Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հյուրանոցի պատմություն

Նոյեմբեր 08,2024 13:00

ՀՀ սնանկության դատարանի 2022թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ քաղաքացիական գործը՝ ենթակայությունը որոշելու նպատակով, ուղարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի «Ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» 2022թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ այս գործով իրավասու դատարան էր համարվել ՀՀ սնանկության դատարանը:

Ի վերջո, օրեր առաջ՝ նոյեմբերի 4-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննած Սեդրակ Բարսեղյանի եւ սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքների հիման վրա հրապարակեց որոշում: Բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից այս տարվա փետրվարի 7-ին կայացրած վճռի դեմ էր:

Այս գործի նախապատմությունն ըստ էության սկսվում է 2004-ից, առքուվաճառքի պատմությունից, իսկ ակտիվ դատական գործընթացները՝ 2016թ. փետրվաի 18-ից, երբ հայցվոր Սեդրակ Բարսեղյանը հայցադիմում ներկայացրեց ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գագիկ Բարսեղյանի` գումարի բռնագանձման պահանջով: ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մարգարյանի փետրվարի 19-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվեց վարույթ, իսկ նույն տարվա սեպտեմբերի 28-ի դատարանի որոշմամբ նշանակվեց դատաապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց ՀՀ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության փորձագետներին: Բնականաբար, վարույթը կասեցվեց, ապա 2017թ. հունիսի 26-ի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվեց:

2017թ. (դատավոր՝ Գ. Խաչատրյան) օգոստոսի 7-ին որոշվեց արգելել պատասխանող Գագիկ Բարսեղյանին օտարել Արագածոտնի մարզի Թալինի Շահումյան 1 հասցեում գտնվող հյուրանոցը:

Սեդրակ Բարսեղյանը պահանջել էր Գագիկ Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 246 517 000 ՀՀ դրամ եւ այդ գումարի նկատմամբ օրենքով նախատեսված հաշվեգրվելիք բանկային տոկոսները՝ սկսած 23.12.2015թ. մինչեւ պարտավորությունների փաստացի կատարման օրը:

Մարզի դատարանի 2018թ. սեպտեմբերի 10-ի վճռի համաձայն, որոշվել է՝ «Հայցը մերժել ամբողջությամբ: Հայցվոր Սեդրակ Բարսեղյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4 730 340 ՀՀ դրամ, որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար: Հայցվոր Սեդրակ Բարսեղյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 246 517 000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով հաշվեգրվող տոկոսների, սկսած 23.12.2015թ. մինչեւ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.08.2017թ. եւ 25.12.2017թ. որոշումներով կիրառված հայցի ապահովման միջոցները՝ հայցագնի չափով արգելանք դնել պատասխանող Գագիկ Բարսեղյանին պատկանող գույքի վրա, վերացնել, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:

Վճռից մեկ ամիս հետո հայցվորի կողմից ներկայացվել էր Վերաքննիչ բողոք:

ՀՀ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը 2022թ. հուլիսի 22-ին ՀՀ պետական բյուջեի օգտին կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկել է դատական ակտը հարկադիր կատարման:

Սնանկության դատարանը բավարարում է հայցը մասնակի, վճռվում է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177.491.200 դրամ գումար, որպես անհիմն հարստացման գումար, մնացած մասով հայցը մերժվում է:

Այս գործով ՀՀ վճռաբեկ դատարանում Գ. Բարսեղյաի ներկայացուցիչն է եղել Մ. Խաչիկյանը, իսկ Սեդրակ Բարսեղյանինը՝ Ա. Ավետիսյանը:

Վճռաբեկ դատարանը որոշման պատճառաբանական մասում հայտնել էր, որ վարույթ է ընդունել այս գործը, քանի որ առկա էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առերեւույթ խախտում, այն է՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Վերադաս դատական ատյանի կողմից գործի նոր քննության ծավալի սահմանումը գործնականում հանդիսանում է ստորադաս դատարանին տրված ցուցում քննարկման ենթակա հարցերի, դատավարական գործողություններ կատարելու, որոշակի ապացույցներ գնահատելու, հետազոտելու համար»:

Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել էր բավարար՝ վերաքննիչ դատարանի այս տարվա փետրվարի 7-ին կայացրած որոշումը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանը էական նշանակություն ունեցող փաստերի մեջ նշել էր հետեւյալը. Գագիկ Բարսեղյանի (Վաճառող) եւ Սեդրակ Բարսեղյանի (Գնորդ) միջեւ 03.12.2004 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վաճառողը վաճառել է, իսկ գնորդը, որպես սեփականություն, 8.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերել հյուրանոցը, պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է Ս.Բարսեղյանի անվամբ:

Վճռաբեկ դատարանը որոշեց փոփոխել այն՝ Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին բավարարել մասնակիորեն, Գ. Բարսեղյանից հօգուտ Ս. Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221.864.000 ՀՀ դրամ, որպես անհիմն հարստացման գումար, մնացած մասով հայցը մերժել:

Նշեմ, որ պատասխանող Գ. Բարսեղյանը տարբեր դատական ատյաններում վկայակոչել էր այն հանգամանքը, որ 03.12.2004թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա մինչեւ 23.12.2015թ. որպես սեփականատեր տնօրինել, տիրապետել եւ օգտագործել է վեճի առարկա դարձած հյուրանոցը եւ այդ ժամանակահատվածում տարբեր տարիներին իրականացրել է հյուրանոցի վերանորոգման եւ բարելավման աշխատանքներ։ Նա չի ընդունել հայցվորի կողմից հյուրանոցում 246 517 000 ՀՀ դրամի վերանորոգման եւ բարելավման աշխատանքներ կատարված լինելու հանգամանքը, նաեւ հայցվորի կողմից վկայակոչված այն փաստարկը, թե 03.12.2004թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա մինչեւ 23.12.2015թ. հյուրանոցը վերջինս տնօրինել, տիրապետել եւ օգտագործել է որպես սեփականատեր։ «Եթե հայցվորը տարբեր տարիներին իրականացրել է Թալինի Շահումյան 1 հասցեում գտնվող հյուրանոցի վերանորոգման եւ բարելավման աշխատանքներ, ապա քաջ գիտակցել է, կամ առնվազն պետք է գիտակցեր, որ այդ բարելավումներն իրականացնում է մի գույքի նկատմամբ, որը սեփականության իրավունքով չի պատկանում իրեն, եւ վերջինս այդ գույքի վրա որեւէ բարելավում կատարելու իրավունք, առավել եւս՝ պարտականություն չունի»,-ասել էր պատասխանողը իր առարկություններում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930