Հայաստանի` Եվրոպական Միությանը միանալու հարցով ՀՀ քաղաքացիների 60.000 ստորագրության հավաքումից հետո նոր քաղաքական իրավիճակ է ձեւավորվել: Ժողովրդավարական ուժերի հարթակի ներկայացուցիչների հրավիրած համաժողովում այսօր նման կարծիք հայտնեց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Ներքաղաքական իրավիճակ, որը պահանջում է իշխանությունների կողմից պատշաճ արձագանք: Դա նաեւ թելադրվում է այն ընթացակարգով, որը կա օրենքում: Սա քաղաքական գործընթաց է ու պահանջելու է քաղաքական դիրքավորում՝ քաղաքական տրամաբանության մեջ»,- հավելեց Մեհրաբյանը:
Ըստ նրա՝ մինչ իրենք զբաղված էին ստորագրահավաքով, կարեւոր իրողություն է տեղի ունեցել ՀՀ քաղաքացիների գիտակցության մեջ. «Մեր հասարակության 58 տոկոսն անվերապահորեն կողմ են այս օրակարգին: Այդ ամենը, կարելի է ասել, ձեւավորել է շատ հստակ սոցիալական պատվեր, որը չի կարող քաղաքականապես մնալ անտեր: Մանավանդ, երբ կա հստակ հասարակական պահանջ այս օրակարգը սպասարկող քաղաքական ուժերի, շրջանակների կոնսոլիդացիայի մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ