Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կանի ՔՊ-ն, եթե բալասանյանականներն ընտրությունների ժամանակ ի վնաս իրենց գործեն

Նոյեմբեր 08,2024 14:26

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հրավիրած արտահերթ նիստն այսօր չկայացավ քվորում չլինելու պատճառով, այս խմբակցությունից ներկա էին ընդամենը ավագանու 9 անդամներ։ ՀՀԿ, «Ապրելու երկիր», «Զարթոնք» խմբակցության անդամները չէին եկել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ի սկզբանե հայտարարել էր, թե արտահերթ նիստ է հրավիրում ՝ համայնքապետ ընտրելու օրակարգով, ավագանու նիստից ժամեր առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։

«Քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների՝ ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը», -գրված է նրանց հայտարարության տեքստում։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց այս ամենը՝ նշելով, որ նիստը հրավիրել են օրենքի պահանջը բավարարելու համար։

«Եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա ոչ շուտ, քան 30 օր, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում կառավարության կողմից նշանակվում է արտահերթ ընտրությունների օր։ Այս նիստը հրավիրվել էր, որպեսզի կարողանանք օրենքի այդ կետը պահպանել և կարողանանք գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև մենք համոզմունք ունենք, որ գյումրեցին պիտի որոշի՝ ով է լինելու համայնքի ղեկավարը»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։

Մեր ճշտող հարցին, թե արտահերթ ընտրությունները կլինե՞ն դեկտեմբերի վերջ, Քնարիկ Հարությունյանը պատասխանեց՝ եթե շարժվենք՝ ըստ ընթացակարգի, օրենքի կարգավորմամբ, ապա ընտրությունները տեղի կունենան մոտ ժամանակներս։

ՔՊ խմբակցության ղեկավարն, անդրադառնալով քաղաքապետարանի ու այս կառույցի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձ չստանալուն (պատճառն այն է, որ ստորագրող պաշտոնյա չկա), ասաց՝ կառավարությունը փորձում է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարողանան նրանց աշխատավարձը, թեկուզև փոքր-ինչ ուշացումով տալ։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք գյումրեցիները հավատո՞ւմ են ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե « Բալասանյան դաշինքի» հրաժարականը քաղաքական ճնշումների արդյունք չէ, կապ չունի Բալասանյան ընտանիքի անդամներին ու նրանց մերձավորներին առաջադրված մեղադրանքի ու կալանավորումների հետ։

«Ես կարծում եմ, որ գյումրեցիներն այս բոլոր պրոցեսների ընթացքում ձեզ հետ հավասար հետևել են գործընթացներին, տեղյակ են, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նաև մեր խմբակցությունն ինչ դիրքորոշում է ունեցել, ինչ ճանապարհ է անեցել այս երեք տարիների ընթացքում, ինչ գործունեություն է իրականացրել։

Ես ևս մեկ անգամ պնդում եմ և վերահաստատում եմ, որ տեղի ունեցողը իրավական գործընթաց է, և դրանք քաղաքական նրբերանգներ հաղորդելն առնվազն ազնիվ չէ։

Իսկ «Բալասանյան դաշինքի» քայլերը պիտի մեկնաբանեն իրենք: Ինձ համար էլ է շատ անհանգստացնող, որ այս պահի դրությամբ իրենք ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել և չեն բացատրել իրենց ընտրողներին, թե ինչու են այս քայլին գնացել, ինչը կարծում եմ՝ շատ ավելի անազնիվ է»։

Հարցին՝ թե որպես գործընկեր ճշտե՞լ եք՝ «Բալասանյան դաշինքը» կմասնակցի՞ արտահերթ ընտրությունների, ի տարբերություն Շիրակի մարզի այլ ՔՊ-ականների, որոնք իրենց իրավունք են վերապահում բալասանյականների փոխարեն հայտարարություններ անելու, թե նրանք հոգնել են, դուրս են գալիս քաղաքականությունից, Քնարիկ Հարությունյանը շատ ավելի զուսպ արտահայտվեց։

«Ճիշտն ասած՝ այս ընթացքում իրենց դաշինքից որևէ ներկայացուցչի հետ ես որևէ տեսակի զրույց չեմ ունեցել և առհասարակ ծանոթ չեմ իրենց դիրքորոշմանը»։

Քնարիկ Հարությունյանն ասաց, որ ընտրության են գնում հաղթանակի ակնկալիքով՝ պատասխանելով այն հարցին՝ եթե ՔՊ-ն երկրորդ տեղ զբաղեցնի, նորից կոալիցիա է կազմելո՞ւ։

Aravot.am-ի այն հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Գյումրիում մեծ ազդեցություն ու կուռ թիմ ունեցող բալասանյականները խոչընդոտեն ձեր հաղթանակը, ի վնաս ձեզ աշխատեն, պատասխանեց․ «Խոչընդոտել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ընտրությունները նույնպես օրենքի ուժով են գումարվում և ընտրական պրոցեսները նույնպես ենթակա են օրենքով իրականանալու: Եթե որևէ մեկը ընտրությունների ընթացքում թույլ տա արարք, որը կհակասի օրենքին, բնականաբար իրավական առումով գնահատական կտրվի։

Եթե ընտրապայքար է, այդ ընթացքում բոլոր ուժերն էլ փորձում են որոշակի խաղի կանոններ կիրառել, միգուցե որոշ դեպքերում կարելիների ու չի կարելիների սահմաններ խախտեն, բայց կոնկրետ իրենց դեպքում իրենց փոխարեն չեմ կարող վաղաժամ որևէ բան ասել։ Եթե խոչընդոտման դեպքեր լինեն, մենք դրան կանդրադառնանք, կխոսենք, կարձագանքենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930