Լրահոս
Օրվա լրահոսը

Air Arabia-ն բողոքում է, որ հայկական շուկայի հնարավորությունների համեմատ մեծ քանակությամբ ավիաընկերություններ են ստեղծվել. «Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. «Հետք»

Նոյեմբեր 08,2024 11:53

«Հետք»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի փաստաթուղթ է հանձնել նրան: Դրանում ամփոփ շարադրված են ՀՀ կառավարության եւ Air Arabia-ի պայմանավորվածությունները «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) ստեղծելիս ու դրանց կատարման ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ փաստաթղթի մասին որեւէ նշում չկա: Փոխարենն ասվում է, թե Ալին, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի. «Նա Air Arabia ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու եւ ընդլայնելու համատեղ ծրագրերը: Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները»:

Սակայն մեր ձեռքի տակ հայտնված այս փաստաթղթում նշված կետերը թույլ են տալիս ասել, որ հանդիպումը չի եղել միմյանց գոհունակություն հայտնելու մասին, հակառակը՝ եթե կարճ նկարագրենք, ապա փաստաթուղթը յուրօրինակ հիշեցում է Կառավարությանը հայկական կողմի խոստացած, բայց չարած քայլերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության/ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի միջեւ առկա ու խորացող հակասություններն ի վերջո հիմք դարձան, որ համատեղ նախագիծը ձախողվի. «Ֆլայ Արնան» թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ մայիսին լուծվեցին աշխատողների հետ կնքված պայմանագրերը:

Ընդ որում՝ այս փաստաթուղթը պարունակում է նաեւ տեղեկություններ այլ հայկական ավիափոխադրողների մասին, ու չի բացառվում, որ վերջիններս տեղյակ էլ չեն եղել իրենց վերաբերյալ ծրագրված քայլերից, որոնք, ըստ հայ-արաբական պայմանավորվածությունների, պետք է կատարեր ՀՀ կառավարությունը:

Փաստաթուղթը կազմվել է հենց 2023-ի ապրիլին, այսինքն՝ նկարագրում է իրավիճակն այդ պահի դրությամբ: Մեր տեղեկություններով՝ այն կազմել է Air Arabia-ն, որը, հիշեցնենք, «Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունն էր, ինչպես նաեւ իրեն փոխկապակցված International Business Company (FZE) արաբական ընկերության միջոցով մինչ օրս 49 % բաժնեմաս ունի «Ֆլայ Արնայում»: Եվս 49 % պատկանում է հայկական ԱՆԻՖ-ին, որը պետական ընկերություն է, մնացած 2 %-ի տերն էլ արաբական աշխարհում հայտնի հայազգի գործարար Վարուժան Ներգիզյանն է:

«Ֆլայ Արնա. համատեղ ձեռնարկության ստեղծման ռազմավարական տեսլական-առկա իրավիճակ համեմատական». այսպես է կոչվում Փաշինյանին Ադել Ալիի ներկայացրած փաստաթուղթը:

Հայկական ավիացիայի պատմական մարտահրավերները՝ ըստ արաբների

Այնուհետեւ Air Arabia-ն շարադրել է հայկական ավիացիայի պատմական մարտահրավերները, որոնց մի մասը, անկեղծ լինենք, համապատասխանում են իրականությանը:

Ահա մարտահրավերները՝ ըստ արաբների.

  • Ոչ մի կայուն «ազգային» կարգավիճակ ունեցող ավիաընկերություն չի կարողացել գոյատեւել շահագործման ճնշող միջավայրում
  • Ավիաընկերության (նկատի ունեն ընդհանրապես «ավիաընկերություն» հասկացությունը – հեղ.) ցածր չափանիշներ հարեւան երկրների համեմատ
  • Վատ ֆինանսավորմամբ եւ սարքավորումներով մեկ օդանավ շահագործողների փոքրաթիվ քանակ, որոնք շահագործում են ցածրորակ պրոդուկտով հին օդանավեր
  • Ուղեւորափոխադրումների ներուժը առավելագույնին չի հասցվել, եւ առկա ուղղություններով միջազգային ավիափոխադրողները գերակշիռ դեր են ունեցել
  • Կարգավորող կառույցի (նկատի ունեն Քաղավիացիայի կոմիտեն – հեղ.) ոչ բավարար վերահսկողությունը հանգեցրել է ԵՄ եւ ԱՄէ արգելքների հայաստանյան օդանավերի համար
  • Քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմինը անհրաժեշտություն ունի կարողությունների եւ չափանիշների էական բարձրացման
  • Հիմնական օպերացիոն հաստիքների համար որակավորված մասնագետների պակաս, այդ թվում՝ օդանավի անձնակազմ եւ տեխնիկական մասնագետներ
  • Միջազգային մատակարարի հետ երկարատեւ պայմանագրով շատ թանկ եւ ոչ մրցունակ պայմաններով օդանավակայան (նկատի ունեն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ 2001 թ. կնքված եւ 2002-ից ուժի մեջ մտած 30 տարվա կոնցեսիոն պայմանագիրը «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման վերաբերյալ – հեղ.)
  • Ոչ մրցունակ ուղեւորափոխադրումների հարկեր (նկատի ունեն 10.000 դրամ «օդի տուրքը» – հեղ.)՝ չնայած նախնական համաձայնեցված քաղաքականության, որը ենթադրում էր կայուն ուղեւորափոխադրումներ նոր եւ գործող ուղղություններով
  • Համապատասխան որակավորում ունեցող միջազգային գործընկերոջ բացակայություն, որի աջակցությամբ հնարավոր կլիներ վեր հանել եւ հասցեավորել առկա խնդիրները

Արաբները չեն ուզում արեւի լույսը կիսել մյուսների հետ 

Air Arabia-ն վարչապետին ներկայացրած փաստաթղթի մի բաժինը վերնագրել է «Տեղական ավիափոխադրողների ռացիոնալիզացիա» ու նշել մի քանի կետ, որոնց տողատակերում զայրույթ ու հիասթափություն ենք տեսնում:

«Տեղական ավիափոխադրողների շրջանակի վերանայման արդյունքում Հայաստանի ուժեղ ազգային ավիափոխադրող, ի դեմս «Ֆլայ Արնայի», ստեղծելու փոխարեն տեղի ունեցավ հակառակը»,- գրված է փաստաթղթում, որից հետո շարադրված են ասվածը «հիմնավորող» փաստեր։

««Ֆլայ Արնա» ավիաընկերության պլանավորման փուլում առկա էին ընդամենը 2 փոքր ավիափոխադրողներ, որոնք Հայաստանից իրականացնում էին կոմերցիոն ուղեւորափոխադրումներ,- նշել է Air Arabia-ն՝ նկատի ունենալով «Ավիակոմպանիա Արմենիային» եւ «Արմենիա Էյրվեյզին», ապա հավելել,- այժմ հայկական ավիաուղիներ անվան տակ գործում են Երեւանում հիմնադրված 6 ավիաընկերություններ»:

2023-ի ապրիլին կոմերցիոն փոխադրումներ էին կատարում «Ֆլայ Արնան» («Հայկական ազգային ավիաուղիներ»), «Ֆլայուան Արմենիան», «Էյր Դիլիջանսը» (մինչեւ 2023 թ. մարտ ամիսը կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա»), «Արմենիա Էյրվեյզը», «Հայկական ավիաուղիները», «Շիրակ Ավիան», «Արմենիան Հելիքոփթերսը» (շահագործում է ուղղաթիռներ), «Սքայբոլը» (շահագործում է օդապարիկներ):

Air Arabia-ն բողոքում է, որ հայկական շուկայի հնարավորությունների համեմատ մեծ քանակությամբ ավիաընկերություններ են ստեղծվել: Բացի դրանից՝ առկա իրավիճակը հստակորեն ոչ կայուն է՝ պայմանավորված Ռուսաստանում առկա իրողություններով (խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին է):

ՔԱԿ-ի նախագահ Միհրան Խաչատրյանը հակադարձում է, որ 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո հայկական ավիաընկերությունների, այդ թվում՝ «Ֆլայ Արնայի» համար բարենպաստ միջավայր ստեղծվեց, քանի որ պատերազմող երկրներից Հայաստան տեղափոխվեց ուղեւորների մեծ շուկա, թռիչքների հաճախականություններն ավելացան, մարդկանց հոսքը մեծացավ, ինչը բիզնեսի տեսանկյունից շահավետ էր:

Արաբական կողմը դժկամությամբ արձանագրում է, որ «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությանը հնարավորություն է տրվել արագորեն աճել՝ շրջանցելով Հայաստանի համար առկա արգելքները եւ շահագործելով վարձակալված օդանավեր, ներառյալ՝ օտարերկրյա թռիչքային անձնակազմեր:

Փաստորեն, արաբները թե՛ նալին են խփում, թե՛ մեխին: Նրանք բողոքում են, որ Հայաստանի իշխանությունները չեն հասել ԵՄ-ի ու ԱՄԷ-ի կողմից հայկական ավիացիայի հանդեպ կիրառվող արգելքների չեղարկմանը, մյուս կողմից՝ դժգոհում են, որ նույն իշխանությունները «Ֆլայուան Արմենիային» թույլ են տվել վարձակալությամբ շահագործել այնպիսի երկրներում գրանցված օդանավեր, որոնք չեն գտնվում սահմանափակումների տակ: Դժվար է ասել, թե արաբների տրամաբանությամբ ՀՀ ավիացիոն իշխանություններն ինչպես, ինչ օրենքի հիման վրա պիտի արգելեին տեղական որեւէ ընկերության օդանավ վարձակալել արտերկրից:

Առիթ ունեցել ենք գրելու, որ հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիան» «թաց լիզինգի» (wet lease) պայմաններով շահագործել/շահագործում է մոլդովական եւ ռումինական իր քույր ավիաընկերությունների, ինչպես նաեւ այլ երկրներում (օրինակ՝ Մոնղոլիա, Լիտվա, Բուլղարիա) գրանցված օդանավեր: Նման ձեւով «Ֆլայուան Արմենիան» հաղթահարում է նաեւ դեպի Եվրոպա մեկնող (տարանցիկ թռիչք իրականացնող) հայկական ավիաընկերությունների առաջ Թուրքիայի ստեղծած արհեստական խոչընդոտները: «Թաց վարձակալությունը» (օդանավի անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը վարձատու կողմն է ապահովում, եւ օդանավը շարունակում է գրանցված մնալ վարձատուի երկրում) նորմալ պրակտիկա է ավիացիայում եւ երբեմն կիրառվում է՝ տարբեր սահմանափակումներ հաղթահարելու համար:

Ինչպես արդեն գրել ենք, ոչ մի բան չէր խանգարում, որ «Ֆլայ Արնան» եւս կիրառեր «Ֆլայուան Արմենիայի» փորձը՝ ունենալով Air Arabia-ի նման մեծ ռեսուրսներ ունեցող «թիկունք», այսինքն՝ նրանից ԱՄԷ գրանցումով օդանավեր վերցներ «թաց վարձակալությամբ», ինչը չի արվել: «Ֆլայ Արնայի» նախկին հայ աշխատակիցները «Հետքի» հետ զրույցում եւս տարակուսել են արաբական կառավարչի նման վարքագծից:

Արաբների պահվածքից ուսերը թոթվում են նաեւ Քաղավիացիայի կոմիտեում: «Մենք 2020-ին ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո դիմել ենք EASA-ին, ասել ենք՝ կարող են, չէ՞, ՀՀ փոխադրողները երրորդ երկրներից օդանավ վարձակալել ու դեպի ԵՄ թռիչքներ կատարել, ասել են՝ խնդիր չկա: «Ֆլայուան Արմենիան» ու «Ավիակոմպանիա Արմենիան» այդպես էլ արել են: Լավ օրից չէ դա, բայց տարբերակ է,- պատմում է ՔԱԿ-ի փոխնախագահ Ստեփան Փայասլյանը,- ես «Ֆլայ Արնայի» գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին ասել եմ՝ Air Arabia Group-ից մի օդանավ բերեք, թռեք Եվրոպա: Ասում էր՝ ուզում ենք, մտածում ենք, քննարկում ենք…»:

Արաբները բողոքել են նաեւ, որ ՔԱԿը բավականաչափ ակտիվություն չի դրսեւորել «Ֆլայ Արնայի» աճին նպաստող անհրաժեշտ օդային թույլտվություններն ու հաստատումները ապահովելու հարցում:

Ս. Փայասլյանը հակադարձում է. «Ես կատակով ասում էի՝ Էնթոնի ջան, ձեր օդանավի ակերի տակ խոտ է աճում, թռե՛ք (նկատի ունի «Ֆլայ Արնայի»՝ ՀՀ գրանցումով ինքնաթիռը – հեղ.): Մենք իրենց գործունեության ընթացքում ստացել ենք միայն մեկ բողոք, փոխարենը ունեինք հազարավոր բողոքներ «Ֆլայուան Արմենիայից», որոնք հիմա հասել են 10-15-ի, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս «Ֆլայուանի» պայքարող, բիզնեսմեն տեսակը, քան թե նրանց, որ կորցնելու բան չունեն, բայց չեն թռչում: Սանկտ Պետերբուրգ էին թռչում ծանրաբեռնված, բայց չվերթը հանեցին: Տարբեր տեղերից (այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆիլհարմոնիկ նվագախումբ) ՔԱԿ-ին բազմաթիվ անգամ դիմել են, ասել են՝ չարտերային չվերթի համար ու՞մ օդանավը խորհուրդ կտաք վերցնենք, ասել ենք՝ «Ֆլայ Արնայի»՝ որպես պետական մասնակցությամբ ընկերության: Բայց էնպիսի գներ են ասել, որ պատվիրատուները այլ երկրից օդանավ են վերցրել, բերել էստեղ, թռել մեկ ուրիշ երկիր ու վերադարձել կրկնակի էժան գներով»:

Այս տարվա մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ այս ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն է կրել, նոր ընկերություններ են հայտնվել, եւ «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել: Երբ վարչապետին հարցրել էինք, թե կոնկրետ որ ընկերությունների մուտքն է խնդիր ստեղծել «Ֆլայ Արնայի» համար, մեր հարցմանը պատասխանած Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել էր, թե այն բանից հետո, երբ 2022 թ. մայիսին «Ֆլայ Արնան» ՕՇՎ է ստացել, ՀՀ ավիացիոն շուկա մուտք է գործել ուղեւորափոխադրում իրականացնող մեկ ընկերություն՝ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն: Վերջինս թռիչքներ է կատարում 2023-ի մարտից, բայց Էկոնոմիկայի նախարարության պատասխանը որեւէ կերպ չի հիմնավորում, չի հստակեցնում Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե նոր ընկերությունների մուտքը բացասական առումով ազդել է «Ֆլայ Արնայի» վրա:

Հիմա, ձեռքի տակ ունենալով Air Arabia-ի կազմած ու 2023-ի ապրիլին Փաշինյանին ներկայացված փաստաթուղթը, հասկանում ենք, որ գործադիրի ղեկավարը, հեռու լինելով ավիացիայից, թերեւս կրկնել է արաբական կողմի առաջ քաշած թեզը, այն է՝ մյուսների ներկայությունը խոչընդոտ է իր զարգացմանը (ճիշտ է՝ Փաշինյանը սա կոչում է մրցակցություն, ինչի մասին Air Arabia-ն լռում է):

Փաստաթուղթը կազմողները դժգոհել են նաեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից. «ՔԱԿի քաղաքականությունը (նկատի ունեն հայկական մյուս ավիաընկերությունների առաջ «կանաչ լույս վառելը» – հեղ.) նյութապես ազդել է «Ֆլայ Արնայի» աճի ու կատարողական ցուցանիշների վրա եւ հակասում է ի սկզբանե համաձայնեցված տեսլականին»:

Միհրան Խաչատրյանն արձագանքում է. «ՀՀ կառավարության կողմից տրված խոստումներին վերաբերող որեւէ փաստաթուղթ կամ արձանագրություն, ոչ մի բան ներկայացված չի եղել: Դրա համար բոլոր պնդումները, թե կան պայմանավորվածություններ, թող տրամադրեն: Եթե պատրաստվում են դատի տալ, թող տան, բայց պիտի հիմնավորեն»:

Պարոն Խաչատրյան, այդ տեսլականը որեւէ տեղ գրված կա՞

-Ոչ:

Պայմանավորվածությունն օդի մե՞ջ է եղել:

-Այո: Կարող է եղել է, կարող է չի եղել: Եթե մենք չունենք արձանագրված որեւէ փաստ, չենք կարող պնդել, որ սա ճիշտ է:

ՔԱԿ-ին քննադատելուն զուգահեռ արաբները «տակառ են գլորում» հայկական մյուս ավիաընկերությունների վրա. «ՔԱԿը շարունակում է հին օդանավեր շահագործող եւ հաճախորդների վատ սպասարկում ունեցող նոր ավիաընկերություններին թույլատրել մուտք գործել շուկա՝ կասկածի տակ դնելով «Ֆլայ Արնա» ավիաընկերության կազմավորման սկզբնական նպատակները»:

Կոմիտեի նախագահը հակադարձում է. «Նման պնդումներն իրենց իրավասությունը չեն, դրա համար կան ICAO եւ EASA: Նրանք եկել, ստուգել ու ասել են, որ ՔԱԿ-ը համապատասխանում է իրենց պահանջներին, ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի անվտանգության պահանջներին եւ չունեն որեւէ Level 1 finding, էլ ի՞նչ է պետք»:

Մեկ այլ տեղում էլ ասվում է. «Նոր ավիաընկերությունները եւ օտարերկրյա գրանցում ունեցող վարձակալված օդանավերի շահագործումը էապես նվազեցնում են տեղական աշխատանքի հնարավորությունները եւ տնտեսական օգուտները Հայաստանի քաղաքացիների համար եւ Հայաստանի համար»:

2023-ի ապրիլին պատրաստված փաստաթղթում ներառված այս պնդումները դժվար է կոչել այլ բան, քան զրպարտություն: Եվ եթե փաստաթուղթը ժամանակին ընկներ այդ պնդումների «հասցեատեր» ավիաընկերությունների ձեռքը, ենթադրելի է, որ դատական հայցեր կտեսնեինք «Ֆլայ Արնայի» արաբ կառավարիչների դեմ:

 

Վահե Սարուխանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930