ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-8-ը մասնակցեցին «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր սեղան-երկխոսությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ հանձնաժողովի և Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Կլոր սեղան-երկխոսությունը համախմբել էր անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերին՝ քննարկելու Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների կարգավիճակն ու հետագիծը։
Քննարկումներ ծավալվեցին անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության, հետախուզության ոլորտի կառավարման և վերահսկողության, պաշտպանության ոլորտում պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անվտանգության ոլորտում գենդերային ներառականության, զինվորական անձնակազմի բարեկեցության և հոգեկան առողջության բարելավման, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խթանման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման շուրջ։
Կարդացեք նաև
Ընդգծվեց խորհրդարանական վերահսկողության կարևորությունը ժողովրդավարական պետությունների հավասարակշռված կառավարման գործում։
Պաշտպանության և անվտանգության ոլորտի ինստիտուտների գործունեության վերահսկողության հարցում առանձնակի շեշտվեցին անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և որոնք նույնպես պետք է վերահսկելի լինեն Խորհրդարանի կողմից։
Դա հնարավոր կդառնա առկա գործիքակազմի հարստացման, վերահսկողության իրավական մեխանիզմների ուժեղացման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով։ Նշված գործողությունների ամուր հիմքը պետք է լինի հանրության վստահության ձեռքբերումն ու պահպանումը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով