Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով հասարակական կազմակերպությունների «մի դասակարգի» համար կա հնարավորություն՝ հայցով դիմելու դատարան, իսկ մյուսների համար՝ ոչ

Նոյեմբեր 08,2024 12:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ դիմողի՝ հասարակական կազմակերպությունը զրկվել է իր հիմնական իրավունքներից մեկից՝ իր շահառուների իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից:

2024 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Արդար առեւտրի միություն» հասարակական կազմակերպության (նախագահ՝ Հայկ Կարապետյան) դիմումը:

Նա խնդրել էր «ՀՀ քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության համատեքստում այն մասով, որը չի նախատեսում հասարակական կազմակերպության կողմից իր կանոնադրական նպատակների շրջանակներում սպառող հանդիսացող իր շահառուների իրավունքների պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու իրավունք, ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 45-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերին, 61-րդ եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերին եւ 86-րդ հոդվածի 9-րդ կետին հակասող եւ անվավեր:

Ներկայացնելով թիվ ԵԴ2/40495/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը նշում է, որ ՀՀ դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը մեկնաբանում են այնպես, որ հասարակական կազմակերպությունը կարող է դիմել քաղաքացիական դատարան միայն այն դեպքում, երբ անմիջականորեն խախտվել է տվյալ հասարակական կազմակերպության իրավունքը, եթե հայցը չի առնչվում շրջակա միջավայրի պահպանությանը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Դիմողը գտնում է, որ օրենքով հասարակական կազմակերպությունների մի դասակարգի համար սահմանված է հնարավորություն՝ իրենց շահառուների իրավունքների պաշտպանության հայցով դիմելու դատարան, իսկ մյուսների համար՝ ոչ, այն պայմաններում, որ չկա որեւէ օբյեկտիվ հիմք նման տարբերակման համար: Այսինքն, «նման անհավասար մոտեցման արդյունքում ոչ միայն հասարակական կազմակերպություններն են հայտնվում խտրական եւ տարբերակված իրավիճակում, այլ նաեւ այդ կազմակերպությունների շահառու հանդիսացող անձինք, քանի որ անձանց որոշ շրջանակի համար առկա է հասարակական կազմակերպությունների կողմից իրենց իրավունքների դատական պաշտպանության գործիքակազմ, իսկ մյուսների համար՝ այն իսպառ բացակայում է»:

Դիմողը գտնում է, որ հասարակական կազմակերպությունը, որպես կանոնադրական նպատակ սահմանելով սպառողների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ պաշտպանությունը պետական մարմիններից, հանձնառություն է ստանձնել` պաշտպանելու սպառողներին պետական մարմինների ապօրինի գործողություններից, այդ թվում՝ դատարաններում հանդես գալու միջոցով: Դիմողի պնդմամբ՝ հենց այստեղ է դրսեւորվում հասարակական կազմակերպության իրավական շահագրգռվածությունը, քանի որ նման երեւույթների դեմ պայքարելն այդ կազմակերպության ստեղծման նպատակը եւ առաքելությունն է: Հետեւաբար՝ ըստ դիմողի՝ հասարակական կազմակերպություններին դատարաններում շահառուների իրավունքների պաշտպանության իրավունք չտրամադրելու պարագայում ամբողջությամբ կարժեզրկվի այդ կազմակերպությունների ստեղծման եւ գոյության տրամաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴԱՈ-170 աշխատակարգային որոշմամբ, որը կայացրել է նոյեմբերի 1-ին, մերժել է դիմումը, պատճառաբանելով, որ դիմումատուն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որեւէ հիմնական իրավունքի խախտման փաստը:

ՍԴ-ն իր մեկ այլ աշխատակարգային որոշմամբ մերժել է նույն կազմակերպության երկրորդ դիմումը, որով վիճարկվում էր հետեւյալ խնդիրը. ՀՀ դատարանները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը մեկնաբանել են այնպես, որ ոչ հատուկ վարույթով հասարակական կազմակերպությունը կարող է դիմել վարչական դատարան միայն այն դեպքում, երբ անմիջականորեն խախտվել է տվյալ հասարակական կազմակերպության իրավունքը:

Այս դիմումի պատճառաբանական մասը որոշ ձեւակերպումներով գրեթե նույնն էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930