Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են «ներկա թոխմախները» տարբերվում «նախկիններից»

Նոյեմբեր 08,2024 10:00

Ճիշտն ասած՝ լրագրողների եւ պատգամավորների խոսակցությունները Ազգային ժողովի միջանցքներում, որոնք ծավալվում են վերջին տարիների ընթացքում, երբեմն ինձ թվում են, եթե օտար բառ կիրառենք, «ոչ ռելեվանտ», իրավիճակին ոչ համապատասխան: Մոտավորապես, «ի՞նչ ֆիրմայի կոշիկ եք դուք հագնում»: Ըստ իս՝ թող ՔՊ-ականները թեկուզ ոսկուց կոշիկ կրեին, բայց մեր ժողովրդի եւ պետության գլխին աղետ չբերեին: (Այն, որ քաղաքացիների մեծամասնությունը չի հասկանում, որ 2020-23 թվականներին տեղի ունեցածը աղետ էր, կամ կարծում է, որ այդ աղետը Փաշինյանն ու նրա թիմը չեն բերել, խոսում է այդ մեծամասնության եւ ոչ թե իրավիճակի մասին):

Պայմանականորեն ասած՝ «կոշիկի գնի» մասին խոսակցությունն անձամբ ինձ չի զվարճացնում, չնայած, հասկանում եմ, որ այն միանգամայն տեղավորվում է entertainment կամ lifestyle ժանրի մեջ, իսկ դրանք ընթերցողների, օգտատերերի սիրած ժանրերն են:

Լսելով նմանատիպ հարցերը՝ պատգամավորները, կախված նրանից, թե որքանով են իրենց «քաղաքի» կամ «դուխով տղա» համարում, պատասխանում են կա՛մ այնպես, ինչպես պետք է պատասխանեն պետական իշխանությունը ներկայացնող հանրային դեմքերը (հիշեցնեմ, որ այդպիսիք են ԱԺ բոլոր պատգամավորները), կա՛մ պատասխանում են Թոխմախի Մհերի ոճով ու մակարդակով: Բայց, ի տարբերություն վերջինիս, ՔՊ-ական «թոխմախները» երբեք ներողություն չեն խնդրում իրենց անդաստիարակ վարքի համար՝ հավանաբար, այն պատճառով, որ խրախուսվում են պետության առաջին դեմքի կողմից:

Պատգամավորներից «լավ տղերքի» ռեակցիաներն, իհարկե, նման են «թոխմախա-շմայսային» վիճակներին, բայց կա մի տարբերություն. այն ժամանակ լրագրողներին ԱԺ-ում հավատարմագրումից զրկելը որպես պատժամիջոց կամ իշխանության վրեժխնդրություն չէր կիրառվում, իսկ հիմա դա կիրառվել է, որքան գիտեմ, արդեն 4 անգամ: Եվ դա բնական է՝ մենք այն ժամանակ «ժողովրդավարության բաստիոն» չէինք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ ԱԺ աշխատանքը լուսաբանելիս խնդիրներ ունեցած լրագրողներից երկուսը՝ Անի Գեւորգյանն ու Սյուզի Բադոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ամեն տարի ունի նոյեմբերի 9-ը: Նույն ստույգությունն ունի ‘ՔՊ-ականները մեր ժողովրդի եւ պետության գլխին [ժ և պ] աղետ բերեցին’-ը:
    Ենթադրենք, որ հանդուրժելը որ աղետ բերողները բերեն նոր աղետներ, նշանակում է, որ ‘ժ և պ’-ն դեմ չեն (առնվազն) աղետներին: Ցիոլկովսկի չպիտի լինես, որ անես այս եզրակածությունը:
    Եթե ‘ժ և պ’-ն դեմ չեն աղետներին, ապա եզրակացնում ենք, որ ապրած աղետները հարաբերական են: Նույնպես միակ եզրակածությունն է:
    Եթե բերած աղետները հարաբերական են, ապա այլ ‘ժ և պ’-ի գլխին բերած աղետները ավելի սոսկալի են քան այն ինչ բերվեց մեր գլխին: Սա նույնպես միակ եզրակածությունն է:
    Ես ուշադիր հետևում եմ նորություններին: Ես չունեմ ոչ մի պատճառ հաստատելու, որ վերջին եզրակածությունը համապատասխանում է իրականությանը:
    Ստացվում է, որ ենթադրությունը` ‘աղետ բերողներին հանդուրժում են բերել նոր աղետներ’ սխալ է: Բայց չէ որ հանդուրժում են, աշխատավարձ են տալիս ու այլ բարիքներ…
    Պարադո՞քս: Եթե օգնեք հասկանալ, շատ երախտապարտ կլինեմ: Համ էլ հայրենիքը կփրկենք:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Որպես մխիթարանք, եկեք հավատանք ժ-ի հավաքական իմաստնությանը և ինքնապաշտպանական բնազդին:
      ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ
      (Վարդան Այգեկցի)
      Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի»:

  2. Խնդրում եմ կարդալ ‘եզրակացություն’:
    Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930