորդեց թույլատրել Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հոգեւոր խնամակալութան շրջանակում այցելել Աշոտյանին՝ տնային կալանքի կրման վայր:
Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց՝ այլ հոգեւորականների չի՞ ցանկանում հանդիպել, Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ամեն բժշկի մոտ չես գնա, միշտ ընտրում ես նրան, ում վստահում ես… ես ինձ որպես խոստովանահայր ընտրել եմ վաղուց դեռ Արշակ սրբազանին: Ավելին ասեմ՝ Նուբարաշենում էլ էինք խնդրում, որ նա գա, հանդիպի, որովհետեւ հոգեւոր պրակտիկան պահանջում է նաեւ եկեղեցու սպասավորի ներկայություն: Չես կարող ինքդ քեզանով հավատալ Աստծուն, լինել քրիստոնյա, եթե արանքում չկան նաեւ այն ծեսերը, օրինակ` հաղորդություն ստանալը»:
Աշոտյանն ասաց, որ այլ հոգեւորականի հետ հանդիպելու կարիք շատ ունի, Վեհափառին կցանկանար հանդիպել, մի քանի հարց ունի, բայց անձնական հավատքի թեմայով ցանկանում է հոգեւոր պրակտիկան շարունակել Արշակ սրբազանի հետ: Աշոտյանը նաեւ ասաց, թե աշխարհը շուռ չի գա, եթե դատարանը մերժի իրենց ներկայացրած միջնորդությունը, բայց վստահաբար քրիստոնեության ընկալմանը ՀՀ-ում եւս մեկ հանրային հարված կհասցվի, եթե խղճի ազատության սահմանափակումը նույնպես մտնի դատական պրակտիկայի մեջ:
Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությանը, բայց դատարանը որոշեց բավարարել այն՝ հաշվի առնելով, որ գործի հանգամանքների մասին տեղեկություններ չունեցող անձ է Արշակ սրբազանը, հետեւաբար՝ որեւէ խոչընդոտ չի տեսնում նրա այցելությունների:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ