Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները, որոնք հովանավորվում էին ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից, ստիպված են լինելու նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2024 10:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ բոլոր կանխատեսումների՝ Կովկասում Թրամփը շատ ակտիվ չի լինելու, նա Կովկասը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի եւ շոշափելի ակտիվություն չի ցուցաբերի՝ ի տարբերություն Բայդենի ադմինիստրացիայի, որը փորձում էր ազդեցություն ունենալ Վրաստանի ու Հայաստանի վրա։ Սա ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի տեսակետն է:

«Թրամփը կենտրոնանալու է Ամերիկայի վրա, նա կնվազեցնի ամերիկյան շոշափուկների տարածումը դեպի Եվրոպա, փոփոխություններ կլինեն նաեւ Մերձավոր Արեւելքում»,- ասում է Տարասովը։ Ռուս քաղաքագետը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները, որոնք հովանավորվում էին ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից, հիմա ստիպված են լինելու նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում` այն պարագայում, երբ Եվրոպայի ազդեցությունն էլ է նվազելու Հարավային Կովկասում, որովհետեւ հիմա Եվրոպան աշխարհաքաղաքական խաղերի համար ռեսուրս չունի։

Հայաստանի իշխանությունը, ըստ Տարասովի, ինքն է ընտրել աշխարհաքաղաքական մեկուսացման ճանապարհը․ «Ստացվում է այնպես, որ Հայաստանը մշտապես ուշանում է գնացքից։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանն ամրացնում է իր ազդեցությունը, Հայաստանի իշխանությունը գնում է դեպի Արեւմուտք, բայց Արեւմուտքը փլուզվեց, երբ ԱՄՆ-ում Բայդենի վարչակարգի դիրքերը թուլացան, նրանք սկսեցին ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնել ու հիմա կարող են հայտնվել հպարտ մենակի կարգավիճակում»։

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր ձնհալը կարո՞ղ է դուռ բացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման համար, այդ թվում՝ որպես մի հարթակի, որտեղ աշխարհաքաղաքական տարաձայնություններ ունեցող ու մրցակցության մեջ գտնվող երկրները կկարողանան մի սեղանի շուրջ նստել եւ Արցախի հարցում տեղաշարժ ապահովել։ Տարասովը կարծում է՝ ոչ, ասում է՝ գնացքն արդեն գնացել է, որովհետեւ Հայաստանի իշխանությունն ինքն է այդ ձեւաչափի չեզոքացմանը նպաստել, հիմա դրա անհրաժեշտությունն այլեւս չկա, որովհետեւ Ադրբեջանն իր համար խնդիրը լուծել է, մնում է տեխնիկական հարցը՝ Հայաստանի հետ համաձայնություն ստորագրելը։

Ադրբեջանը, նրա խոսքով, լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Իրանի հետ, Հյուսիս-Հարավ նախագծի մասնակից է։ Ադրբեջանին մնում է իրավաբանորեն ձեւակերպել հաղթանակը, հաղթանակը` Ղարաբաղում, իսկ հետագայում՝ ցույց կտան իրադարձությունները։ Տարասովը չի բացառում, որ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել մոսկովյան հարթակում։ Եվրոպան ու ԱՄՆ-ն, ըստ նրա, հիմա Երեւանի ժամանակը չունեն։ «Ո՞ւմ են պետք ՀՀ իշխանությունները։ Մոսկվան, ինչպես միշտ, կընդունի, կասի՝ պայմանավորվե՞լ եք, եկե՞լ եք համաձայնության` եկեք, ստորագրեք»,- եզրափակում է ռուս քաղաքագետը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930