Լրահոս
Օրվա լրահոսը

Սվաջյան. Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի քան 6000 հայտ է ներկայացվել

Նոյեմբեր 07,2024 17:47

Նոյեմբերի 9-ից մեկնարկում է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ներկայացնելով նոր փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Արմենպրես գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ ներկայացվել է ավելի քան 6000 հայտ:

35 քննական կենտրոն. էլեկտրոնային համակարգը փորձարկվել է

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ այլ պայմաններով: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար  հայտագրվել են 5620 աշխատող ուսուցիչ և 572 չաշխատող անձինք, որոնց մեջ ներառված են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները:

«Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս այս տարի պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը, ինչը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ: Հերթական  ատեստավորման շրջանակում 607 ուսուցիչների կարիքի գնահատմամբ նշվել է առարկայական գիտելիքի իմացության անհրաժեշտություն, հետևաբար այս խմբի ուսուցիչների համար  ևս կամավոր ատեստավորման շրջանակում գիտելիքի ստուգում է կատարվելու: Էլեկտրոնային համակարգը պատրաստ է. ուսուցիչներին նաև փորձարկման հնարավորություն էր ընձեռվել: Հուսով եմ՝ ուսուցիչներն արդեն փորձարկել ու ծանոթացել են և կգրանցեն դրական արդյունքներ»,- ասել է Արաքսիա Սվաջյան:

Քննական կենտրոնների մասնագետները տեխնիկական հարցերում կաջակցեն ուսուցիչներին

Նրա խոսքով՝ համակարգը բավական պարզ կառուցվածք ունի. պարզապես պետք է ընտրել ճիշտ պատասխանը, որոշ դեպքերում էլ՝ թվային տվյալներ լրացնել: «Ուսուցիչներից բարդ տեխնիկական հմտություններ չի պահանջվում: Քննական կենտրոններում կլինեն նաև մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն կտրամադրեն ուսուցիչներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու հիշեցրել՝ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:

Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին:

Էլեկտրոնային ատեստավորման դրական կողմերի մասին

Անդրադառնալով նախապատվությունն էլեկտրոնային ձևաչափին տալուն՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն առաջին հերթին հնարավորություն կտա ժամանակ տնտեսել, խուսափել հնարավոր սխալներից: Ընդ որում՝ «պահպանել» կոճակը սեղմելուց հետո ուսուցիչները ցանկացած պահի կարող են վերադառնալ և խմբագրել իրենց լրացրած պատասխանը: Թեստը համարվում է ամփոփված միայն «ամփոփել» կոճակը սեղմելուց հետո: Էլեկտրոնային ձևաչափը հնարավորություն է տալու նաև անմիջապես տեղում տեսնելու, թե ուսուցիչը քանի տոկոս արդյունք է գրանցել:

Արաքսիա Սվաջյանը վստահություն է հայտնել՝ թվային ձևաչափի միջոցով գործընթացն ավելի դյուրին կընթանա, և ավելորդ լարվածություն չի առաջացնի ուսուցիչների շրջանում: Նրա փոխանցմամբ՝ ծրագրի դեմո տարբերակը շուրջ 6000 մուտք է ունեցել:

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության մասին

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն նաև ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորման գործընթացների հետ:

«Առանձնացվել են կամավոր և հերթական ատեստավորման կարգավորումները: Օրենքում հստակ սահմանվել է, որ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցում են իրենց ցանկության պարագայում, ինչպես նաև այն դեպքում, եթե նախորդ տարի չեն հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նաև տեղեկացրել՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն այս տարվանից առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մասնավոր դպրոցներից ստացված առաջարկի հիման վրա առանձին կետ է ավելացվել առ այն, որ ոչ պետական դպրոցների ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը իրականացվի փոքր-ինչ այլ եղանակով: Մասնավորապես՝ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցներին հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնի կողմից համապատասխան հաստատումից հետո ուսուցիչների մասնագիտական զարգացման սեփական ծրագրեր ներդնելու:

30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու մասին

Արաքսիա Սվաջյանը նաև անդրադարձել է  բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող մասնագետներին, որոնք մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պարագայում դպրոցներում աշխատելու հնարավորություն են ստանում: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, մասնավորապես` կապված այն հարցի հետ, թե տվյալ առարկայի դասավանդման համար բուհական որ մասնագիտությունները կարող են համարվել ոլորտային մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է կատարվի կրեդիտների հաշվարկը և այլն: Նրա տեղեկացմամբ՝ օրենքի լիազորող նորմը հնարավորություն կտա ենթաօրենսդրական ակտերի միջոցով կարգավորելու վերոնշյալ խնդիրները:

Որոշ դեպքերում դպրոցի տնօրենը կնշանակվի փորձաշրջանով

Ներկայացնելով օրենքում արված մյուս փոփոխությունները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ դրանք հիմնականում վերաբերում են դպրոցների կառավարմանը, մասնավորապես՝ տնօրենների նշանակման գործընթացի կարգավորմանը: Օրինակ՝ եթե տնօրենն անցնում է հավաստագրում, ապա այն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իսկ նոր հավաստագրի առկայությունը պարտադիր է միայն այն դեպքում, եթե տնօրենը նոր մրցույթի է դիմում կամ պաշտոնավարման ընթացքում առկա է ընդհատում:

Նա նաև տեղեկացրել է՝ որոշ դեպքերում դպրոցի տնօրենն աշխատանքի կընդունվի մեկ տարի փորձաշրջանով: Սա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ տնօրենի թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը դրական եզրակացություն է ստանում, սակայն վերջինս քննության փուլը չի հաղթահարում սահմանային մեկ-երկու միավորով:

Բացի այդ՝ ըստ անհրաժեշտության, դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրման նպատակով կկիրառվի գործուղման մոդել, ինչը հնարավորություն կտա ավելի փորձառու մասնագետների ներգրավել դպրոցների կառավարման օղակում:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության մասին

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններից մեկը վերաբերում է  նախադպրոցական չափորոշչի ներդրման ընթացքում առաջ եկած կարգավորումներին: Ինչպես դպրոցներում, այնպես էլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում այս տարի ներդրվել է մենթոր մանկապարտեզների համակարգը, որը կոչված է օգնելու նախադպրոցական չափորոշչի ներդրմանը:

Անդրադառնալով նախադպրոցական հաստատությունների լիզենզավորմանը՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ օրենքում արդեն հստակ սահմանվել է, թե որոնք են այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունը և նախադպրոցական կրթական ծառայությունը: Առաջարկվում է ամրագրել, որ նախադպրոցական ծառայություններ կարող են մատուցել միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերությունները:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողների և տնօրենների վերապատրաստման գործընթացին: Ըստ այդմ՝ դաստիարակի օգնականը ևս պետք է վերապատրաստվի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ նախադպրոցական բազմաթիվ հաստատություններում և հատկապես գյուղական բնակավայրերում մանկավարժների հաստիքների համալրման հետ կապված խնդիրներ են առաջանում: Այդ իսկ պատճառով նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը: Սահմանվել է մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու 20 կրեդիտ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930