Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար Աղալարովը, որին նաև կոչում են ռուսաստանցի Դոնալդ Թրամփ, համարվում է Մոսկվայում Թրամփի լավագույն ընկերը. «Ազգ»

Նոյեմբեր 08,2024 11:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսկ ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ փոփոխություններ կկրի կամ չի կրի ԱՄՆ-ի՝ աշխարհի այդ գերտերության քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ հատկապես մեզ հետ կապված հարցերում, դրանում ի՞նչ դեր կխաղա նորընտիր նախագահի անձի գործոնը: Սա կվերլուծեն քաղաքագետները, հետո կյանքը ցույց կտա: Բայց ակնհայտ է, որ որոշ դեպքերում այդ գործոնը կամ մի պատահական թվացող դրվագն իսկ կարող են նշանակություն ունենալ եւ անգամ հարց լուծել:

Ցավոք, այս առումներով նախկինից եկող որոշ ազդակներ առայժմ լավատեսության հիմք այնքան էլ չեն տալիս: Հայտնի է, օրինակ, 2021 թ. մայիսի 27-ին մեր Հանրային հեռուստատեսությանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում արված մի բացահայտումը 1996 թ. դեկտեմբերի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովից, որտեղ, ինչպես մեկնաբանվել է, Ադրբեջանում բիզնես շահեր ունեցող թեքսասյան նավթային մագնատների թելադրանքով կամ ազդեցությամբ Արցախի վերաբերյալ մինչ այդ նախապատրաստված չեզոք բանաձեւը մի գիշերում փոխվել է հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Լիսաբոն մեկնող ԱՄՆ նախագահ Քլինթոնի սեղանին մի թուղթ են դրել եւ ասել են. «Մեզ պետք է, Ալիեւը (հայր Ալիեւը – Գ. Մ.) լավ տղա է, այսպիսի մի թուղթ է խնդրել»: Եվ այդ շատերի հետ համաձայնեցված բանաձեւից հետո, չնայած հայկական կողմի վետոյին, Ադրբեջանի հռետորաբանությունն էլ է փոխվել, Արցախն էլ շուտով դուրս է թողնվել բանակցություններից:

Ինչ մնում է Թրամփին, որի նախորդ նախագահության օրոք նրա վարչակազմն առնվազն ոչինչ չարեց 2020 թվականին հայ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան զսպելու համար, նա, ըստ ժամանակին լրատվամիջոցներում շրջանառված տեղեկությունների, ոչ միայն բիզնես նախագիծ է ունեցել Ադրբեջանում, այլեւ այդ պատերազմի ընթացքում էլ բիզնես է վարել թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում:

Բայց դա էլ դեռ բոլորը չէ: Մեր ոխերիմ հարեւան ադրբեջանցիները, ինչպես հայտնի է, տարբեր մեթոդներով կարողանում են կարեւոր բարեկամներ գտնել, ի տարբերություն մեր որոշ ղեկավարների: Եվ այդ դեպքում երբեմն նաեւ մի դիպվածն է նրանց այդ հարցում օգնում: Ռուսաստանում ադրբեջանցի հայտնի խոշոր բիզնեսմեն, անցյալ տարի այրված «Կրոկուս սիթի հոլ» հսկա համալիրի սեփականատեր Արաս կամ Արազ Աղալարովին երկրի տարբեր ծրագրերում կատարող մեծ ներդրումների համար նաեւ կոչում են ռուսաստանցի Դոնալդ Թրամփ: Նա նաեւ համարվում է Մոսկվայում Թրամփի լավագույն ընկերը: Նրանց բարեկամությունը սկիզբ է առել տարիներ առաջ, դեռ բիզնեսմեն Թրամփի Մոսկվա այցելությունից մի միջազգային մեծ փառատոնի առիթով, որն անցկացվել է Աղալարովի հիշյալ համալիրում՝ այդ երկու անձի գործակցությամբ, մեծ հաջողություն ապահովելով: ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ու ադրբեջանցի ազդեցիկ գործարարն անգամ ընտանիքներով են մոտ:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930