Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Եթե երկրիդ վարչապետը, արտգործնախարարը եւ մյուս օղակները մշտապես կրկնում են Էրդողանի ու Ալիեւի հայտարարությունները, մեծ պետություններում ինչ փոփոխություն էլ լինի, Հայաստանը էլի կմնա թուրքական դիկտատի ներքո»

Նոյեմբեր 07,2024 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու եւ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ակնկալիքների մասին՝ ասաց. «Թրամփը հունվարի 20-ին կմտնի Սպիտակ տուն: Մեր ժողովուրդը միշտ ինչ-որ ակնկալիքներ է ունենում: Օրինակ, թե Պուտինը Ռուսաստանում կհաղթի՞, թե ոչ, Վրաստանի ընտրություններում ո՞վ կհաղթի, հիմա էլ, թե Միացյալ Նահանգներում Թրա՞մփը կհաղթի, թե մեկ այլ անձ: Այս առումով հիշեցի մեր «Սարոյան եղբայրները» ֆիլմը, որտեղ Եղբայրներից Գեւորգը ասում էր, թե ընկել ենք աշխարհից-աշխարհ, մեծամեծներից խաղաղություն ենք մուրում:

Եթե երկիր չունենք, երկրի ղեկավար չունենք, եթե երկրիդ իշխանությունը զավթել են թուրքերը, եթե երկրիդ վարչապետը, արտգործնախարարը եւ մյուս օղակները մշտապես կրկնում են Էրդողանի ու Ալիեւի հայտարարությունները, մեծ պետություններում ինչ փոփոխություն էլ լինի, Հայաստանը էլի կմնա թուրքական դիկտատի, թուրքական հսկողության ներքո, քանի որ այս իշխանությունը այսօր զավթել է երկիրը եւ կարողանում է տանել թուրքամետ քաղաքականություն:

Բայց Թրամփի հաղթանակով մի բան կարելի է արձանագրել. այն, որ Թրամփը գործնականում իր տված նախընտրական խոստումները որպես կանոն պահում է: Հիշենք՝ առաջին ընտրությունների ժամանակ նա միգրանտների վերաբերյալ բան հայտարարեց եւ պահեց իր խոստումը, ընդհուպ, մինչեւ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել տվեց: Եվ ամենակարեւորներից մեկը. Եվրոպային դրեց փաստի առաջ եւ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները եւս պետք է այդ կազմակերպությանը ֆինանսավորում կատարեն, մի բան, որը եվրոպական շատ երկրների սրտով չէր: Այսինքն, եթե Թրամփը խոստում է տալիս, հիմնականում կատարում է կամ ամեն ինչ անում է դրան հասնելու համար:

Այս նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարում էր, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որ կասեցնի ռուս-ուկրաինական պատերազմը: Բնական է՝ դա Թրամփի ձեռքին չէ: Նա պետք է բանակցություններ վարի Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հետ: Եվ ես հույս ունեմ, որ նրա խաղաղասիրական կոչը կիրականանա: Եվ եթե նա կարողանա ինչ-որ կերպ սանձել նաեւ Իսրայելին, այս դեպքում տարածաշրջանում Հայաստանի վիճակը առավել բարվոք կլինի»,-ասաց գեներալ-մայորը:

Թաթուլ Պետրոսյանը Հայաստանին սպասվող հեռանկարները ուղիղ կապեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության հետ՝ ուղղված Հայաստանին: «Մինչեւ այսօր բոլորս նկատում ենք, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ միասին ինչեր է անում ընդդեմ Ռուսաստանի: Ստեղծում են խմբեր, առանձին դեպքերում ֆինանսավորում են եւ ազգի մեջ խորացնում են հակառուսականությունը: Հասել ենք նրան, որ սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի վարկանիշը որպես դաշնակից պետություն բավականին իջել է: Հիշենք նաեւ, որ այս ազգակործան պատուհասն ինքն էլ էր հայտարարում, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության համար լուրջ վտանգ է ներկայացնում:

Այս առումով ՌԴ արտաքին հետախուզական ծառայության արձանագրությունում հստակ էր, որ Արեւմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ը Հայաստանում քարոզում են հակառուսականություն, անում են ամեն ինչ հակառուսականությունը խորացնելու համար եւ այդ նպատակով օգտագործում են բոլոր միջոցները… Իսկ այդպիսի կազմակերպությունները այսօր, պարզապես, վխտում են: Թրամփի հաղթանակը ցույց է տալիս այս ուժերի խղճուկ վիճակը եւ նրանց լուրջ անհանգստությունը:

Երեկվանից եվրոմանների ոռնոցն է դուրս գալիս: Նրանք սկսել են լուրջ անհանգստություն ապրել, որ Թրամփը կարող է աջակցություն ցույց չտալ այդ ուժերին, ինչպես արվում էր Բայդենի ժամանակ: Շատ հնարավոր է, որ Թրամփը իր խոստումներն իրականացնի, այնքանով, որքանով քարոզարշավում նա միշտ խոսել էր իր երկրի տնտեսությունը հզորացնելու, անվտանգությունը առավել բարձրացնելու մասին: Հետեւաբար, շատ հավանական է, որ հարյուրավոր միլիարդները, բազմատեսակ զենքերը, որ տրվում են Ուկրաինային, գուցեեւ Թրամփի կողմից կասեցվեն: Բնականաբար, այդ պարագայում Եվրոպան միայնակ դա չի կարող շարունակել, ինչը կբերի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության:

Ցավն այն է, որ այս իշխանությունը հակառուսականությունը իր համար դարձրել է արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Եվ ամեն ինչ անում է Ռուսաստանին դուրս մղելով Թուրքիային ներս հրավիրելու ուղղությամբ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930