Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի գործիչները կոչ են անում բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին

Նոյեմբեր 08,2024 10:09

Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը

Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ  երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով  նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին.

Մենք՝ այս պահանջագիրն ստորագրողներս կոչ ենք անում կառավարությանը՝ աջակցելու նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող COP29-ի բոյկոտի  գործողություններին։

Խորհրդարանի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բազմաթիվ պատգամավորների կողմից ամոթալի որակված այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար, արատավոր և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական ​​և ապակայունացնող մտադրությունների իրականացումը: Բնապահպանական այս նախաձեռնության անցկացման ժամկետի մոտենալուն զուգընթաց, այս պետության իշխանությունները շարունակում են կոշտացնել իրենց տոնայնությունը ինչպես ներքին ընդդիմության, այնպես էլ հարևան Հայաստանի նկատմամբ, որը ենթարկվում է իր ամբողջականությանն ուղղված սպառնալիքների ուժգնացմանը:

Այդ մասին են վկայում Human Rights Watch և Freedom Now կազմակերպությունների զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին դատապարտել են ադրբեջանական իշխանությունների ջանքերը՝ միտված «քաղաքացիական հասարակության ոչնչացմանը»։ Դրա մասին է վկայում նաև Իլհամ Ալիևի մոտեցումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի բոլոր կետերը մեկ առ մեկ ծաղրի ենթարկելուց, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո շարունակում է անընդհատ բարձրացնել իր պահանջների մակարդակը խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանություններին դրական լույսի ներքո ներկայացնելու փոխարեն COP29-ը, ընդհակառակը, կարծես ի ցույց է  դնում նրանց բոլոր իրավախախտումները:

Այս համատեքստում, այս կոչը ստորագրողներն իրենց զարմանքն են արտահայտում Ֆրանսիայի կառավարության որոշման նկատմամբ՝ պատվիրակելու բնապահպանության նախարար Անյես Պանյե-Ռյունաշեին՝ Բաքվում Ֆրանսիայի կառավարությունը ​​ներկայացնելու համար: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու ֆրանսիացիներ շարունակում են անհիմն կալանավորված  մնալ այդ երկրում, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում սույն թվականի սեպտեմբերի 4-ին զգուշացում է հրապարակել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ չտալով մեկնել Ադրբեջան:

COP29-ում ներկայացված լինելու այս որոշումը առավել վիճելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Human Rights Watch հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 10-ին բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի միջև 2024 թվականի օգոստոսին կնքված համաձայնագիրը «լի է նշանակալի բացերով և երկիմաստություններով»՝ նպատակ ունենալով պարտադրել մասնակիցներին «հարգել Ադրբեջանի օրենքները» և չմիջամտել երկրի «ներքին գործերին»: Այս ամենը մասնակից երկրներին կստիպի մեղսակից լռություն պահպանել մի պետության իրավական չարաշահումների վերաբերյալ, որը մշտապես հայտնվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների բոլոր վարկանիշային ցուցակների վերջին հորիզոնականներում:

Հնարավո՞ր է արդյոք լրջորեն խոսել բնապահպանության մասին՝ անտեսելով համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա անհիմն ու կամայական կալանքի տակ պահվող և խոշտանգման ենթարկվող բոլոր քաղբանտարկյալների (այդ թվում՝ մարդասեր բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների) կոչերը։ Այս կոչը ստորագրողները դրան չեն հավատում։

Ընդհակառակը, նրանք կառավարությանը հորդորում են խիստ ազդանշան ուղարկել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և գլխավորելով միջազգային արշավը՝ պահանջելու անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին, ինչպես նաև ապահովելու Լեռնային Ղարաբաղի 120.000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը` ի կատար ածելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ այդ երկրի ավելի քան 200 կմ² տարածքն առ այսօր գտնվում է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։

Կոչը ստորագրել են.

  • Անն Իդալգո, Փարիզի քաղաքապետ (Սոցիալիստական կուսակցություն);
  • Այդա Հադիզադե, Վալ դ’Ուազից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Շառլ դը Կուրսոն, Մառնից ընտրված պատգամավոր (Ցենտրիստներ՝ նոր կենտրոն);
  • Քրիստին Պիրես Բոն, Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Կլոդ Կերն, Բա-Ռենի սենատոր (Դեմոկրատների և Անկախների միություն -UDI);
  • Էլիզա Մարտեն, Իզերից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);
  • Էմանուել Գրեգուար, Փարիզի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Ֆրանսուա-Գզավյե Բելամի, Եվրախորհրդարանի պատգամավոր (Հանրապետականներ – LR);
  • Իզաբել Սանտյագո, Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Լորան Պանիֆուս, Արիեժից ընտրված պատգամավոր (LIOT խումբ);
  • Լորան Վոքիե, Օտ-Լուարից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ – LR);
  • Մարիան Մաքսիմի, Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);
  • Մարտին Ֆրոժե, Արիեժից ընտրված պատգամավոր (LIOT խումբ);
  • Մարտին Վասալ, Էքս-Մարսելի նախագահ;
  • Միշել Էրբիլյոն, Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ – LR);
  • Օլիվյե Ֆոր, Սեն-է-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Պատրիկ Կարամ, Իլ-դը-Ֆրանս շրջանի փոխնախագահ;
  • Պիեռ Ուզուլիաս, Օ-դը-Սենի սենատոր (Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն), Սենատի փոխնախագահ;
  • Պիերիկ Կուրբոն, Լուարից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Ռեմի Ֆերո, Փարիզի սենատոր (Սոցիալիստական կուսակցություն);
  • Ռընո Մյուզըլիե, Հարավի տարածաշրջանի նախագահ;
  • Ռընե Ռուքե, քաղաքապետի պատվավոր տեղակալ;
  • Սեբաստիան Դըլոգյու, Բուշ-դյու-Ռոնից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա -LFI);
  • Ստեֆան Ռավիե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր (Ազգային միավորում – RN);
  • Սիլվեն Մայար, Փարիզից ընտրված պատգամավոր (Ensemble – Միասին);
  • Վալերի Բուայե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր (Հանրապետականներ – LR);
  • Վալերի Պեկրես, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ;
  • Յաննիկ Ժադո, Փարիզի սենատոր (Բնապահպաններ):

Free Armenian Prisoners

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930