Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմական խոսքի ու պարի բեմում հավասարաբաշխ համադրությունը թումանյանական խոսքին ցայտուն տեսանելիություն էր հաղորդում

Նոյեմբեր 08,2024 13:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԶՈՒ ԳՇ «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հանդես եկավ պարային ներկայացման պրեմիերայով` Հովհաննես Թումանյանի հանճարեղ գործի` «Թմբկաբերդի առումը» պոեմի բեմականացմամբ:

Պոեմի իմաստուն տեքստը բեմական խոսքով` ասմունքով, ներկայացնում էր բեմականացման ռեժիսոր, ասմունքող Արթուր Սարգսյանը, իսկ ճակատամարտերի, պալատական գինարբուքի և Թմուկ բերդի գրավման դրվագները, պարային լուծումներով` «Սարդարապատ» անսամբլի պարուսույց, գեղարվեստական ղեկավար` Էդգար Հակոբյանը:

Բեմական խոսքի ու պարի բեմում հավասարաբաշխ համադրությունը թումանյանական խոսքին ցայտուն տեսանելիություն էր հաղորդում և պոեմի գլխավոր ասելիք մտքերը` («Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, Թե չըլինին Կինն ու գինին», «Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին») պարբերաբար շեշտվում էին փոքր ինչ անսովոր ու ինքնատիպ, ողջ պարային ներկայացման ընթացքում:

Իսկ պարային ներկայացումների ավանդույթը «Սարդարապատ» անսամբլի ստեղծագործական ձեռագրի սահմաններում է, որի հիմքը դրվել է դեռևս անսամբլի հիմնադիր, երջանկահիշատակ Մուրադ Հակոբյանի օրոք, որը մշտական բազմաբնույթ համերգային ծրագրերի հետ մեկտեղ՝ հաճախ ներկայացնում էր մեծակտավ, մեկ թեմայի շուրջ կառուցված պարային ներկայացումներ` «Լոռեցի Սաքոն», «Արցախյան հերոսամարտ», «Գոյամարտ»… և հրաշալի է, որ ավանդույթը շարունակվում է, այս անգամ Թումանյանի ծննդյան 155 –ամյակի առիթով:

Հայտնի է, որ ստեղծելը դժվար գործ է, հայտնի է նաև, որ այն պահպանելը շատ ավելի դժվար է: Եվ միանշանակ մշակութային հաճելի ու գնահատելի երևույթ է, որ մեծ տքնությամբ ստեղծված գործը գտնվում է հոգատար ձեռքերում: «Թմկաբերդի առումը» հայ ժողովրդի կյանքում ընդհանրապես, մասնավորապես մշակութային կյանքում ամենամեջբերվող ու ճանաչելի գործերից մեկն է, հատկապես իր գլխավոր ասելիքով, որի տողերը թերևս մեծ ու փոքր գրեթե անգիր գիտեն` («Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար»):

Ինչ վերաբերում է պոեմի գեղարվեստական դրսևորումներին, ապա Ա. Սպենդիարյանի հանճարեղ «Ալմաստ» օպերայի հենքը հենց Թումանյանի «Թմբկաբերդի առումն» է, որը տասնամյակներ, սերունդներ շարունակ բեմական բանաստեղծական խոսքի, երաժշտական կոմպոզիցիաների բեմաձևերով ուսումնակրթական տարբեր երեկոների ընթացքում բավականաչափ շատ է ներկայացվում:

Նկատենք, որ պարային պրոֆեսիոնալ ներկայացման տեսքով, որն իսկապես չափազանց դժվար է համադրել, որքան հայտնի է՝ «Թմկաբերդի առումը» մշակութային դաշտում ներկայացվում է առաջին անգամ:

Հիմա հանդիսականի ընդունելության մասին. դահլիճի կենտրոնացված լռությունը հավաստում էր այն փաստը, որ ասմունքի վարպետ Արթուր Սարգսյանի խոսքին զուգահեռ, հանդիսատեսը մտքում կարծես կրկնում էր կամ լուռ վերհիշում թումանյանական իմաստուն խոսքերը: Փաստենք, որ երեկոյի ավարտին, ստեղծագործական համադրված աշխատանքը գնահատվեց երկարատև բուռն ծափերով:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930