ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հայտարարված «Մեդիագրագիտության շաբաթվա» շրջանակներում Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին Վանաձորի թիվ 1 դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները՝ դպրոցի թվային գրագիտություն և համակարգչային գիտության ուսուցչուհի Արեգ Միկիչյանի, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ Թամարա Գրիգորյանի ուղեկցությամբ:
Նրանք հանդիպում ունեցան Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետներ Աննա Գասպարյանի և Ալլա Նահապետյանի հետ:
Մարզպետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատուները երեխաներին ներկայացրեցին օրենքներով ամրագրված նրանց իրավունքները՝ տեղեկատվություն ստանալու հարցում, անդրադարձ կատարվեց ժամանակակից աշխարհում մեդիագրագիտության կարևորությանը, սոցիալական ցանցերի օգտագործման առավելություններին, թերություններին և վտանգերին: Նշվեց, որ օրեցօր զարգացող աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաներից և սոցիալական ցանցերից գրագետ օգտվելու հմտություններն անչափ կարևոր են:
Տեսական գիտելիքներն ամրապնդելու համար կազմակերպվեցին մեդիագրագիտության թեսթեր և խաղեր:
Կարդացեք նաև
Հանդիպումը հնարավորություն էր նաև դպրոցականների համար՝ որպես ապագա քաղաքացիներ, ծանոթանալու նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գործունեությանը, քաղաքացիական ծառայողների գործառույթներին:
Մասնագետները պատասխանեցին նաև աշակերտների հարցերին:
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ