Լրահոս
Օրվա լրահոսը

«Պլան Բ» կա՞ր

Նոյեմբեր 08,2024 12:00

Գոյություն ունի՞ այլընտրանքային տարբերակ, եթե իշխանությունների բռնած զիջողական գիծը ձախողվում է, իսկ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն էլ ստանձնում է Թրամփը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները փոխանակել են սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումները:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորած հանձնաժողովների 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին: Ծանուցումների փոխանակումը նախատեսված էր հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն: «Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ, քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Գրիգորյանը եւ Մուստաֆաեւն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր, ասված է հաղորդագրությունում:

ԱՄՆ-ն անցյալ շաբաթ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։ «Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման», – հոկտեմբերի 31-ին գրել էր նա X սոցիալական ցանցում։

«Արեւմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում», – նույն օրը Մինսկում Եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Օրերս էլ ՌԴ արտգործնախարարը նշել է, թե Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է ռիսկերը: «Ռուսական կողմը վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումների, ինչպես նաեւ տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, կստեղծի լրացուցիչ լարվածություն, հակամարտության հնարավոր սրացում»,- նշել է նա։ Ապա հավելել է. «Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու Վաշինգտոնի եւ Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում»։

Մինչեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները` Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը դրսեւորվում էր ինչպես աշխարհաքաղաքական տարբեր հարցերում, այնպես էլ` Հայաստան-Ադրբեջան խնդիրներին առնչվող դրվագներում: Այդ առճակատումն էլ ավելի էր բարդացրել իրադրությունը: Ռուսաստանը հստակ ցույց էր տալիս, որ չի հանդուրժում Արեւմուտքի ակտիվությունը հատկապես Հայաստանի հետ փոխհարաբերություններում, ավելին` այդ ակտիվությունը համարում է ընդդեմ ռուսական շահերի:

Այս պայմաններում չի նշմարվում հնարավորությունը, որ կարելի կլինի գտնել այնպիսի լուծում, որը փոխընդունելի կլինի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Երբեմն հնչում են կարծիքներ, թե Ադրբեջանում անցկացվելիք COP29 գագաթնաժողովից հետո չի բացառվում, որ Բաքուն դիմի նոր արկածախնդրության` ընդդեմ Հայաստանի:

Իսկ մեր տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող երկրները կարո՞ղ են կանխել այդպիսի զարգացումը… Մենք շատ հաճախ ենք լսել ուժային կենտրոններին «արդարացնող» կարծիքներ, թե Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակն այլ էր, այդ իսկ պատճառով Ալիեւի ագրեսիային ըստ արժանվույն չհակադրվեցին…

Իսկ փորձեր կլինե՞ն կանխելու Ալիեւին, եթե նրան տան «դաբրո» արդեն ընդդեմ Հայաստանի գործելու` «միջանցքի» հարցում ցանկալիին հասնելու նպատակով:

Մի առիթով հայտնի դարձավ, որ 2023թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից առաջ հանդիպել էին ԱՄՆ, ԵՄ եւ ՌԴ դիվանագետները:

Ամերիկյան Politico-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից ուղիղ երկու օր առաջ Միացյալ Նահանգների ու Եվրամիության բարձրաստիճան դիվանագետները ռուսների հետ հրատապ ու գաղտնի հանդիպում են ունեցել՝ հակամարտությունը քննարկելու համար: Բանակցությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում։

Հանդիպման փաստն ավելի ուշ հաստատել էր նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, պնդելով, թե Արեւմուտքն էր այն նախաձեռնել։ «Ես չգիտեմ՝ գաղտնի՞ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ։ Մեզ դիմել են Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, խնդրել են հանդիպում անցկացնել։ Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը», – նշել էր Զախարովան։

2023թ. հոկտեմբերի սկզբներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել էր, որ Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արեւմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց` «ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն»։

Իսկ Politico-ի տեղեկություններով՝ ստամբուլյան հանդիպումը կայացել էր Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու, Բաքվի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում։ Ամերիկյան կողմը ներկայացրել էր Կովկասյան բանակցությունների գծով բանագնաց Լուիս Բոնոն, Եվրամիությունը՝ Հարավային Կովկասի հարցով ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ռուսական կողմից էլ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի գծով հատուկ բանագնաց Իգոր Խովաեւը։ Ի տարբերություն եվրոպացի ու ռուս դիվանագետների, ամերիկյան կողմը պաշտոնապես հաղորդել էր, որ Լուիս Բոնոն այդ օրերին գտնվել է տարածաշրջանում, այցելել Երեւան ու Բաքու, ստամբուլյան եռակողմ հանդիպման մասին, սակայն, պաշտոնական աղբյուրները չէին հայտնել։

«Այս մակարդակի դիվանագիտական փոխգործակցությունը հազվադեպ է», – փաստել էր Politico-ն, հիշեցնելով, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի դիվանագետները չեն գործակցում։

Բրյուսելից եւս հաստատել էին, որ հանդիպել են ռուսաստանցի դիվանագետի հետ՝ չնայած առկա խորը հակասություններին։ Politico-ին տրված գրավոր պարզաբանման մեջ Եվրամիության պաշտոնյան ասել էր. «Բրյուսելի համար կարեւոր է պահպանել հաղորդակցության ուղիները՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: Այլ մանրամասներ եվրոպական կողմը չէր հայտնել, բայց ընդգծել էր, որ Կլաարը նաեւ այլ հարցերում է փորձում կապի մեջ մնալ Մոսկվայի հետ՝ թե՛ Խովաեւի, թե՛ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջոցով:

Իսկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել էր հանդիպումից մանրամասներ հայտնել, «մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները», – Politico-ին ասել էին ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունից։ Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան, որն իրավասու է անանունության սկզբունքով տեղեկություններ հաղորդել, Politico-ին ասել էր, որ Արեւմուտքը ռուսական կողմի հետ քննարկման է գնացել՝ ելնելով այն ըմբռնումից, որ Կրեմլը դեռեւս ազդեցություն ունի տարածաշրջանում: «Մենք պետք է ի վիճակի լինենք աշխատել Ռուսաստանի հետ, որովհետեւ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես որ հիմա շատ անորոշ իրավիճակում ենք գտնվում»,- ասել էր ամերիկացի պաշտոնյան:

Իսկապես 2023թ. սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել էր տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ նորմալացման ու խաղաղության գործընթացը, սպառնալիքներն ու մարտահրավերները։ Բայրամովը պնդել էր, թե` Աղդամի ու Լաչինի ճանապարհները միաժամանակ բացելու պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ, «չի կատարվել հայկական կողմի պատճառով»։ Հայաստանի քայլերը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 2-ի շնորհավորական ուղերձը, որն «Ադրբեջանի տարածքում խրախուսել է անջատողականությունը», լուրջ հարված են հասցնում նորմալացման ու խաղաղության գործընթացին, պնդել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը ջանքեր կգործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը, 2023թ. սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած ուղերձում նշել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտման առջեւ է կանգնած Լաչինի միջանցքի շրջափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով։ «Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները», – նշել էր Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ միջազգային հանրությունը հստակ արձանագրում են, որ հակամարտության համապարփակ ու երկարատեւ կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Հայաստանի վարչապետն այդ օրը նաեւ վստահեցրել էր, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության եւ իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ. «Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, եւ մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու եւ արարելու նրա անօտարելի իրավունքը»:

Փաշինյանի ուղերձից հետո Բաքուն արձագանքել էր: Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ուղերձով Հայաստանի կառավարության ղեկավարը կասկածի տակ էր դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք վճռականորեն քննադատում ենք եւ մերժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. սեպտեմբերի 2-ին հրապարակված ուղերձը, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ [Հայաստանի] ունեցած պահանջների, ինչպես նաեւ Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում անջատողականության խրախուսման հերթական վկայությունն է», – նշել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Այնուհետեւ Արցախի հետ տեղի ունեցավ այն, ինչ աշխարհին հայտնի է:

Ի՞նչ ունենք հիմա… Կոշտ դիմակայությամբ միմյանց ազդեցության դեմ պայքարող Ռուսաստան-Արեւմուտք, Թուրքիա-Ադրբեջան կուռ տանդեմ, որոնք Հայաստան պետության բարգավաճումը, զարգացումը, ամրապնդումն ուղղակի բացառում են եւ Հայաստանի իշխանություն, որը ընտրել է` ամեն ինչ զիջենք, որպեսզի հնարավոր լինի խաղաղություն հաստատել հակառակորդ երկրների հետ քաղաքական գիծը:

Իսկ գոյություն ունի՞ այլընտրանքային տարբերակ, եթե իշխանությունների բռնած զիջողական գիծը ձախողվում է եւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն էլ ստանձնում է Թրամփը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930