Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցիները ողջունում են նախագահ Թրամփի հաղթանակը. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 07,2024 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Ե՛վ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները չորեքշաբթի ողջունել են Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Իսրայելցիները հույս ունեն, որ կստանան ԱՄՆ նոր ղեկավարի աջակցությունը «Համասի», «Հեզբոլլահի» և Իրանի դեմ պայքարում: Պաղեստինցիները սպասում են, որ Թրամփը նոր գաղափարներ կառաջարկի:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհավորած օտարերկրյա առաջին գործիչների թվում էր՝ նշելով ԱՄՆ նորընտիր նախագահի «պատմության ընթացքում ամենամեծ վերադարձը»։ Դիտորդները նկատում են՝ իսրայելցիների մեծ մասը ողջունում է ամերիկյան ընտրությունների արդյունքները:

«Կարծում եմ՝ իսրայելցիների մեծ մասը, հավանաբար, քաջալերված է այն փաստից, որ Դոնալդ Թրամփը հաղթեց այս ընտրություններում: Իսրայելը առանձնանում էր Թրամփի վերընտրման գործում իր հսկայական աջակցությամբ»,- ասում է Haaretz-ի լրագրող Էլիսոն Կապլան Զոմմերը:

Դոնալդ Թրամփի նախագահ եղած չորս տարիներին Իսրայելը գրեթե չի արժանացել Վաշինգտոնի քննադատությանը, և հանրապետական գործչի ընտրողներն ասում են, թե ելնելով նրա նախկին պաշտոնավարումից՝ կասկած չունեն, որ Թրամփը կաջակցի Իսրայելին ամենից լուրջ թշնամու՝ Իրանի դեմ:

«Նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելու առաջին օրը դադարեցրեց Իրանին ֆինանսավորել, և իր պաշտոնավարման ավարտին, ինչպես նշեց Քամալա Հարիսի հետ նախագահական բանավեճի ժամանակ, Իրանը, փաստորեն, սնանկ էր: Նրանք փող չունեին «Հեզբոլլահին», հութիներին, «Համասին», նրանց ահաբեկիչ ենթականերին ֆինանսավորելու համար»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին անդամ Փիթեր Դութչը:

Սակայն կան որոշ մտավախություններ, որ դեմոկրատների օրոք Իսրայելի ստացած նշանակալի ռազմական օգնությունը կարող է շարունակություն չունենալ:

«Թրամփը, անշուշտ, խոսել է այդ մասին իր պաշտոնավարման ժամանակ: Բայց փաստն այն է, որ Iron Dome-ի գծով գնությունը Իսրայելին տրվել է Օբամայի օրոք, իսկ նախորդ մեկ տարում Իսրայելը ստացել է 22 միլիարդ դոլար։ Հիմա ես չեմ կարծում, որ հավանականություն կա, թե Դոնալդ Թրամփի օրոք ամերիկյան վարչակազմն անվճար այդքան գումար կտա, ինչպես ինքն է սիրում ասել»,- ասում է Նյու Յորքում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Ասաֆ Շարիվը:

Որոշ պաղեստինցիներ նույնպես ողջունում են Թրամփի հաղթանակը. Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը վստահ է, որ Թրամփը ջանքեր կգործադրի Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու և պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ:

«Համասի» ներկայացմամբ՝ Իսրայելի հետ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 43 հազար պաղեստինցի է սպանվել: Ամերիկյան ընտրություններից առաջ Գազայում բնակվող պաղեստինցիներն ասում էին, թե նախագահ Ջո Բայդենը հիասթափեցրել է իրենց:

«Բայդենը չորս տարի անցկացրեց և ոչինչ չտրամադրեց Պաղեստինի ժողովրդին։ Նա խոստանում էր «երկու պետությունների» լուծում, բայց, ի վերջո, նման լուծում չկա։ Ամերիկյան ընտրություններից սպասում ենք․․․, եթե Թրամփը հաղթի, թող ողորմա պաղեստինցի ժողովրդին»,- ասում է Գազայի տեղահանված բնակիչ Մուստաֆա Աբու Համադան:

Իր հաղթանակին նվիրված ելույթում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը խոստացել է վերջ դնել բոլոր պատերազմներին, սակայն պարզ չէ, թե ինչ է նա անելու արդեն պատմական դարձած իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930